Պոլսի Աթոռի հարցը՝ Մայր Աթոռի կուլիսների ետևում․ «Հայ Ձայն»

Jun 05, 2017 Comments Off on Պոլսի Աթոռի հարցը՝ Մայր Աթոռի կուլիսների ետևում․ «Հայ Ձայն»

Չնայած կուլիս բառը անհարիր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու «փակ դռներ»-ի ետևում տեղի ունենալիք ցանկացած խորհրդակցությանը, սակայն այս փուլում նման ձևակերպումն ամենահարիրն է առկա իրավիճակին:

Խոսքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միաբանական ընդհանուր ժողովի մասին է, որին իր մասնակցությունը պիտի բերի նաև Պոլսո համայնքը ներկայացնող կրոնական և աշխարհական պատվիրակությունը:

Սպասելի է, որ վաղը՝ հունիսի 6-ին, սկիզբ առնելիք ժողովի հիմնական օրակարգը կհատկացվի Հայ Եկեղեցու կանոնադրությանը և այդ առումով առաջարկվելիք բարեփոխումներին: Կան նաև այլ հարցեր, սակայն հիմնականը կմնա եկեղեցական բարենորոգության խնդիրը, որի կարիքն այնքան ունի մեր եկեղեցին:

Միաժամանակ, այսօր մեր հավաքական կյանքը հուզող հիմնական թեմաներից մեկը համարվում է Պոլսո Պատրիարքության խնդիրը, որը միայն շաբաթներ առաջ դրական նոր հուն մտավ Արամ Աթեշյանի տված և «սպասելի» դարձած հրաժարականով:

«Հայ Ձայն»-ի տեղեկություններով՝ Պոլսո Պատրիարքության տագնապի օրակարգը չպիտի լինի միաբանական ընդհանուր ժողովի սեղանին, սակայն չի բացառվում, որ այդ թեման քննարկվի Մայր Աթոռի կուլիսային հանդիպումների ընթացքում:

Չպետք է մոռանալ, որ Պոլիսից Մայր Աթոռ ժամանած պատվիրակության մեջ կան բոլոր այն միաբանները, որոնք ուղղակի առնչված են այս տագնապին:

Այստեղ է նաև, որ Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետը իր հայրական հորդորները պիտի տա այդ միաբաններին և հատկապես Արամ Աթեշյանին:

Հիշեցնենք, որ Աթեշյանն իր կեցվածքով և հատկապես անցնող փետրվարին Մայր Աթոռում տեղի ունեցած ժողովի և «համաձայնություն»-ից հետո անտեսել ու նոյնիսկ վիրավորել էր Մայր Աթոռի վարկը, ու շատ զարմանալի կլինի, եթե այս կեցվածքի դիմաց Էջմիածինը որոշակի կեցվածք չընդունի ինը տարուց ի վեր անտերության եզրին հասցրած Պոլսո դարավոր եկեղեցին ու նրա շուրջը գործող կրոնական, ընկերային և տնտեսական կառույցներին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: