Անձնական շահերի բախումը,  հովանավորչությունը և անբարեխիղճ մրցակցությունը ներդրումների խոչընդոտ. ՀԲ

Jun 19, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանում 2014-2016 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքն ուղղվել է հիմնականում այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի և կոմունիկացիաների ոլորտներ: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի համակարգված գնահատում» զեկույցում: Օտարերկրյա ուղղակի ներդրումների 50 տոկոսը հենց այս ոլորտներ է ուղղվել: Ըստ զեկույցի՝ ներդրումների 23 տոկոսը կատարվել է ֆինանսական ծառայությունների, 11 տոկոսը՝ փոխադրումների, 7 տոկոսը՝ պարենամթերքի և ծխախոտի, 6 տոկոսը՝ ՏՏ ծառայությունների ոլորտներում: Արտահանման կազմում ամենամեծ ծավալն ունեն հետևյալ ոլորտները՝ զբոսաշրջություն (62 տոկոս), շինարարությունը (11 տոկոս), փոխադրումները (11 տոկոս) և համակարգչային և ՏՀՏ ծառայությունները (11 տոկոս):  Վերջին տարիների միտումները. Ուղևորությունները խիստ դինամիկ են, (տուրիզմ): Իսկ ՏՀՏ ենթաոլորտը նույնքան արագ չի աճել, սակայն նույնպես ընդլայնվում է:

Գինու խաղողը, որը հանդիսանում է Հայաստանի՝ միջազգային ճանաչում ունեցող գինիների և ալկոհոլային խմիչքների հումք, աճեցվում է ընդամենը 10,000 հեկտար տարածքի վրա, որը կազմում է Հայաստանի մշակվող հողատարածքների ընդամենը 3 տոկոսը: Իսկ  ծխախոտն արտադրվում է ներկրված հումքից:

Հեռանկարի համար, ՀԲ մասնագետները մատնանշել են մի քանի ուղղություն, որոնք կարող են հեռանկարային լինել. « Հագուստեղենի ու կոշկեղենի վերջնական և միջանկյալ արտադրանք արտադրող ընկերությունները կարողացել են ինտեգրվել միջազգային արտադրական ցանցերին: ՏՀՏ ոլորտը, որտեղ հայկական ընկերություններն ընդլայնվել են վերջին տաս տարիներին, մեծացել է կապերը գլոբալ մատակարար կազմակերպությունների և պատվիրատուների հետ: Բժշկական զբոսաշրջությունը կարող է խոստումնալից ճյուղ լինել, կարող է օգնել, որպեսզի Հայաստանի արտահանման զամբյուղը մոտենա առավել գիտելիքահեն մակարդակի»,- նշվում է զեկույցում:

Բավարար չի գնահատվում նաև Հայաստանի ջանքերը՝ ուղղված ներդրումներ ներգրավմանը. «Աշխարհում ապրում է 9-11 միլիոն հայկական ծագում ունեցող մարդ: Լիարժեք օգտագործված չէ սփյուռքի ներուժը՝ ի աջակցություն միջազգային առևտրի ծավալների, ներդրումային հոսքերի ավելացման, գիտելիքի փոխանցման և նորարարության: Ողջ աշխարհում որևէ երկրի սփյուռքի մեծությունը փոխկապակցված է առևտրի և ներդրումների հետ: Հայաստանում թույլ է կապը միգրանտների գտնվելու վայրի, առևտրի և օտարերկրյա ուղղակի ներդրումների միջև»,- նշվում է զեկույցում:

ՀԲ մասնագետները խնդիրներ են բացահայտել նաև գործարար ու ներդրումային միջավայրի հետ կապված: Եվրոպական և Կենտրոնական Ասիայի այլ երկրների համեմատ, ներդրողները Հայաստանում մեծ ռիսկերի են հանդիպում. «Ենթադրյալ ռիսկերը կապված են անձնական շահերի և հովանավորչության և անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հետ»,- նշվում է  զեկույցում:

Մրցակցային շուկայի բացակայությունն արտադրական միջոցներ ապահովող ոլորտներում՝ երկաթգիծ, կոմունալ ծառայություններ, ինտերնետային կապ, լրացուցիչ ծախսեր է առաջացնում Հայաստանում գործող ընկերությունների համար և նվազեցնում է նրանց մրցունակությունը: Գնումների գործընթացում մրցակցության և պետական օժանդակության թափանցիկության պակաս կա:

Ըստ Զեկույցի՝ մասնավոր ընկերությունները կաշկանդված են շուկաներ մուտք գործելու և աճելու ունակության առումով: Նոր ընկերությունների՝ մուտքի տեմպի աճը դանդաղ է: Փոքր ընկերությունները դժվարությունների են հանդիպում մեծանալու առումով, ինչը վկայում է մուտքի զգալի խոչընդոտների առկայության մասին:

Զեկույցի հեղինակները շուկայի՝ հատկապես արտաքին շուկաների ընդլայնման համար խնդիր են դիտարկում նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

« Թեև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին անմիջական օգուտներ բերեց, սակայն նաև ավելացրեց բյուրոկրատական բեռը՝ Միությունից դուրս առևտրի իրականացման մասով: ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների հետ արտոնյալ պայմաններով առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցելու Հայաստանի հնարավորությունները»,- նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ ԵԱՏՄ այլ անդամ երկրների համեմատ Հայաստանի ներդրումային միջավայրն ավելի գրավիչ է:

Ֆինանսավորման հասանելիությունը շարունակում է հանդիսանալ աճին և մասնավոր հատվածի զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր գործոնը: Մասնավոր ընկերությունների ընդամենը 3 տոկոսն է նշել, որ ֆինանսական միջոցների հասանելիությունը խնդիր չէ 2013թ.-ին՝ ԵԿԱ երկրների 49 տոկոս միջինի համեմատ: Շեղվածություն է նկատվում ի նպաստ խոշոր ընկերությունների (նրանց 75 տոկոսը նշել է, որ ունեն բանկային վարկեր՝ ի տարբերություն փոքր ընկերությունների, որոնց ընդամենը 31 տոկոսն ունի բանկային վարկեր), որոնք կենտրոնացած են Երևանում:

ՀԲ մասնագետները Հայաստանի կառավարությանն առաջարկում են աջակցել մասնավոր ընկերությունների մուտքին, աճին և ելքին՝ հետևյալ եղանակներով: Նախ պետք է շտկել ներդրումների միջավայրի մասով իրավակարգավորման և իրականացման դաշտում առկա բացերը և հզորացնել իրավակարգավորումների փաստական, խորհրդակցական և ինստիտուցիոնալ բազան: Պետք է ամրապնդել մրցակցային օրենսդրության արդյունավետությունը՝ կարգավորման ազդեցության գնահատման մեջ ներառելով: Պետք է ներդնել իրական հետաքննչական լիազորություններ, ճշգրտել տուգանքների մակարդակը, հաշվառել մեկ միասնական վերահսկողության ներքո գործող առանձին ընկերություններին, ապահովել մրցակցային չեզոքություն, հզորացնել շահերի բախման շրջանակը և հետամուտ լինել առանձին դեպքերի: գործարար միջավայրը բարելավվել է, սակայն իրականացումը հետ է մնում:

Ուշագրավ դիտարկում է արված նաև կրթվածության անհամապատասխան բարձր աստիճանի վերաբերյալ: Զեկույցում նշվում է, որ չափազանց կրթվածությունը ավելի տարածված է, քան ոչ բավարար կրթվածությունը,  ինչը բնորոշ է անցումային տնտեսություններին: Իրենց կրթվածության անհամապատասխան բարձր աստիճանի մասին ավելի շատ նշել են ավելի տարիքով աշխատողները: Խորհրդային շրջանում ստացած որակավորումներն արդեն երևի թե ժամանակավրեպ են:  Ավելի երիտասարդ աշխատողների մոտ ևս արձանագրվել է կրթվածության անհամապատասխան բարձր աստիճան: Սա վկայում է այն մասին, որ կրթական համակարգերը, հնարավոր է, համաքայլ չեն զարգացող տնտեսության հետ, չեն զինում երիտասարդներին բավարար հմտություններով և չեն տալիս կրթության այնպիսի որակ, որն անհրաժեշտ է աշխատաշուկային:

Արման Վարդանյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Անձնական շահերի բախումը,  հովանավորչությունը և անբարեխիղճ մրցակցությունը ներդրումների խոչընդոտ. ՀԲ”

Մեկնաբանել