Իներտ, ոչ բանիմաց տնօրենին ու վարպետին գարծատուն չի վստահում. Գագիկ Մակարյան  

Jun 05, 2017 Comments Off on Իներտ, ոչ բանիմաց տնօրենին ու վարպետին գարծատուն չի վստահում. Գագիկ Մակարյան  

 

Հարցազրույց գործատուների միության նախագահ, Գագիկ Մակարյանի հետ:

Պարո՛ն Մակարյան, գործատուների միությունն այս տարի նշում է հիմնադրման 10-ամյակը. շնորհավորում ենք Ձեզ այդ կապակցությամբ: Ձեր միության գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում  նաև կրթությունը, Դուք մասնավորապես Միջին մասնագիտական կրթական հաստատությունների համագործակցությունը: Հավանաբար կհամաձայնեք ինձ հետ, եթե ասեմ, որ այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ գործատուներին չեն բավարարում կրթական համակարգի թողարկած կադրերը, կրթական համակարգն էլ իր հերթին իրավացիորեն դժգոհում է, որ աշխատաշուկան, ի դեմս գործատուների, չի կարողանում ձևավորել հստակ պահանջներ, թե ինչպիսի հմտություններով մասնագետներ են պետք իրենց: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չի ստացվում ցանկալի երկխոսություն, որտե՞ղ է խորքային խնդիրը:  

Առաջին ամենակարևոր խնդիրն այն է, որ աշխատաշուկայի պահանջների խորքային և ոլորտային ռեալ գնահատում չի իրականացվել: Երկրորդ խնդիրն այն է, որ գործատուն անպայման պետք է ունենա որոշակի մասնակցություն աշխատուժի պատրաստման գործընթացում: Խնդիրը միայն պահանջներ ներկայացնելը և ճշգրիտ նկարագրություն կատարելը չէ, թե ինչպիսի աշխատողի կարիք կա: Դրանով հնարավոր չէ կրթական գործընթացի վրա ազդեցություն ունենալ: Կրթական համակարգը մեզ տալիս է որոշակի արդյունք, որն արդեն փաստ է՝ իրողություն: Ցանկալի արդյունք ստանալու համար պետք է նախևառաջ հիմքերը ճիշտ դնել: Եթե դու պրոցեսին չես մասնակցում, ցանկալի արդյունք չես ունենա: Այստեղ մենք հանգում ենք Ձեր նշած գործատու-կրթություն երկխոսության գաղափարին, որը շատ բարդ է:

Ինչո՞ւ է բարդ, գործատուները չե՞ն վստահում կրթական հաստատությանը:

Գործատուների մի մասն իրականում ցանկություն ունի մասնակցություն ունենալ կրթական պրոցեսին, նույնիսկ ներդրումներ կատարել: Բայց շատ դեպքերում կա վստահության խնդիր. եթե գործատուն տեսնում է, որ նույն տնօրենն ու վարպետներն են իներտ, ոչ բանիմաց, ուսումնական հաստատատությունն էլ չունի որևէ տեխնիկական բազա, չի ցանկանում գնալ երկխոսության: Գործատուն գերադասում է ինքնուրույն ընտրել մի քանի հոգու, նրանց վերապատրաստել և եթե ոչ բոլորին, ապա մեկ-երկուսին ընդունել աշխատանքի:

Ինչպիսի՞ մոդել է կիրառվում աշխարհում:

Տարբեր երկրներում տարբեր է. օրինակ՝ Անգլիայում շատ հետաքրքիր է աշակերտության մոդելը: Պետությունը հայտարարում է մրցույթ, քոլեջները մասնակցում են դրան: Հաղթելու դեպքում նրանք իրավունք են ստանում աշակերտության դասընթաց իրականացնել, որն ամբողջությամբ հիմնված է գործատուների ներկայացրած պահանջների վրա: Գործատուն հենց առաջին իսկ ամսից սկսած՝ աշակերտներին վճարում է նվազագույն աշխատավարձ, որը կապ չունի երկրում սահմանված նվազագույն աշխատավարձի հետ՝ դա անհամեմատ ավելի փոքր գումար է: Առաջին տարում աշակերտը հիմնականում սովորում է քոլեջում, տարվա մեջ մեկ ամիս ուսումնառություն է անցնում գործատուի մոտ:

Երկրորդ տարում արդեն աշակերտը ընդամենը 2 ամիս սովորում է քոլեջում, մնացած 10 ամիսը՝ գործատուի մոտ, նրան կցվում է հատուկ վարպետ, որը իր վրա է վերցնում սովորեցնելու գործառույթը: Այդ վարպետին բնակաբար վճարում է գործատուն: Իսկ արդեն երրորդ տարում աշակերտն ամբողջությամբ գործատուի մոտ է անցնում իր ուսումնառությունը՝ իհարկե քոլեջի հսկողությամբ, որպեսզի կրթական ծրագիրն իրագործվի: Ընդ որում, աշակերտության ընթացքում, հաշվի առնելով աշակերտի ցուցաբերած հմտությունները, գործատուն կարող է բարձրացնել վարձատրությունը:

Սա երկուստեք ձեռնտու վիճակ է՝ մասնագետ պատրաստելու արժեքը վճարում են պետությունն ու գործատուն միասին:

Իսկ մեր գործատուների համար երբեմն անգամ ուսումնական պրակտիկաների կազմակերպումն է խնդիր դառնում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Խնդիրը միայն գործատուները չեն. մեր կրթական համակարգը պետք է հիմնովին փոխվի: Նույն 12 տարածաշրջանային պետական քոլեջները, որոնք հիմնվեցին ԵՄ-ի աջակցությամբ, նրանք չեն լուծել իրենց առջև դրված խնդիրը, կամ եթե լուծել են, ապա ոչ բոլորը: Չի կարելի անընդհատ խոսել գործատուների մասին՝ մոռանալով կրթության պատասխանատուների մասին: Իսկ այս նույն քոլեջների տնօրենները ինչո՞ւ չեն գնում գործատուների մոտ, նրանցից քանի՞սն են ճանաչում իրենց շրջապատի գործատուներին, քանի՞սն են տեղյակ իրենց մարզի, տվյալ տարածքի շուկայի պահանջներին: Ուսումնական պրակտիկաների մասին շատ է խոսվում. որպես գործատուների միության նախագահ՝ պաշտոնապես հայտարարում եմ, եթե որևէ քոլեջ կամ ուսումնարան կունենա պրակտիկայի կազմակերպման խնդիր, թող գրավոր դիմի մեր միությանը, ես պատրաստ եմ գտնել համապատասխան գործատու, որը կապահովի ուսումնական պրակտիկա՝ անվճար: Նույն բանն առաջարկում եմ նաև բուհերին, բայց առ այսօր ո՛չ որևէ ՄԿՈՒ հաստատությունից, ո՛չ էլ բուհից կոնկրետ դիմում չեն ստացել: Այդ հարցով մեզ միայն Ամերիկյան համալսարանն է դիմել, աջակցել ենք: Ես երբեմն գալիս եմ այն եզրակացության, որ այս վիճակը ձեռնտու է ուսումնական հաստատությանը:

Դուք խոսեցիք նաև աշխատաշուկայի ուսումնասիրության կարևորության մասին: Ձեր կարծիքով՝ այդ խնդրով ո՞վ է զբաղվելու:

Այդ խնդրով զբաղվող պետական մարմիններ կան, մասնավորապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալությունը ամեն տարի իրականացնում է շուկայի կարիքների գնահատում: Սակայն այստեղ խնդիր կա, որովհետև այն գործատուները, որոնց զբաղվածության գործակալությունը ներառում է իր ուսումնասիրության մեջ, հաճախ պետական սեկտորից են ընտրվում, իսկ դա չի արտացոլում մասնավոր հատվածի կարիքները: Ես վստահ եմ, որ աշխատաշուկայի իրական կարիքների գնահատման համար առնվազն 95 տոկոսը պետք է մասնավոր հատվածի տնտեսվարողներին ընդգրկել:

 

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: