«Ապստամբներին» ճնշել են

May 20, 2017 Comments Off on «Ապստամբներին» ճնշել են

«Որտեղ է Իշխան Զաքարյանը», հարցն արդիական է նաեւ վեցերորդ գումարման Ազգային ժողովում։ Ծառուկյան դաշինքի շտաբի պետը, որը ընտրությունները համակարգելու համար հրաժարական տվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից ու մեծ հավակնություններ ուներ, որ ընտրություններից հետո առնվազն ԱԺ փոխնախագահի պաշտոն կզբաղեցնի, բայց մնաց շարքային պատգամավորի կարգավիճակում ու չներկայացավ նույնիսկ ԱԺ անդրանիկ նիստին։

Մամուլում հետեւողական լուրեր են շրջում, որ Գագիկ Ծառուկյանը Իշխան Զաքարյանին երկրորդ պլան է մղել, քանի որ ջերմ հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ եւ Ծառուկյան դաշինք խմբակցությունում Զաքարյանին առաջնային մանդատ հանձնելով կնշանակեր առաջ տանել Աբրահամյանի պլանները։ Իսկ Սերժ Սարգսյանը դեմ էր դրան։

ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն լուրերին, որ հենց Իշխան Զաքարյանը պետք է իր փոխարեն զբաղեցներ փոխնախագահի պաշտոնը․ «Շատ ներողություն, իսկ ԱԺ նախագահն ով որ եղել ա, իրա անունը շրջանառվո՞ւմ էր: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և պետք է թողնել, որ հասունանան գործընթացները և գան հանգուցալուծվեն», հարցին հարցով պատասխանեց Մելքումյանը։ Հարցին, թե Իշխան Զաքարյանը նեղացա՞ծ է, նա պատասխանեց՝ ոչ: «Ընդհանրապես քաղաքականության մեջ խնամիություն, բարեկամություն, նեղացվածություն և այլ վառվռուն գույները կատեգորիա չեն: Ձեր ասած դեպքը նեղացվածության որևէ հիմք չունի»,- ասաց նա:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Իշխան Զաքարյանն առաջիկայում վայր կդնի մանդատը, Մելքումյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի: Ի դեպ, դաշինքի ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած թեկնածուների «ապստամբության» հետուում էլ ըստ լուրերի կանգնած են եղել Իշխան Զաքարյանն ու Հովիկ Աբրահամյանը։

Այսօր, ի դեպ, հրաժարականի դիմում են ներկայացրել խմբակցության պատգամավորներից երեքը՝ Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Խաչիկ Մանուկյանը, որոնք գնացել եւ ԿԸՀ-ից հետ էին վերցրել իրենց անունից տարված դիմումները։ Միքայել Մելքումյանն ասաց, որ այդ պատգամավորները կամավոր են դիմում գրել և երեկ ու այսօր են այդ դիմումները գրել:

«Երեկ պարոն Ծառուկյանը շատ հստակ ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել, ԿԸՀ գնացած մեր գործընկերների որ մասը որ շարժառիթով է գնացել, տարբեր են դրանք: Այդ դիմումները գրվել են երեկ և այսօր, դա փաստ է: Մարդիկ կամավոր եկել են այն համոզման, որ իրենք պետք է ինքնաբացարկի դիմումներ գրեն: Այդտեղ որևէ արտառոց բան, որևէ խորամանկություն, դետեկտիվ ժանրից որևէ բան չկա», ասաց Մելքումյանը:

Խմբակցության այլ պատգամավորնե՞ր էլ ինքնաբացարկի դիմում կգրեն․«Դա գործընթաց է, որը պետք է գնա, կլինի, նոր կիմանաք»։ Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ ինքնաբացարկ հայտնած պատգամավորների վրա որևէ ճնշում չի գործադրվել:

«Ընդհանրապես էդ ճնշում հասկացությունը էս նոր իրավիճակում… Գիտեք ինչ, թիմ է, մարդիկ աշխատում են, տասնյակ հազարավոր մարդիկ են, ովքեր մեծ աշխատանք են կատարել դրան նախորդող տարիների ընթացքում: Նրանք մեր գործընկերներն են, և պարտադիր չէ, որ մարդն իր գործունեությունն իրականացնի միայն պառլամենտում: Որևէ մեկի ճակատին գրված չէ, որ ինքն անպայման պետք է մշտական ներկայացված լինի այստեղ»,- ասաց նա:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: