Ո՞րն է լինելու հայկական կողմի «թիրախային և անհամարժեք» պատասխանը

Jun 20, 2017 Չի մեկնաբանվել

Առաջնագծում կատարվող իրադարձությունները երեկվանից հայկական կողմի ունեցած զոհերի մասին տեղեկությունները չափազանց մտահոգիչ են: Առավոտյան Արցախի Հանրապետության պաշտպանական բանակը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո` այսօր առավոտյան,ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը,կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք»:

Իսկ մինչ այդ՝ հունիսի 16-ին, Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 3 զինծառայողներ:Ըստ հայկական ԶԼՄ-ների տվյալների ՝ հենց այդ ժամանակ վիրավորվել են նաև երկու ժամկետային զինծառայողներ, ովքեր տեղափոխվել են Երևան: Իր հերթին ադրբեջանական կողմը նույնպես հայտնել էր մեկ զոհի մասին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության ՝ հրաձգությունը կատարվել է ժամը 18։00-ի սահմաններում: Մյուս սադրանքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, որին հայկական կողմը սպառնալից է պատասխանել՝ «թիրախային և անհամարժեք»: Թե ինչ է նշանակում թիրախային և անհամարժեք,պատասխանը, թերևս ռազմական գործի մասնագետների իմանալիքն է, և այս հարցով մասնագիտական քննարկումները թերևս անշնորհակալ աշխատանք են:

Հայտնի է, որ Ադրբեջանը հունիսի 19-ին լայնամասշտաբ զորավարժություն է սկսելու, որին մասնակցելու են 20 հազարից ավելի զինծառայողներ և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում օդուժ:

Զորավարժությունների ժամանակ, որպես կանոն, լարվածությունը մեծանում է, լինում են սադրիչ գործողություններ և զոհեր: Սահմանին կատարվածի առնչությամբ կան տարբեր վարկածներ՝ սկսած նրանից, որ մեր զինծառայողներրը զոհվել են դիպուկահարների կրակոցից, վերջացրած նրանով, որ հարձակում է եղել դիրքերի վրա:

Սակայն  եթե մերոնք խոսում են «թիրախային և անհամարժեք» պատասխանից, կնշանակի կա՛մ հակառակորդի սադրիչ քայլը նույնպես այդ համատեքստում է եղել, կա՛մ էլ հայտարարությունն արվել է արտաքին և ներիքն լսարանի համար՝ տակտիկական նկատառումներով:«Անհամարժեք» բառն այստեղ վստահաբար կիրառվել է այն իմաստով, որ պատասխանը ավելի ուժգին է լինելու, քան հարվածը: Բայց սովորաբար ռազմական գործողությունից առաջ նրա բնույթի մասին չի խոսվում, բայց եթե այս անգամ որոշվել է նման հայտարարություն անել, կնշանակի գործ ունենք արտառոց իրավիճակի հետ:

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ո՞րն է լինելու հայկական կողմի «թիրախային և անհամարժեք» պատասխանը”

Մեկնաբանել