Սերժ Սարգսյանը կսպասի մեկ տարի, մինչեւ լուծվեն Կարեն Կարապետյանի հարցերը

Jun 06, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը կսպասի մեկ տարի, մինչեւ լուծվեն Կարեն Կարապետյանի հարցերը

Նոր Սահմանադրության համաձայն՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները պարտադիր են լինելու։ Սահմանադրությամբ, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտից հետո՝ 2018 թվականին, նախարարությունների առավելագույն թիվը պետք է լինի 18։ Մայր օրենքը չի թույլատրում նաեւ կառավարությանն առընթեր մարմիններ։ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ փորձեցինք պարզել, թե ինչ կարգավիճակ կստանան, մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը։ Մամուլում տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն չի բացառվում առանձին նախարարություն դառնա, իսկ ՈՍ-ն ու ԱԻՆ-ը միավորվեն։

-Պարոն Եղիազարյան, որը կլինի ճիշտ ճանապարհը, այդ կառույցների վերակազմակերպման տեսանկյունից։

-Գիտեք, Հայաստանում ճիշտ ճանապարհը մեկն է՝ գլխավոր ցուցանիշը լինելու է այն, թե այդ կառույցների միավորման գլխին կանգնած մարդը որքան է հավատարիմ լինելու Սերժ Սարգսյանին, այստեղ հաշվի չեն առնվում ոչ մասնագիտական կարողությունները, ոչ միջոցները, ոչինչ։ Հետեւաբար ըստ տվյալ անձնավորության էլ կձեւավորվեն այն միավորը, ինչ որ անհրաժեշտ կլինի իշխանությունը կայուն պահելու համար։ Այս տեսանկյունից չմոռանանք հենց իր՝ Սերժ Սարգսյանի ներկայությունը այս ամենին, իր ապագայի նկատմամբ հայացքները։ Նա արդեն մեզ լսացնել է տալիս, որ ողջ կյանքն անվտանգությամբ է զբաղվել ու ցանկություն ունի շարունակելու այդ գործը։ Արդեն մոռանում է, որ նոր Սահմանադրությամբ ինքը չի լինելու նշանակողը, հակառակը՝ ցույց է տալիս, որ ում ուր ասես, այնտեղ էլ գնալու է, ինքը նույնպես տեղավորվելու է մի տեղ։ Դա հաստատ Պաշտպանության նախարարությունը չէ, որովհետեւ խնդիրներ կառաջանան Արցախի խնդրի կարգավորման առումով։

Ի դեպ, նա ամեն ինչ անելու է, որպեսզի որեւէ փաստաթուղթ չստորագրի եւ այդ ծանր բեռը թողնի ապագա վարչապետի վրա։ Ստատուս քվոն ամեն կերպ պիտի ձգի մինչեւ 2018 թվականի մարտ, որպեսզի ոչ թե ինքը պատասխանատվություն կրի, այլ նոր ղեկավարը։ Իսկ մինչ այդ ես վստահ եմ, որ ինքն իրեն արդեն վերապատրաստել է պաշտպանական շերտով, խոսքը ԱԱԾ-ի եւ Ոստիկանության մասին է, երկու հզոր կառույց կմիավորի եւ կնստի Նալբանդյան փողոցում գտնվող բարձր շենքում ու ուշի ուշով կհետեւի, թե ինչ է կատարվում, որպեսզի 2018 թվականի վերջում նոր պլատֆորմ մշակի։ Սա է նրա ծրագիրը։ Եւ հենց այս տեսանկյունից էլ կհանգուցալուծվի նշված կառույցների ճակատագիրը, ամեն ինչ կլինի Սերժ Սարգսյանի բարօրության համար։

-Այսինքն՝ Սերժ Սարգսյանին բազում ծառայություններ մատուցած ոստիկանապետը կարող է խաղից դուրս մնա՞լ։

-Կապ չունի, իսկ ինչ է խաղից դուրս չեկա՞վ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը նրան Մոսկվայից հրավիրեց, նշանակեց նախարար։

-Սերժ Սարգսյանը երկու ժամկետ ՀՀ նախագահ է եղել, ուղիղ կղեկավարի՞ անվտանգության կառույց։

-Իսկ ի՞նչ է եղել որ, այդ ամենը կլինի ժամանակավոր, մինչեւ վարչապետի հարցերը լուծի մեկ տարվա մեջ, դրանից հետու կերեւա ինչ կանի։ Այդ ժամանակ էլ կանցնի իր խոստումների ժամանակը, որ չի պատրաստվում վարչապետ դառնալ եւ այլն։ Հայ ազգի հիշողությունն էլ կարճ է, կմոռանա ամեն ինչ։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: