Նախապատերազմական վիճակն արձանագրված է

May 20, 2017 2 Comments

Օրերս Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված էին հասցրել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ:

Այս հարձակումը նոր իրավիճակ ստեղծեց ԼՂ խնդրի շուրջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարություն են տարածել՝ շփման գծում վերջին օրերի լարվածության մեջ մեղադրելով Ադրբեջանին:

«Համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից հավաքված տեղեկությունների՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական սարքերի: Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ի ընթացքում հայկական զինված ուժերը մահացու կրակով պատասխան են տվել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Երկու կողմերի այս գործողությունները ցույց է տալիս հրադադարի ակնհայտ խախտումներ և ահազանգի տեղիք են տալիս: Այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև զոհերի ու հասցված վնասի վերաբերյալ տվյալները հակասական են: Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են տվյալներ հավաքել և վերլուծել դրանք՝ իրավիճակի մասին ավելի ամբողջական և ճշգրտի տեղեկություն ստանալու համար: Համանախագահները դատապարտվում են հրադադարի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա լարվածությունը կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Թեև համանախագահների հայտարարության մեջ արձանագրվել է, որ Ադրբեջանն է վերջին լարվածության ստեղծման պատասխանատուն, որը հրթիռ է արձակել, այնուամենայնիվ, անգամ համանախագահների մակարդակով է արձանագրվել, թե որքան անելանելի իրավիճակում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը:

Այսինքն` նմանատիպ հայտարարություններով կարող ենք արձանագրել արդեն, որ համանախագահներն էլ ոչ թե զբաղված են կողմերին փոխզիջումների մոտեցնելով, այլ, պարզ ասած` նախապատերազմական իրավիճակը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություններ են անում: Իսկ սա արդեն նոր ռեժիմ է, նախապատերազմական:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան էլ երեկ կայացած ճեպազրույցում՝ անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղյան շփման գծում լարվածության աճին և գրանցված միջադեպերին, նշել է․ «Տարբեր աղբյուրներից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 15-ին Ադրբեջանի տարածքից հարվածել են հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտին: Մյուս կողմը, բնականաբար, արձագանքել է: Թե ինչ չափով է վնասվել այդ օբյեկտը, տարբեր տեղեկություններ կան: Ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ռուսական կողմի դիրքորոշումը։ Ռուսաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է իրավիճակի սրումը հակամարտության գոտում և կոչ է անում բոլոր կողմերին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր քայլերը՝ էսկալացիային վերջ տալու համար»:

Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին ռուսական կողմը տեղեկություն չունի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Նախապատերազմական վիճակն արձանագրված է” հրապարակմանը