Թուրք խուժանը պետք է պատասխանատվություն կրի. ԱՄՆ կոնգրեսական

May 19, 2017 Comments Off on Թուրք խուժանը պետք է պատասխանատվություն կրի. ԱՄՆ կոնգրեսական

«Մտահոգիչ է համարում Էրդողանի այցը Սպիտակ Տուն:Նախագահ Էրդողանի անվտանգության թիմը միակողմանիորեն բռնարարքներ է գործել խաղաղ ցուցարարների հանդեպ, ովքեր փորձում էին բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին: Թուրք անվտանգության աշխատողները հստակորեն հարձակվել են հայ, քուրդ, եզդի և այլ իրավապաշտպանների դեմ՝ հանգեցնելով ինը հոգու հոսպիտալացմանը: Ցավալի է, որ կարծես թե պատմությունը կարող է կրկնվել»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստանը՝ դատապարտելով  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքը:

Ջիմ Կոստան  նշել է, որ վերջին շրջանում բազմաթիվ ամերիկացիներ դիտել են «Խոստումը» ֆիլմում, որում նկարագրվում են 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմական դրվագներ: Նա հիշեցրել է, որ ֆիլմում դաժանագույն գործողությունները սկսվում են երիտասարդ թուրքերի կողմից անմեղ մարդկանց ծեծ ու ջարդից: Կոնգրեսական նշել է նաև, որ ժամանակակից Թուրքիան չի ցանկանում ընդունել ցեղասպանության իրողությունը:

«Չենք կարող թույլ տալ, որ թուրք անվտանգության աշխատակիցների քայլերը մնան անպատասխան: Նրանց քայլերը խայտառակություն են և ես դատապարտում եմ դրանք: Նրանք խախտում են ինչպես ամերիկյան օրենքները, այնպես էլ ամերիկյան արժեքները: Թուրք անվտանգության աշխատակիցները պետք է պատասխանատվություն կրեն: ԱՄՆ նախագահը պետք է համապատասխան դիվանագիտական և իրավական քայլեր ձեռնարկի այս թուրք խուժանի նկատմամբ հայերի, քրդերի, եզդիների և այլ ցուցարարների հանդեպ բռնարարքների համար»,- ընդգծել է ԱՄՆ կոնգրեսականը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: