Ասեց ու արեց

Jun 15, 2017 Comments Off on Ասեց ու արեց

Հայաստանի վարչապետի բիզնես մտածողության և մենջերական պրոֆեսիոնալիզմի իրողությունը այնքան ակնհայտ է, որ չարժի անգամ դա վիճարկել:

Ընդամենեը մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ խիստ տոնով դժգոհեց Զվարթնոց օդանավակայանում աշխատող տաքսիստների մասին, ասելով, որ նրանք անթրաշ, բաղնիքի չստերով ներկայանում են հաճախորդին, աներևակայելի թանկ գնով սպասարկում  և խայտառակում են երկիրը, ինչը անթույլատրելի է:

Եվ ահա վարչապետի  հանձնարարականից ընդամենը մեկ շաբաթ անց գործարկվեց ավտոբուսային նոր  գիծ ՝ «Երևան՝ հանարապետության  հրապարակ-օդանավակայան»:

Կապի և տրնասպորտի նախարարության տեղեկացմամբ՝ հունիսի 14-ին,  առավոտյան` ժամը 10:00-ից սկսեց գործել Երևան – «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին:Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղևորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն են եղել:« ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝  Երևան – «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից`  գծանշումներով  առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում կառավարության և վարչապետի հանձնարարականները հազվադեպ են այսքան օպերատիվ  կատարվում : Որպես կանոն շատ արագ լուծում են ստանում միայն այն հարցերը, որոնք այս կամ այն կերպ եկամուտ են ապահովում որևէ բարձր պաշտոնյայի : Վստահաբար հրապարկից օդանավակայան գնացող նորաբաց ավտոբուսային գիծը ևս հենց այդ դեպքն է : Բայց դա ամենևին չի նշանակում, թե այն ինչ արվել է, լավ բան չէ և այդ գիծը չպիտի բացվեր միայն այն բանի համար, որ այն եկամուտ է ապահովում վարչապետի կամ կապի և տրանսպորտի նախարարի մերձավորների համար, ովքեր գուցե կանգնած են նորաբաց գծի թիկունքում : Բոլորս ենք հասկանում, սովորական դեպքերում այսքան արագ չէր տրվի թույլտվություն, բացի այդ նման դեպքերում երթուղային գծի սպասարկման համար մրցույթ հայտարարելը  պարտադիր պահանջ է : Ակնհայտ է, որ այս ընթացկարգը չի պահվել : Սա, անշուշտ, քննարկման շատ կարևոր  խնդիր է և հարկատուների հաշվին ապրող Տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովը պարտավոր է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել խնդիրը և բացահայտել, թե որքանով է տուժել առողջ մրցակցությունը :

Բայց, որ հրապարակից-օդանավակայան ավտոբուսային գիծ ունենալը ողջունելի նախաձեռնություն է, որը  առաջին հերթին կթեթևացնի մեր քաղաքացիների և երկիր այցելողների հոգսը, կարծում ենք անվիճելի է :

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: