«Սասնա ծռեր»-ի երկու գործերը պետք է միավորվեն. պաշտպան

Jun 19, 2017 Comments Off on «Սասնա ծռեր»-ի երկու գործերը պետք է միավորվեն. պաշտպան

Սասնա ծռերի դեմ հարուցված երկու գործերը նույն՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին մակագրելը փաստաբանները պատահականություն չեն համարում:

«Կոնկրետ այս դեպքում անկհայտ էր, որ դա համակարգչի գործ չէր: Միանշանակ մարդկային գործոն կար, միջամտություն կար»,«Ա1+»-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Իսկ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ ավելացնում է. «Լավ էլ պատահականության արդյունք չէ, քանի որ 14 հոգու գործն այսպես ասած մակագրված է մի դատավորի, ենթադրվում էր, որ երկրորդն էլ նույն դատավորին պետք է մակագրվեր»: Լիպարիտ Սիմոնյանը համոզված է, որ այս գործերը պետք է միավորվեն ու քննվեն մեկ վարույթում, քանի որ վերաբերում են նույն իրադարձությանը: «Նույն տուժողը երկու անգամ հարցաքննվելու է, նույն վկան երկու անգամ հարցաքննվելու է եւ 14 հոգու նկատմամբ կայացված դատական ակտը ըստ էության ազդելու է մյուս 18-ի վերաբերյալ կայացվելիք դատական ակտի վրա»: «Սասնա ծռերի» 14 անդամի գործով առաջին դատական նիստը տեղի ունեցավ հունիսի 8-ին։ Սակայն չմեկնարկած՝ դատավորը այն հետաձգեց, քանի որ դահլիճում աղմուկ էր։

«Ակնհայտ էր, որ դատավորը դատական նիստն որպես այդպիսին չբացեց, թեեւ որքանով հասկացանք հետագայում նիստն ավարտել էր, այսինքն չբացած ավարտել էր»,- հիշում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Սասնա ծռերի 14 անդամների գործով առաջին դատական նիստը տեղի էր ունենում փոքր դահլիճում, նույնիսկ պաշտպաններին ներս չէին թողել՝ պատճառաբանելով, որ տեղ չկա: Պաշտպանները հայտարարեցին՝ դահլիճում բացակայում են ամենատարրական պայմանները 14 անձի գործ քննելու համար: Հենց այդ էր դարձել աղմուկի պատճառը։ Հաջորդ նիստն արդեն կկայանա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում ։

Հայտարարությունից 7 օր անց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է արտագնա կարգով դատական նիստն անցկացնել այլ դատարանում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: