Դիվանագիտական սկանդալ. շանս Արցախի համա՞ր

May 20, 2017 Չի մեկնաբանվել

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի մի հայտարարություն դիվանագիտական սկանդալի առիթ է դարձել Վրաստանի և ԵՄ-ի միջև:

Պաշտոնական Թբիլիսին խստորեն քննադատում է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին` Հարավային Օսիա կատարած այցի և այնտեղ հնչեցրած հայտարարությունների համար:

Երեքշաբթի օրը այցելելով Ցխինվալի, Զալբերը հանդիպել էր ինքնահռչակ հանրապետության նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի հետ` շնորհավորելով նրան Հարավային Օսիայի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այստեղ կազմակերպված ընտրությունների արդյունքների, ինչպես նաև այս կարևոր պաշտոնը զբաղեցնելու առթիվ: Հուսով եմ, որ ժնևյան ձևաչափում ընթացող բանակցություններին մոտ ապագայում նոր լիցք կհաղորդվի: Այդ քննարկումների առանցքային թեման, իհարկե, ուժի կիրառումից զերծ մնալու պարտավորությունն է լինելու», – հայտարարում էր Եվրամիության ներկայացուցիչը Հարավային Օսիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

Զալբերի այցի հաջորդ օրն արդեն պաշտոնական Թբիլիսին կտրուկ կերպով արձագանքեց եվրոպացի պաշտոնյայի` Ցխինվալիում հնչեցրած հայտարարություններին: Երեկ կեսօրին Վրաստանի արտաքին գործերի նախարարություն էր հրավիրվել Եվրամիության թբիլիսյան պատվիրակության ղեկավար Յանոշ Հերմանը: Նրա հետ հանդիպեց ԱԳ փոխնախարար Դավիթ Դոնդուան: «Այն ամենը, ինչ հայտարարում էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, առնվազն անհասկանալի էր և անընդունելի: Այդ հայտարարությունները հակասում էին միջազգային իրավունքի նորմերին և չէին նպաստում Վրաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, որոնց գլխավոր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն է», – հայտարարում էր Դավիթ Դոնդուան՝ հույս հայտնելով, որ Եվրամիության ղեկավարությունը հստակ գնահատական կհնչեցնի կատարվածի առթիվ:

Եվրամիության պատվիրակության ղեկավար Յանոշ Հերմանը ևս Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ավարտին նշում էր, որ իր գործընկերոջ` Հարավային Օսիայում արած հայտարարությունները որևէ առնչություն չունեն Բրյուսելի պաշտոնական տեսակետի հետ:

Վրաստանի կառավարության ներկայացուցիչները նույնպես համոզված են` Հերբերտ Զալբերը Ցխինվալիում, փաստորեն ճանաչելով հարավօսական ընտրությունների արդյունքները, արտահայտել է իր անձնական, այլ ոչ թե Եվրամիության հավաքական տեսակետը: «Լրատվամիջոցներում մեջբերվող հայտարարությունները հակասում են Եվրամիության պաշտոնական տեսակետին: Ամեն դեպքում, այդ հայտարարությունների պատճառով կարիք չկա ենթադրել, թե Եվրամիության մոտեցումները փոփոխության են ենթարկվել», – հայտարարում էր սառեցված հակամարտություններով զբաղվող գլխավոր պաշտոնյան` Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրահավասարության նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Իհարկե, քաղաքակիրթ աշխարհը ճանաչում  է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, այստեղ այլ մեկնաբանություններ չեն կարող լինել:

Պարզ է, որ  Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հայտարարությունը աջակցություն չի ստանա ԵՄ-ում: Ավելին, եվրոպացի պաշտոնյան կարող է կորցնել պաշտոնը` նման ԵՄ-ին հակասող դիրքորոշում արտահայտելու համար:

Սակայն, այս փաստը, մյուս կողմից ունի այլ հարթություն: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, երբ այս կամ այն առիթով շփվում են Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի ղեկավարությունների հետ` ակամայից Ղարաբաղը դասում են այս երկրների շարքին:

Մինչդեռ Արցախը լրիվ այլ դիտանկյունից է պետք դիտարկել: Այն «նվերը», որը մատուցել է Ալիևն այս տարիների ընթացքում, ոչ ոք չէր կարող էր իրականացնել. Ալիևյան ռեժիմն իր հայատյացությամբ, պատերազմի քարոզչությամբ ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղն, այլևս երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախում ապրող ժողովուրդը ունի ինքնորոշվելու իրավունք և պետք է իրացնի իրավունքը:

Այլ հարց է, թե հայկական դիվանագիտությունն ինչ է անում` Արցախի միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի ուղղությամբ: Բայց պարզ է նաև, որ դա չի կարող լինել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հետ նույն շարքում կանգնելը: Ընդհակառակը, դա կարող է ավելի հեռացնել Արցախի երազանքը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Դիվանագիտական սկանդալ. շանս Արցախի համա՞ր”

Մեկնաբանել