Եթե հորդառատ անձրևը մի քիչ ավելի երկարատև լիներ, Երևանի մեկ քառորդը ջրի տակ կանցներ. մասնագետ

Jun 15, 2017 Comments Off on Եթե հորդառատ անձրևը մի քիչ ավելի երկարատև լիներ, Երևանի մեկ քառորդը ջրի տակ կանցներ. մասնագետ

 

Եթե հունիսի 12-ին Երևանում տեղացած հորդառատ անձրևը մի քիչ ավելի երկարատև լիներ և տեղար սարերում, ապա Երևանում մենք ականատես կլինեինք 1946 թվականի ջրհեղեղի կրկնությանը, և մայրաքաղաքի մեկ քառորդը ջրի տակ կանցներ: Hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի նախկին գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանը: Նրա խոսքով՝ նման աղետ Երևանը 3 անգամ տեսել է. «1946-47թվականերին և 1953 թվականին, երբ ջրհեղեղը քշեց տարավ Երևանի տներն ու կառույցները։ 1953 թվականից հետո նախագիծ արվեց, ու Ավան-Առինջում կառուցվեց պատվար, ջրի կուտակման վայր և ջրատար, որը ապահովում էր կուտակված անձրևաջրի տեղափոխումը դեպի Հրազդան գետ: Դրա նպատակն այն էր, որ ձնհալի ու առատ անձրևի ժամանակ ամբողջ ջուրը միանգամից չմտնի Երևան, այլ կուտակվի ջրամբարում, իսկ հետո ջրատարով մաս-մաս տեղափոխվի Հրազդան: Սակայն այս պահին այդ պատվարը քանդված է, նախկին ջրամբարը, որը արհեստական լճակ էր դարձել, նույնպես գոյություն չունի: Լճակի տեղում ինչ-որ մարդիկ վերջին տարիներին մասնավոր տներ են կառուցել՝ առանց հասկանալու, որ անձրևի ժամանակ իրենց տները անցնելու են ջրի տակ: Բացի այդ՝ չի գործում նաև ջրատարը, դրա մի մասը քանդված է, և տեղում ինչ-որ մասնավոր կառույցներ են հայտնվել: Անհրաժեշտ է օր առաջ վերականգնել այդ պատվարը և ամբողջությամբ կարգի բերել ջրատարը, այլապես մենք մի օր անպայման ականատես կլինենք ջրհեղեղի, և դրանից մեզ ոչ ոք չի փրկի,  վտանգը շարունակվում է մեր գլխին կախված մնալ»,- նշում է մասնագետը:

Նրա խոսքով՝ ինքը խնդիրը տարիներ շարունակ հետղևողականորեն բարձրացրել է նախկին վարչապետին. «Տիգրան Սարգսյանին այս մասին անձամբ եմ ասել, ԱԻՆ նախարարի և Երևանի քաղաքապետի մոտ բազմիցս հարցը բարձրացրել եմ, գրավոր մի քանի անգամ զեկուցագիր եմ գրել: ԱԻ նախկին նախարարի հետ անձամբ եմ գնացել տեղանք, ուսումնասիրել: Բոլորը խնդիրը հասկանում են, գիտակցում են դրա լրջությունը, բայց որևէ մեկը որևէ քայլ չձեռնարկեց լուծման համար։ Ասում են՝ միջոցներ չկան, հնարավորություն չկա: Բայց ջրհեղեն ու անձրևը հնարավորություններին ու ռեսուրսներին չեն նայում»:

Ինչպես շեշտեց մասնագետը, վերջին տարիներին անձրևների հաճախականությունը, եղանակային կտրուկ փոփոխությունները մեծացել են՝ պայմանավորված կլիմայի գլոբալ փոփոխությամբ։ Իսկ այդ փոփոխության պարագայում ամեն ինչ կարելի է սպասել, ավելի շատ տեղումներ կարող են լինել, ավելի մեծ ջրհեղեղներ. «Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ, բայց Երևանի գլխին այդ փորձանքը մի օր անպայման գալու է»։

Արման Վարդանյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: