Ընտրակեղծիք և պատիժ

Jun 04, 2017 Comments Off on  Ընտրակեղծիք և պատիժ

ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած դպրոցների և մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրենների սկանդալը հետընտրական ուշագրավ ընթացք է ստանում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի աղմկահարույց ձայնագրությունների հրապարակումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ իշխանությունները որոշել են տեր կանգնել սեփական կադրերին և նրանց պատժելու կամ կարգի հրավիրելու որևէ մտադրություն չունեն: ՀՀԿ-ի վարքագիծն իհարկե հասկանալի է՝ այս նույն ձայնահավաք տնօրենների ծառայությունները նրանց անհրաժեշտ են լինելու նաև հետագա ընտրությունների ժամանակ, հետևաբար նրանք չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են:

Ընտրակեղծարար տնօրեններին պատժելու գործառույթը, սակայն, ամենայն հավանականությամբ, իրենց վրա են վերցնելու օտարերկրյա դեսպանատները՝ հիշյալ տնօրեններին սև ցուցակ գցելով, այսուհետ նրանց մուտքի վիզա չտրամադրելով:

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել, որ «ՀՀԿ օգտին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործած տնօրենները խնդիր են ունենալու օտարերկրյա պետությունների հետ, եթե որոշեն դիմել համապատասխան դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու  համար: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՀՀ-ում օտարերկրյա մի քանի պետությունների դեսպանատներ այդ սկանդալը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ից խնդրել են իրենց տրամադրել դպրոցի և մանկապարտեզների տնօրենների անունների ամբողջական ցանկը: Կազմակերպությունն էլ, բնականաբար, տրամադրել է հետաքրքրող տեղեկությունը:

Խնդրի առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ մասնավորապես նշվում է.  «1. SUT.am կայքում հայտնի հրապարակման մեջ նշված 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենների ամբողջ ցուցակը հրապարակային է, այն հասանելի է նշված կայքում (https://sut.am/archives/803):

  1. ՀԿ-ի և դրա ծրագրերի համակարգող Դանիել Իոնեսյանի դեմ դատական հայցեր ներկայացրած 30 տնօրենների անուններն ու ազգանունները հրապարակված են ՀՀ դատական դեպարտամենտի datalex.am կայքում: Այդ հղումը փաստացի ևս հասանելի է բոլոր ցանկացողների համար:
  2. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որևէ կապ չունի քաղաքացիներին մուտքի և ելքի վիզաների տրամադրման հետ: Մուտքի վիզաները տրամադրում են դիվանագիտական ներկայացուցչությունները, ելքի վիզները՝ ՀՀ ԿԱ ոստիկանությունը: Դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են իրենց երկրների ու միությունների օրենսդրությամբ, ՀՀ ոստիկանությունը՝ Հայաստանի օրենսդրությամբ»:

Ըստ էության Դանիել Իոենեսյանը չի հերքել և տեղակտվությունն այն մասին, որ դեսպանատները իսկապես իրենից պահանջել են տնօրենների ցուցակը: Նա ընդամենը հայտարարել է, որ այդ ցանկը հրապարակային է, հետևաբար դեսպանատները կարող էին շատ հանգիստ այն ստանալ:

Նախընտրական շրջանակում, երբ ականդալային ձայնագրությունները նոր-նոր էին հրապարակել, Դանիել Իոնեսյանը հայտարարել էր, թե ինքը այլ փաստեր և անուններ ևս ունի, որոնք հնարավոր է հրապարկի ավելի ուշ: Չի բացառվում, որ դեսպանատները Իոնեսյանից խնդրել են հենց այդ չհրապարակված անուններն ու ձայնագրությունները:

Պետք է խոստովանել, որ շատ տնօրենների համար վիզայից զրկվելն անհամեմատ ավելի լուրջ պատիժ է, քան եթե նրանք ՀՀ օրենսդրության որևէ հոդվածով պատժի ենթարկվեին: Ի վերջո այդ պատժի մասին, շնորհիվ հարազատ ամենազոր կուսակցության, շատ արագ կմոռացվեր, և իրենք գրեթ ոչինչ չէին կորցնի: Իսկ այսպես ստիպված զրկվելու են եվրոպական ճանապարհորդություններից: Ամեն դեպքում սա կարող է լավ դաս լինել հետագա ընտրակեղծարար տնօրենների համար:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: