Ծեծն ու նվաստացումները հանգեցրել են երիտասարդ կնոջ ինքնասպանության

May 19, 2017 Չի մեկնաբանվել

Երիտասարդ ընտանիքում կնոջ նկատմամբ բռնությունն ու նվաստացումները հանգեցրել են 29-ամյա կնոջ ինքնասպանության:

2017թ. մարտի 3-ին ահազանգ էր ստացվել, որ երիտասարդ կինը՝ 1986թ. ծնված Հայկանուշ Քեյվանյանը, իրենց տան երկրորդ հարկից նետվել է նկուղային հարկ և ստացված վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Գիտակցության չգալով՝ երիտասարդ կինն օրեր անց հիվանդանոցում մահացել էր։

Կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ ՔԿ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել տուժողի ամուսնուն՝ նշելով, որ քննության արդյունքների մասին, նախաքննության շահերից ելնելով, այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Մեր տեղեկություններով՝ ամուսինների միջև վիճաբանությունը պարբերական բնույթ է կրել, սահմանափակված են եղել նաև կնոջ՝ ընկերուհիների հետ հաղորդակցվելը։

Ճակատագրական օրն էլ ամուսինները վիճաբանել են, քանի որ կինը «համարձակություն» է ունեցել խնդրել ամուսնուն թույլատրել ընկերուհու հետ գնալ գնումների։ Հերթական վիճաբանությունից հետո էլ տեղի է ունեցել չարաբաստիկ դեպքը։

Կնոջն ինքնասպանության հասցնելու համար 30-ամյա ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ծեծն ու նվաստացումները հանգեցրել են երիտասարդ կնոջ ինքնասպանության”

Մեկնաբանել