Արվեստի ոլորտում հեռակա կրթությունը ես չեմ ընկալում՝ դա ո՞րն է, հեռակա ջութակ նվագել հնարավո՞ր է. Արմեն Հարությունյան

Jun 04, 2017 Comments Off on Արվեստի ոլորտում հեռակա կրթությունը ես չեմ ընկալում՝ դա ո՞րն է, հեռակա ջութակ նվագել հնարավո՞ր է. Արմեն Հարությունյան

 

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը տոնում է հիմնադրման 50-ամյա հոբելյանը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում մայիսի 15-ին տեղի է ունեցել քոլեջի ուսանողների համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Հարությունյանի հետ մեր զրույցը հոբելյանի մասին էր և ոչ միայն:

Պարո՛ն Հարությունյան, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջը առաձնահատուկ տեղ ունի արվեստի ուղղության քոլեջների և ուսումնարանների ցանկում: Դա առաջին հերթին պայմանավորված է քոլեջի շրջանավարտների անուններով:Մի քանի խոսքով պատմեք քոլեջի անցած ճանապարհի և այսօրվա խնդիրների ու գլխավոր առաքելության մասին:

Քոլեջը հիմնադրվել է 1967 թվականի հոկտեմբեր ամսին, հիմնադիր տնօրենն եղել է Մելանյա Չոլախյանը:Ստեղծման օրից քոլեջն ուրույն տեղ է զբաղեցրել արվեստի կրթության ոլորտում և այսօր արդեն իր 50-ամյա կենսագրությամբ կարող է ներկայացնել անունների մի ամբողջ շարք, որոնցով իրավամբ կարելի է հպարտանալ: Մեր քոլեջի ամենահայտնի դեմքերից մեկը եղել է համաշխարհային տենոր Գեղամ Գրիգորյանը, ժողովրդական երգի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Պապին Պողոսյանը, Սուսաննա Սաֆարյանը…. Քոլեջը տվել է շատ արվեստագետներ, ովքեր դարձել են միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ: Ժամանակակից երգիչներից հայտնի են Ինգա և Անուշ Արշակյանները, շարքը կարելի է շարունակել: Քոլեջի առաքելությունը ոչ միայն  բուհի՝ կոնսերվատորիայի կամ մանկավարժական համալսարանի համար կադրեր ապահովելն է, ինչպես հաճախ շեշտվում է, այլ նաև մարզերում երաժիշտ մասնագետների պակասը լրացնելը: Մարզային երաժշտական դպրոցներում ունենք որակյալ երաժիշտների պակաս, և մեր շրջանավարտները կարող են լրացնել այդ բացը: Դա չափազանց  կարևոր գործ է. իբրև երաժշտական ուսումնական հաստատություն՝ մեր գլխավոր խնդիրն է տարածել երաժշտական կրթությունը:

2018 թվականից դպրոցներում աշխատելու համար բարձրագույն կրթությունը մանկավարժների համար դառնում է պարտադիր պայման. այստեղ Դուք խնդիր չե՞ք տեսնում քոլեջի շրջանավարտների հետագա գործունեության համար:

Երաժշտական դպրոցներն ապահովում են ոչ թե հիմնական, այլ արտադպրոցական, լրացուցիչ կրթություն: Քոլեջի շրջանավարտները հանգիստ կարող են աշխատել երաժշտական դպրոցներում: Ձեր նշած օրենքը վերաբերում է հանրակրթական դպրոցներին, որտեղ, այո՛, բարձրագույն կրթությունը պարտադիր պայման է: Ինքս շատ եմ շրջում մարզային դպրոցներում. մենք հենց այս պահին էլ ունենք երաժշտական դպրոցներ, որտեղ ջութակի մասնագետը կարող է դաշնամուր դասավանդել, կամ ակորդեոն նվագողը կարող է ջութակ դասավանդել: Սա աննորմալ վիճակ է, դրանից տուժում են մեր շնորհալի երեխաները: Մենք խնդիր ունենք  խրախուսել, որ երաժշտական դպրոցներում մասնագետներ աշխատեն, և մեր շրջանավարտներն այդ բացը կարող են լրացնել:

Քոլեջից բուհ անցումը արվեստի քոլեջների կարևոր խնդիրներից մեկն է. այստեղ մոտեցումները տարբեր են և ոչ միանշանակ: Կարծիք կա, որ շնորհալի նվագողի կամ երգողի համար բարձրագույն կրթությունը կարևոր նշանակություն չունի. ի վերջո եթե դաշնակահարը լավ է նվագում, ինչ կարևոր է՝ նա քոլե՞ջ է ավարտել, թե՞ մագիստրոսի կոչում ունի: Ձեր կարծիքով՝ արվեստի, կոնկրետ երգեցողության պարագայում բարձրագույն կրթությունը տեսական գիտելիքների՞ն է ավելի շատ նպաստում, թե՞ կարևոր է նաև կատարողական վարպետության առումով:

Ինքս Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր եմ և գտնում եմ, որ երաժշտական կրթության շարունակական շղթան միշտ պետք է աշխատի: Երաժշտության բնագավառում կրթությունն սկսվում է 6 տարեկանից և շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Շղթայի օղակները հստակ են՝ երաժշտական դպրոց, միջին մասնագիտական կրթական հաստատություն, կոնսերվատորիա: Կոնսերվատորիայի կրթության յուրաքանչյուր տարին անհրաժեշտ է՝ բարձրացնելու կատարողական վարպետության աստիճանը: Ցանկացած բարձրակարգ երաժիշտ այս շղթայով անցնում է:

Քոլեջների բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն իրավունք ունեն կրթությունը շարունակել բուհում /2-րդ կուրսից/, այդ թվում նաև կոնսերվատորիայում: Երկու տարի առաջ կատարվեց օրենքի փոփոխություն և սահմանվեց, որ քոլեջից բուհ գնացողները պետք է կրթություն ստանան հեռակա բաժնում: Բայց, օրինակ, կոնսերվատորիան հեռակա կրթություն չունի: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի կարգավորումը:

Քոլեջի լավ և գերազանց առաջադիմությամբ ուսանողները, ովքեր նաև պետական ավարտական որակավորման քննություններից են բարձր գնահատականներ ստանում, իրավունք են ստանում իրենց ուսումը շարունակել կոնսերվատորիայի երկրորդ կուրսում՝ պետության կողմից տվյալ բուհին տրված համապատասխան տեղերի շրջանակում: Նշեմ, որ քոլեջից բուհ անցման դեպքում ուսանողն իրավունք ունի սովորել բացառապես վճարովի համակարգում, և լինում են դեպքեր, երբ մեր լավագույն ուսանողները գերադասում են ընդհանուր հիմունքներով ընդունելության քննություններ հանձնել, որպեսզի անվճար կրթության հնարավորություն ստանան: Ամեն դեպքում, վերջին մի քանի տարվա ընթացքում, որպես կանոն, ամեն տարի մեր ուսանողներից մի քանի հոգի ցանկություն ունենում են կրթությունը շարունակել կոնսերվատորիայում: Այստեղ իսկապես կա լուրջ խնդիր, որովհետև Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիան չունի հեռակա կրթություն: Ուսուցման հեռակա ձև ունի Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Անկեղծ ասած, արվեստի ոլորտում հեռակա կրթությունը ես մի քիչ դժվար եմ ընկալում՝ դա ո՞րն, հեռակա ջութակ նվագել հնարավո՞ր է: Իմ անձնական կարծիքն է, որ արվեստի մասնագիտությունների համար ևս պետք է ապահովել կրթության շարունակականության հնարավորություն և վերադառնալ քոլեջից բուհ անցում կատարելու նախկին ձևին: Ես այս հարցը բարձրաձայնել եմ մի քանի անգամ: Նախարարության կողմից կա դրական արձագանք, սպասում ենք, որ հարցը լուծում կստանա:

Կոնսերվատորիան իր ուսանողներին բացառապես երաժշտական քոլեջների՞ց է ընտրում է, թե՞ նման միտում չկա:

Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր կոնսերվատորիա կարելի է ընդունվել և՛ քոլեջի, և՛ միջնակարգ կրթության վկայականով: Խորհրդային տարիներին, սակայն, խրախուսվում էր երաժշտական հանրակրթությունը, դրա համար այն ժամանակ ընդունված էր՝ Չայկովսկու /դա միակ երաժշտական դպրոցն է, որտեղ միջնակարգ կրթություն էր ապահովվում/ անվան երաժշտական դպրոցի շրջանավարտներն  էին կոնսերավատորիայի հիմնական դիմորդները: Խրախուսվում էին երաժշտական քոլեջի կրթությամբ դիմորդները: 90-ականներից սկսած՝ այդ շղթան խաթարվեց և փոփոխությունների ենթարկվեց: Երաժշտական դպրոցներն սկսեցին գործել ինքնուրույն, քոլեջներն իրենց հերթին սկսեցին առանձին աշխատել, կոնսերվատորիան էլ իր հերթին առանձին է աշխատում: Այսինքն՝ ընդհանրական շղթան խաթարվեց, և դրա հետևանքները մենք այսօր զգում ենք կոնսերվատորիայում, որն արտահայտվում է ուսանողների գիտելիքի պակասի տեսքով:Ընդհանուր օրինաչափությունն այն է, որ երաժշտական դպրոցները սնուցում են քոլեջներին, քոլեջները՝ կոնսերվատորիային:

Ձեր քոլեջի ուսանողներն ունե՞ն երաժշտական կրթություն,երաժշտական դպրոց հաճախե՞լ են. սա քոլեջի համար պարտադի՞ր պահանջ է:

Բացի վոկալի բաժնից՝ մնացած մասնագիտությունների համար ստուգարք են հանձնում սոլֆեջոյից, որը երաժշտական կրթության բաղադրիչ է:

Վոկալի համար երաժշտական կրթության հիմք չի պահանջում, որովհետև համարվում է, որ վոկալիստը կարող է անգամ նոտաներ չիմանալ. վոկալ բաժնի համար ընդամենը ստուգվում է դիմորդի երգեցողությունը, և կատարվում է երաժշտական տվյալների ստուգում: Նախկինում վոկալի բաժնում մենք ընդունելություն կատարում էինք միայն միջնակարգ կրթությունից հետո, որովհետև երգեցողության համար տարիքային որոշակի սահմանափակումներ կան: Բայց հիմա այդ արգելքն արդեն վերացված է, և մենք ընդունելություն ենք կատարում նաև հիմնական կրթության հիմքով:

Քոլեջի երաժշտական մասնագիտություններից ո՞րն է ավելի պահանջված դիմորդների կողմից. այս ոլորտում կա՞ն մոդայիկ մասնագիտություններ, և որքանո՞վ են դրանք փոխվում ժամանակի հետ:

Արդեն շուրջ 25 տարի է, որ ես աշխատում եմ տվյալ ուսումնական հաստատությունում: Երբ նոր էի աշխատանքի անցել քոլեջում, ամենաշատ թվով դիմորդներ լինում էին դաշնամուրի բաժնում, մենք ունենում էինք 80 դիմորդ 10-15 տեղի համար: Հետագայում այդ հարաբերակցությունը փոխվեց. այժմ ավելի շատ են ժողովրդական գործիքների և վոկալի բաժնի դիմորդները:

Փաստորեն մեր օրերում բոլորն ուզում են երգիչ դառնալ և հայկական նվագել… /ժպտում ենք/. Ձեր կարծիքով՝ դա դրակա՞ն միտում է:Ազգային նվագարանների համար պետական աջակցության ծրագիր կա, գուցե դրանո՞վ է պայմանավորված միտումը:

Բազմաթիվ անգամներ ես ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել. շատ լավ է, որ երաժշտական կրթության ասպարեզում կա պետական աջակցության ծրագիր, բայց պետք է շատ լուրջ մտածել, թե որ ուղղությամբ է ճիշտ տրամադրել այդ պետական աջակցությունը: Եթե մենք անվճար տեղեր ենք հատկացնում պետական երաժշտական դպրոցներում դուդուկի կամ շվիի համար, ես դա համարում եմ սխալ: Անվճար տեղերը նույն ժողովրդական նվագարաններից պետք է հատկացնել այնպիսի  գործիքների, որոնք վտանգված են, օրինակ քամանչա, սանթուր, բլուլ: Մենք խնդիր ունենք պահելու այն գործիքները, որոնք կարող են կորչել: Դուդուկին և շվիին նման վտանգ չի սպառնում, դրանք երբեք չեն կորի: Ես վստահ եմ, որ անպայման որևէ տեղ մի հայ հովիվ սարի գլխին նստած կարող է սարքել իր շվին ու դուդուկը և նվագել: Մինչդեռ  մենք  ունենք գործիքներ, որոնք մոռացության են տրվում: Ես շատ կուզենայի, որ պետական աջակցության ծրագրով խրախուսվեր դասական երաժշտությունը և ակադեմիական երաժշտական գործիքների տարածումը, որոնք Հայաստանում ներդրվեցին 20-րդ դարի սկզբին՝ շնորհիվ մեր երաժշտության երախտավորների: Ջութակ, թավջութակ, դաշնամուր. այս գործիքների ապագան որոշակիորեն վտանգված են: Եթե ինձ հարցնեին, ես պետական աջակցությունը կտայի այս ուղղություններին:

Ինչո՞ւ եք կարևորում այդ ուղղությունները:

Գիտե՞ք, միշտ ավելի հեշտ է պահպանել քոնը. դրանք մեր արյան մեջ են, եթե պետությունը չպահպանի էլ, ժողովուրդը անպայման կպահպանի ազգային գործիքները: Դաշնամուրը և ջութակը արևմտաեվրոպական գործիքներն են: Այսօր մենք ազգովին Սերգեյ Խաչատրյան ջութակահարով ենք հպարտանում, որը համարվում է աշխարհի լավագույն երաժիշտներից մեկը: Դասական երաժշտության հիմքը շատ մեծ դժվարությամբ է դրվել, այդ դպրոցը խորհրդային տարիներին կայացել  է, այսօր այն պետք է աչքի լույսի պես պահել:

Դա նաև շատ թանկ դպրոց է և ռեսուրսներ է պահանջում: Դասական երաժշտության դպրոցի պահպանման և զարգացման համար տրվող պետական միջոցները բավարա՞ր են:

Մշակույթին ինչքան էլ տաս, քիչ է. սա աքսիոմա է բոլոր երկրներում: Եթե այլ մասնագիտությունների դեպքում 20 ուսանողի հետ աշխատում է մեկ մասնագետ, մեր դեպքում մեկ  ուսանողի հետ 5-6 մասնագետ անհատական աշխատանք են կատարում, այդ պատճառով էլ թանկ է:

Այն, ինչ որ պետությունն անում է՝ նկատի առնելով ներկայիս տնտեսական վիճակը, ես համարում եմ բավարար: Ես Ձեզ մի բան ասեմ. քոլեջն ունի վճարովի կրթության համակարգ, որտեղ սահմանված վարձավճարի չափը ավելի ցածր է, քան պետությունն է վճարում պետական պատվերով տեղի համար: Քոլեջում առավելագույն ուսման վարձը կազմում է 400 հազար դրամ, մինչդեռ պետական ֆինանսավորումը կազմում է 550 հազար դրամ: Նույն է նաև կոնսերվատորիայում. պետական վճարը կոնսերվատորիայում մեկ ուսանողի համար կազմում է մոտ 1 մլն դրամ, նույնիսկ ավելի բարձր, իսկ վճարովի համակարգում ամենաբարձր վարձավճարը սահմանված է 800 հազար դրամ:

Քոլեջում ավելի շատ պետական պատվերով, թե՞ վճարովի տեղերն են գերակաշռում:

7-8 տարի առաջ քոլեջի ուսանողների 70 տոկոսը վճարովի համակարգում էին սովորում: Վերջին մի քանի տարիներին նախարարության կողմից պետական պատվերով տեղերը ավելացվել են, և մեծ մասամբ մեր ուսանողները պետական պատվերով են սովորում: Ունենք մոտ 300 ուսանող, որոնց 25 տոկոսն է սովորում վճարովի համակարգում: Անվճար համակարգում սովորողների մոտ 70 տոկոսը ստանում է կրթաթոշակ՝ ըստ առաջադիմության:

Հարցազրույցը՝ Կարինե Սարբեկյանի

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: