Սփյուռքահայ Հակոբ Տերյանը բարձրաձայնում է՝   հայրենիքում ներդրումների գլխավոր գրավականը վստահությունն է

Jun 08, 2017 Comments Off on Սփյուռքահայ Հակոբ Տերյանը բարձրաձայնում է՝   հայրենիքում ներդրումների գլխավոր գրավականը վստահությունն է

 

 

Նյույորքաբնակ ամուսիններ Հակոբ և Նեկտար Տերյանները հերթական արձակուրդն են ացկացնում Հայաստանում: Նրանց հետ մեր նախորդ հանդիպումը չորս տարի առաջ էր, ու այդ օրվանից առ այսօր պարոն Հակոբի մտահոգությունները՝ հայրենիքում հայոց լեզվի պահպանման հետ կապված, ոչ միայն չեն փարատվել, այլ հակառակը՝ խորացել են: Ամենուր օտարալեզու բառեր, ոչ հայերեն անուններ և արտահայտություններ, որոնցով հեղեղված են փողոցները, հեռուստաեթերը, համացանցի հայկական տիրույթը: Գոնե հայրենիքում մաքրամաքուր հայերենի հետ առնչվելու պարոն Հակոբի անհագ փափագը նրան դրդել է Սփյուքի և Հայաստանի մամուլում հանդես գալ հրապարակոխսություններով: Նա նամակներով դիմել է Հայաստանի նախկին բոլոր կրթության և գիտության նախարարներին: Պատասխաններ ստացել է, որոնցից երևում է, որ  պետական մարմինը, ընդունելով հանդերձ նրա մտահոգությույնը, փաստացի չի կարողանում իրավիճակը բարելավել. «Եթե ես հայրենիքում մաքրամաքուր հայերենը գոնե 50 տոկոսով տեսնեի, այսչափ չէի վրդովվի, մի քիչ բավականություն կստանայի, որ մի բան փոխվել է»,- ասում է նա:

Ձեզ մոտ տպավորություն չի՞ ստեղծվում, որ Հայաստանի հասարակությունը մաքրամաքուր հայերենի խնդիրը այդքան կտրուկ չի դնում:

Գիտե՞ք՝ ես հաճախ կզարմանամ. մարդիկ գնում են Երևան մոլ, պտտվում են, հաճույքով այնտեղից առևտուր են անում, բայց ոչ ոքի մտքով չի անցնում հարցնել՝ ինչո՞ւ մոլ, երբ կան շուկա, տոնավաճառ հայերեն բառերը: Ես կուզեմ հարցնել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, կրթության նախարարությանը, սփյուռքի նախարարությանը՝ երբ կտեսնեք օտարագիր և օտարաբառ անվանումներ, չե՞ք զգում, որ այդ բոլորի մեջ ինչ-որ սխալ բան կա:

Ինձ պատասխանել են, որ մտահոգությունը կիսում են, բայց եթե ոչ մի քայլ չեն ձեռնարկում, կնշանակի՝ արդարացնում են օտար բառերու գործածումը:

Կառավարության որոշմամբ՝ լեզվի պետական տեսչությունը, որը պատասխանատու էր լեզվի անաղարտության համար, լուծարվում է: Ինչպե՞ս եք գնահատում պետության այս քայլը:

Եթե լեզվի պետական տեսչությունը մինչ այսօր գոյություն ուներ, սակայն ոչ մի արդյունք չէր տալիս, հիմա լուծարվելեն ետքը ի՞նչ տարբերություն պիտի ըլլա՝ գոյության և ոչ գոյության: Ես չեմ գիտեր՝ պետությունը ինչ պիտի ընե. որ լուծարել են, նո՞ր բան պիտի ստեղծեն, թե՞ ադոր կարիքն ալ չունեն: Եթե կլուծարեն այդ անարդյունավետ կառույցը և փոխարնը մի նոր, ավելի գործնական բան մը պիտի ստեղծեն, անշուշտ լավ է: Ամեն երկիր, ուր որ երթաս, իրենց լեզվով գրեր կտեսնիս, միայն Հայաստանն է, որ հայերենն ավելի քիչ է, քան օտար անունները: Սա ի՞նչ կնշանակե: Լեզուն մեր ազգային հպարտությունն է՝ լեզվին մասին հոգածություն ընելը պարտադիր բան է՝ ասիկա հաստատ է, տարակույս չկա:

Ի՞նչն է Ձեզ համար հարազատ հայրենիքում:

Հայրենիքը սրբություն է՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Հայրենքի հանդեպ հնարավոր չէ որևէ բացասական միտք ունենալ, քանի որ ադիկա մեր հայրենիքն է, Հայաստանը կարելի չէ մոռանալ: Եթե թերությունները սրբագրվին, Հայաստանն անխոս կդառնա աշխարհի լավագույն երկիրը. լավագույններուն լավագույնը:

Ես տեղյակ եմ, որ Դուք Հայաստանի սահմանամերձ գյուղերում բարեգործության ծրագրեր եք իրականացնում…

Ադ թեման անցնինք, ես չեմ սիրում այդ մասին խոսել: Եթե դու մի բարի գործ ես անում, բայց հետո այդ մասին պատմում ես, դա դադարում է բարի գործ լինելուց, դառնում է գովազդ:

Պարո՛ն Հակոբ, Հայաստանն այսօր կարիք ունի ներդրումների. այդ մասին բազմիցս խոսել են նախագահը, վարչապետը: Մեզ պետք է, որ արտասահմանում ապրող մարդիկ, ինչպիսին Դուք եք, ձեր ընտանիքը, Հայաստանում ոչ թե բարեգործություն անեն, այլ սեփական գործը դնեն և այստեղ՝ հայրենիքում, ձեռներեցությամբ զբաղվեն: Մեզ հետաքրքիր է իմանալ սփյուռքի գործարարների տրամադրությունը. օրինակ՝ ԱՄՆ-ում ապրող հայ գործարարները ցանկություն ունե՞ն ներդրումներ կատարել հայրենիքում:

Ներդրումների գլխավոր գրավականը վստահությունն է: Չեմ կարծեր, որ Սփյուռքում ապրող որևէ հայ չի մտածում Հայաստանի մասին, բոլորն էլ ուզում են կարելիության սահմանում օգնել և աջակցել Հայաստանին:

Հայաստանին օգնելու լավագույն տարբերակը Հայաստանում բիզնես դնելն է, որպեսզի մարդիկ աշխատատեղ ունենան և չհեռանան Հայաստանից: Ի՞նչն է խանգարում արտերկրում ապրող մեր հայրենակիցներին՝ չեն վստահո՞ւմ մեր կառավարությանը, պետությանը:

Երբ խոսք է գնում բիզնեսի մասին, գլխավորը փոխադարձ վստահությունն է: Խանգարող հանգամանքները ներքին են. նախագահն ինքն էլ արտահայտվեց այդ մասին ասելով, թե ինչն է պատճառը, որ հայերը օտար երկրներուն մեջ կզարգանան, կբարգավաճեն, իսկ հայրենիքում չեն կարողանում նույն բանն անել:

Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը:

Անցյալներում եղել են դեպքեր, երբ Սփյուռքի տարբեր հայեր եկել և Հայաստանում տարբեր գործեր են դրել, որպեսզի թե՛ տեղացիները գործատեղ ունենան, թե՛ հայրենիքը զարգանա: Բայց կարճ ժամանակ անոնք ափսոսանքով ետ գնացին՝ ամեն բան կորցնելե ետք:

Ինչո՞ւ այդպես եղավ, երևի Դուք ինձանից լավ գիտեք: Շատ բնական է, որ մարդիկ մեկմեկու հետ կխոսին այս կարգի բաներու մասին: Այդ լուրերը կփոխանցվին մեկից մյուսը. դա է պատճառը, որ շատերը չեն ուզեր գալ այստեղ՝ գործ դնելու:

Ձեր կարծիքով՝ առանց Հայաստանի Սփյուռքը ի՞նչ ապագա կարող է ունենալ:

Ես համոզված եմ, որ հայությունը կրնա գոյատևել և ապագա ունենալ միմիայն հայրենիքում: Հայրենիքեն դուրս՝ հայերի ապագան փայլուն չէ. պատկերացրեք գետ մը, որը կլցվի օվկիանոսին մեջ և առանձին հոսանքով կգնա առաջ: Իմ ընտանիքում երեք զավակներս ալ հայերեն են խոսում, ամուսնացած են հայերի հետ, թոռներս ալ հայերեն կխոսին: Մենք կնմանինք օվկիանոսին աղի ջրերուն մեջ մտած գետի կենտրոնական հոսանքին, սակայն տեսա՞ծ եք որևէ գետ, որ կարողանա ճեղքել օվկիանոսը և հասնել հակառակ ափը: Վաղ թե ուշ գետը կխառնվի օվկիանոսին. սա է Սփյուռքի ապագայի հանդեպ իմ պատկերացումը: Առանց Հայաստանի՝ այդ միախառնումն ավելի արագ կլինի և երբեք փայլուն լինել չի կարող:

 

Հարցազրույցը՝  Կարինե Սարիբեկյանի

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: