Վիրավորված զինծառայողի աչքերի վիճակը ծանր է. պրոֆեսոր Մալայան

Jun 19, 2017 Comments Off on Վիրավորված զինծառայողի աչքերի վիճակը ծանր է. պրոֆեսոր Մալայան

Արցախից Երևան տեղափոխված վիրավոր զինծառայող Մյասնիկ Մարտունի Հովհաննիսյանի աչքերի վիճակը ծանր է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը:

Զինվորի առողջական վիճակի հետագա զարգացումների մասին պրոֆեսոր Մալայանը դժվարացավ որեէ բան ասել. «Ներկա դրությամբ զինվորի տեսողությունը վնասված է: Հետագայում խնդիրներ կլինեն, բայց թե ինչպիսի՝ այս պահին դժվար է ասել»,- նշեց նա:

Նշենք, որ հունիսի 16-ին՝ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ էին ստացել երկու զինվորն: Նրանք Արցախից Երևան էին տեղափոխվել հունիսի 17-ին:

Այս պահին զինվորներից մեկը գտնվում է «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում, իսկ մյուսը՝ Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Հիշեցնենք նաև՝ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հունիսի 17-ին առավոտյան ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: 

Սոնա Հարությունյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: