Երևանի քաղաքապետի, տեղակալների և աշխատողների աշխատավարձերը չեն բարձրանա. ով ինչքան կստանա

Jun 15, 2017 Comments Off on Երևանի քաղաքապետի, տեղակալների և աշխատողների աշխատավարձերը չեն բարձրանա. ով ինչքան կստանա

Երևանի նորընտիր ավագանին 2017 թվականի հունիսի 16-ին` ժամը 11.00-ին, կգումարվի արտահերթ նիuտ՝ կատարելու համար քաղաքապետի տեղակալների նշանակումները, ինչպես նաև հաստատելու Երևան քաղաքի բյուջեն, աշխատակազմի և հաստիքացուցակների կառուցվածքը: Ըստ այդմ՝ Երևանի ավագանուն առաջարկվելու է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել այս պաշտոնում հավերժական գրանցում ունեցող Կամո Արեյանին, ով, ի դեպ նաև Երևան քաղաքի ավագանու անդամ է: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետի բացակայության ժամանակ նա փոխարինում է քաղաքապետին, նրա փոխարեն վարում ավագանու նիստերը: Բացի առաջին տեղակալից՝ Տարոն Մարգարյանը կունենա 3 այլ տեղակալներ ևս. ինչպես նախկինում, այս անգամ ևս քաղաքապետի տեղակալների պաշտոններում առաջարկվում է նշանակել Վահե Նիկոյանին, Դավիթ Օհանյանին և Արամ Սուքիասյանին:

Ըստ առաջարկվող կառուցվածքի՝ Երևանի քաղաքապետարանը կունենա 22 վարչություն, 9 բաժին, քարտուղարություն, ինչպես նաև 12 վարչական շրջան՝ իրենց ղեկավարներով և աշխատակազմերով:

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա դրանք չեն փոխվել՝ բարձրացում չի նախատեսվում. ամենաբարձրը Երևանի քաղաքապետի աշխատավարձն է՝ 575 հազար դրամ, առաջին տեղակալինը՝ 478 հազար դրամ, տեղակալներինը և գլխավոր ճարտարապետինը՝ 443 հազար դրամ, քաղաքապետի գլխավոր խորհրդականի հաստիքը կազմում է 370 հազար դրամ, իսկ 7 խորհրդականները և գլխավոր դիզայները կստանան 358 հազարական դրամ: Քաղաքապետի 5 օգնականների և մամուլի քարտուղարի աշխատավարձը կկազմի 298 հազարական դրամ, գործավարներինը՝ 261 հազարական դրամ, իսկ քաղաքապետի տեղակալների օգնականները համապատասխանաբար 250 հազարական դրամ: Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ, տեղակալներինը՝ 346 հազար դրամ:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատավարձը 382 հազար դրամ է, վարչության պետինը՝ 346 հազար դրամ, վարչության պետի տեղակալներինը՝ 322 հազար դրամ, բաժնի պետերինը՝ 291 հազար դրամ, գլխավոր մասնագետներինը՝ 225-250 հազար դրամ, առաջատար մասնագետներինը՝ 219-225 հազար դրամ, իսկ առաջին կարգի մասնագետներինը՝ 207 հազար դրամ: Վարչական շրջաններում աշխատող համայնքային ծառայողների վարձատրությունը ևս կատարվում է նշված հաստիքացուցակով: Նշված աշխատավարձերը համարվում են հաշվարկային աշխատավարձեր, որոնցից հարկային պահումներ են ենթադրվում:

Երևանի քաղաքապետարանի վարչությունների և բաժինների կառուցվածքը որոշակի փոխություններ է կրել: Նոր կառուցվածքում առաջարկվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակի թվի պահպանմամբ իրականացնել կառուցվածքային հետևյալ փոփոխությունները. – իրավաբանական վարչության և անշարժ գույքի կառավարման վարչության հաստիքային միավորների հաշվին ստեղծել նոր, առանձնացված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին, – մշակույթի վարչության կազմում գտնվող տուրիզմի բաժնի հիման վրա կազմավորել տուրիզմի առանձնացված բաժին, – սպորտի և երիտասարդության հարցերի բաժնից առանձնացնել և կազմավորել երիտասարդության հարցերի առանձնացված բաժին, – սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետի հաստիքը փոխարինվել է գլխավոր մասնագետ – սոցիալական աշխատող հաստիքով:  Արդյունքում ստացվում է  հետևյալ պատկերը.

  1. Վարչություններ՝

1) Անշարժ գույքի կառավարման վարչություն

2) Առողջապահության վարչություն

3) Առևտրի և սպասարկումների վարչություն

4) Արտաքին կապերի վարչություն

5) Արտաքին ձևավորման և գովազդի վարչություն

6) Բնապահպանության վարչություն

7) Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն

8) Իրավաբանական վարչություն

9) Հանրակրթության վարչություն

10) Կոմունալ տնտեսության վարչություն

11) Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն

12) Շինարարության և բարեկարգման վարչություն

13) Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն

14) Սոցիալական ապահովության վարչություն

15) Վերահսկողության վարչություն

16) Տրանսպորտի վարչություն

17) Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

18) Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն

19) Ֆինանսական վարչություն

20) Մշակույթի վարչություն

21) Գնումների վարչություն

22) Կազմակերպական վարչություն

  1. Քարտուղարություն
  2. Բաժիններ՝

1) Առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժին

2) Անձնակազմի կառավարման բաժին

3) Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

4) Սպորտի բաժին

5) Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին

6) Ներքին աուդիտի բաժին

7) Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին

8) Տուրիզմի բաժին

9) Երիտասարդության հարցերի բաժին:

Քաղաքային ենթակայության հիմնարկներ են համարվում նաև հասարակական կարգի պահպանության ծառայությունը, սոցիալական աջակցության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները:

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: