ԱՄՆ-ի կոշտ արձագանքը՝ «Էրդողանի ջարդարարներին»

May 20, 2017 Comments Off on ԱՄՆ-ի կոշտ արձագանքը՝ «Էրդողանի ջարդարարներին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած բռնությունների առնչությամբ՝ Պետդետպարտամենտը հանդես է եկել խիստ հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել միջադեպի կապակցությամբ: Այդ միջադեպում մասնակցություն էին ունեցել նաև Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները: «Միացյալ Նահանգները հնարավոր ամենախիստ տոնով իր մտահոգությունն է փոխանցել Թուրքիայի կառավարությանը: Խոսքի ազատությանը բռնությամբ արձագանքելը երբեք հարիր չէ։ Մենք սատարում ենք մարդու ազատ ինքնաարտահայտման եւ խաղաղ ցույցի դուրս գալու իրավունքը», նշվեց Պետդեպարտամենտի հայտարարությունում, հայտնում է «Ազատությունը»:

Միջադեպի շուրջ իրավիճակն ավելի թեժացավ: ԱՄՆ Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար, հանրապետական ՄըքՔեյնն անգամ կոչ է արել՝ հետ ուղարկել Թուրքիայի դեսպանին: «Մենք պետք է ԱՄՆ-ից նրանց դեսպանին դժոխք շպրտենք, նման արարքները չեն կարող անպատասխան մնալ»,- այսօր MSNBC-ին տված հարցազրույցում ասել է հանրապետականների ազդեցիկ սենատորը: Ավելի վաղ՝ «Թվիթեր»-ում մեկնաբանելով բռնությունները ցուցադրող տեսանյութը, ՄըքՔեյնը գրել էր՝ «Սա ԱՄՆ-ն է, և նման բանդիտական վարքագիծը որևէ արդարացում չունի»:

Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին կոչ է արել՝ քայլեր ձեռնարկել հարձակման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Նա գրել է՝ օտարերկրյա կառավարությունների աշխատակիցները հանցավոր վարքագծի դեպքում չպետք է անձեռնմխելիություն ունենան, և հորդորել է մինչ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցների հեռանալը, արագորեն հետաքննություն սկսել ու համապատասխան քրեական մեղադրանքներ առաջադրել:

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուսերն էլ ասել է. «Այն, ինչ մենք տեսանք երեկ՝ բռնություններով հարձակում էր խաղաղ ցուցարարների վրա: Դա մեր արժեքներին ու իրավունքներին հասցված վիրավորանք էր»: Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթըր Նյուշեմն ասել է, թե իրավիճակը պոտենցիալ վտանգավոր էր, քանի որ թուրքական անվտանգության աշխատակիցներից ոմանք զինված էին:

Հիշեցնենք, Էրդողանի ԱՄՆ այցելության ժամանակ ԱՄՆ-ի հայկական, քրդական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ, սակայն, Էրդողանի աջակիցները, այդ թվում՝ նրա թիկնազորի անդամները, հատելով փողոցը, հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և ծեծի ենթարկել նրանց:

Բռնությունների հետևանքով 11 մարդ է տուժել: Երկու մարդ ձերբակալվել է իրավախախտումներ թույլ տալու մեղադրանքով: Նրանցից մեկը՝ ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ քուրդ 42-ամյա Ջալալ Հեյրաբադին «Ռոյթերզ»-ին ասել է, որ իրեն ծեծեի են ենթարկել Էրդողանի անվտանգության ծառայության երեք կամ չորս աշխատակիցներ, ինքը փորձել է պաշտպանվել և չի հասկացել, թե ինչպես է դիպել ոստիկանին, ինչի համար այժմ մեղադրվում է:

Մյուս ձերբակալվածը Էրդողանի աջակիցների խմբից 49-ամյա Այթին Նեջմին է, ով մեղադրվում է ագրեսիվ հարձակում գործելու մեջ: Տուժած կանանցից մեկը ճանաչել է նրան, ցուցմունք տալով, որ Նեջմին հարձակվել է իր վրա, հարվածել ու գետնին տապալել: Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնում է, որ հետաքննությունը շարունակվում է, և հնարավոր է՝ այլ մարդկանց ևս մեղադրանք առաջադրվի:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե խաղաղ ցուցարարները կապ ունեն Քրդական բանվորական կուսակցության հետ: Ըստ դեսպանատան հայտարարության, բռնություններն ու վնասվածքները չարտոնված ու սադրիչ ցույցի հետևանքն են: Նշվում է նաև, որ այդ պահին Էրդողանը գտնվում էր դեսպանատան շենքում: Ըստ Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալության՝ Էրդողանի կողմնակիցները նման քայլի են դիմել, քանի որ ոստիկանությունն անհրաժեշտ միջոցներ ձեռք չի առել ցուցարարներին հանդարտեցնելու համար:

«Վաշինգտոն փոստ»-ը իր խմբագրականում նշում է՝ մասնավորապես, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Էրդողանի թիկնազորի գործողությունների վրա, որոնք, ինչպես հաստատում է թուրքական պետական լրատվական գործակալությունը, ներգրավված են եղել միջադեպում: «Կարո՞ղ եք պատկերացնել, թե նրանք կարծում էին, որ ոստիկանությունն անհրաժեշտ միջոցների չի դիմում ցուցարարներին հանդարտեցնելու համար»,- վրդովվում է ամերիկյան հեղինակավոր պարբերականը՝ իր խմբագրականում գրելով․

«ԱՄՆ-ի նախագահի ընդունելությունից Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանն այնքան լավ է զգացել, որ իրեն համարել է իր տանը, մտածելով թե իր ջարդարարները կարող են ծեծել խաղաղ ցուցարարներին»: Պարբերականը հիշեցնում է՝ սա առաջին անգամը չէ, երբ ԱՄՆ-ում Էրդողանը վախեցնում է իր խիստ ռեժիմի այլախոհներին: 2016 թվականին Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ նույնպես նրա անվտանգության աշխատակիցները փորձել էին հեռու վանել անցանկալի լրագրողներին ու ցուցարարներին:

«Այն, որ Էրդողանը Թուրքիայում, ցավոք, հաջողություն ունի այլախոհներին ճնշելու գործում, նրան բնավ իրավունք չի տալիս ժամանել այս երկիր և հարձակվել ամենահիմնարար ու նվիրական ազատությունների վրա: Անհրաժեշտ է հստակորեն հայտարարել, որ նման վարքագիծն անթույլատրելի է և հանդուրժողականություն չի լինի»,- ընդգծում է «Վաշինգտոն փոստ»-ի խմբագրականը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: