Եթե ուշքի չգանք…Բաց նամակ համայն հայությանը

May 19, 2017 Comments Off on Եթե ուշքի չգանք…Բաց նամակ համայն հայությանը

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված համայն հայությանը:

Կարծում եմ ժամանակն է, որպեսզի համախմբվեն բոլոր այն Գիտակից Ազնիվները, ովքեր վստահ են, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար վաղուց արդեն անհանգստանալու շատ պատճառներ կան և դրանք օրեցօր ավելի են արմատավորվում և քայքայում պետության հիմքերը թե՛ ներսից, թե՛ դրսից:

Բոլոր այն ուժերն ու անհատները, որոնք համարում են, որ տարիներ շարունակ ՀՀ-ում տեղի է ունեցե, ՀՀ-ի անկախությանը սպառնացող, հակապետական, դավադիր կազմակերպված պետականազրկման պրոցես՝ հարկավոր է միասնական դառնան:
Միայն համահայկական, միասնական այս հավաքը կկարողանա ցանկացած պահի միավորվել ա՛յս մտքի շուրջ՝ ոչ մի գնով թույլ չտալ Հայաստանի Անկախ Հանրապետության Ինքնիշխանության թուլացմանը, ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ռուսական իմպերիայի կողմից:
Մենք ինքներս, համայն հայության հետ միասին, պիտի կարողանանք դիմադրել բոլոր տեսակի ուժային ճնշումներին, ինքներս մեզ հաղթելով պիտի դիմակայենք օտարներին: Այլ կերպ հնարավոր չէ, որովհետև այսօր կատարվում են պրոցեսներ , որոնք կարող են անդառնալի լինել բոլորիս համար, մեկ ակընթարթում կարող է ամեն բան փոխվել ու դառնալ մոխրագույն ու կործանարար:
Բոլոր նրանք, ովքեր հասկանում են, ովքեր կարող են կռահել, թե տարածաշրջանում իչպիսի պրոցեսներ կարող են ընթանալ, նրանք ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով՝ պիտի՛ միավորվեն: Ովքեր հասկանում են՝ Արևմուտք – Ռուսաստան հակամարտության արդյունքում մեր անողնաշար լինելու պատճառուվ ինչ վտանգների առջև կարող ենք կանգնել՝ պիտի միավորվեն:
Մեր սխալ կողմնորոշման պատճառով կարող ենք կրկնել նույն այն սխալները , որոնք թույլ ենք տվել անցած դարասկզբին՝ տալով միլիոնավոր զոհեր: Շատ կարևոր է, որ հասկանանք – մենք արդեն հարյուր տարի ապրում ենք ծանր հոգեկան հիվանդի հոգեբանությամբ: Մենք մի պետություն ենք, որը շջապատված է հեռու և մոտիկ, ոչ պակաս հիվանդ բարեկամներով և հարևաններով: Պիտի հասկանանք, որ հիվանդությունները շատ խորն են, իսկ բուժման բաղադրատոմսը՝ միայն մեր ուժերում է, մեզ հարկավոր է բուժվել ու լինել առողջ, որպեսզի կարողանանք դիմակայել: Մեզ սթափվել է պետք և չի կարելի գնալ պատրանքների հետևից: Մենք, այս կամ այն կողմի վրա չպիտի գերակշռող դիրք ընդունենք, որովհետև մենք քայլում ենք մի բարակ ու մաշված պարանի վրայով, իսկ այն անցնելու համար շատ հավասարակշիռ է պետք բաշխել ուժերը:
Մենք դեռ չգիտենք մոսկովյան սիստեմի այլասերված ֆանտազիաների չափը: Մենք միայն տեսնում ենք ու գիտենք, որ բռնազավթված կողմ ենք, բայց ինչի համար և երբ է Մոսկվան օգտագործելու մեզ և մեր Երկիրը իր անասնացած խաղերի մեջ, դրա մասին ոչինչ չգիտենք: Այդ վառոդով լի տակառի պայթյունը կլինի կործանարար:
Մեզ պարզ չի նաև արևմուտքի վերաբերմունքը, որովհետև նրանք էլ զբաղված են իրենց աշխարհաքաղաքական շահերի գլոբալ խնդիրներով, ինչպես նախորդ դարասկզբին:
Կարևոր չէ, որ ոլորտից, որ կուսակցությունից, որ փողոցից, որ բակից որ երկրներում ենք հաստատված, որ քաղաքներից ենք և որ քաղաքական դաշտերից ու ձորերից: Կարևոր չէ՝ այսօրվա կառավարման օղակներից ենք, թե սփյուռքում իրար միս ուտող կուսակցություններից. կան իրավիճակներ երբ բոլորը մե՛կ պիտի դառնան:
Հարկավոր է Ազնիվ Գիտակիցների համահայկական համախմբում, ովքեր կկարողանան միասնական աշխատել երկրապահպան տարբեր հարցերի շուրջ, ովքեր պատրաստ են և ունակ են միասնական աշխատելու, որպեսզի այս ծանր աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակներում լուծումներ և ճանապարհներ գտնեն Հայրենիքը վտանգներից պաշտպանելու համար:
Ցավալի է ու ապշեցուցիչ, բայց այդպիսի համախբվածություն չկա, ամեն բան կարկատված լաթի պես կտոր-կտոր է եղած…ինչպես միշտ: Ցավալի է, որ քսանմեկերորդ դարում էլի՛ չենք համախմբվում: Այս կոմունիկացիոն հնարավորությունների առկայության դեպքում, մենք պիտի նույն երգը երգեինք համայն հայությամբ, բայց դա չարվեց, որովհետև իմպերիային ու մնացած ուժերին դա ձեռնտու չէր, նրանց պետք չի կայուն և ուժեղ Հայստան: Փոխարենը մենք բաժանվեցինք տարբեր երկրների շահերի, տարբեր կոլխոզնիկների անձնական հետույքը պաշտպանելու, կլանային ճղճիմ հետաքրքրությունների օգտին աշխատելու գործերին: Հավատացե՛ք, այս դարը ուրի՛շ է լինելու, հավատացե՛ք և կենտրոնացե՛ք մեզանով մեզ հավաքելու գաղափարի շուրջ:
Եթե ուշքի չգանք, եթե միասնական չդառնանք, ժամանակը չի սպասելու՝ մեկ օրում ամեն բան կարող է փոխվել, մեկ օրում բոլոր քաղաքական ու հասարակական գործիչները, նրանց անցյալը, ներկան, ապագան, ամբողջ երկիրի այսօրվա ռուսա-սովետական սիստեմը, այս կլանային ախոռի հետ միասին կդառնա անպիտան ու անիմաստ թափոն :

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: