Ծանր հարված Պուտինի համար

May 16, 2017 Comments Off on Ծանր հարված Պուտինի համար

Անցյալ շաբաթ կարևոր հանդիպում տեղի ունեցավ, որը, ընդհանուր առմամբ տարածաշրջանային քաղաքականության վրա ազդեցություն է ունենալու՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետագա քայլերի առումով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել էր Վաշինգտոն իր գործընկեր Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպելու համար: Անցած ամիս նրանք հանդիպել էին Մոսկվայում ու քննարկել սիրիական ճգնաժամը:

Ասվում էր, որ սիրիական հարցում երկու կողմերն էլ ցանկանում են հասնել քաղաքացիական պատերազմի ավարտին և նոր կառավարության ձևավորմանը, որը ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար: Սակայն, ակնհայտ է, որ նման ոճով հայտարարությունների հիմքում իրականում չկան դրական հույսեր, պահպանվում են հակասությունները:

Նախքան փակ դռների ետևում քննարկումների սկիզբն երկու արտգործնախարարները կարճ հանդիպում են ունեցել լրագրողների հետ: Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել Լավրովին՝ Վաշինգտոն այցելելու համար: Ռուսաստանի արտգործնախարարի այցը Վաշինգտոն ընթացավ ԱՄՆ-ում Ռուսաստանի հետ կապված ներքաղաքական սկանդալային իրավիճակի ներքո: Դեմոկրատները շարունակում են մտահոգություն հայտնել ամերիկյան ընտրություններին ռուսական հնարավոր ներգրավվածության վերաբերյալ:

Եվ ահա, Թիլերսոնը ՌԴ-ի հետ մաքուր էջից հարաբերություն կառուցելու թեմայով: Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է վերադարձնել մակարդակ, որը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից, իսկ ամենը մաքուր էջից սկսելը չի թվում հնարավոր, Fox News հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

«Ես կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք դիտարկել այդ հարաբերությունների ողջ սպեկտրը։ Կան բազմաթիվ կարևոր ոլորտներ, որոնց պահանջվում է ուշադրություն դարձնել, եթե, իհարկե, մենք պատրաստվում ենք վերադառնալ փոխհարաբերությունների, որոնք, մենք տեսանկյունից, անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության համար»,-ասել է նա։ Թիլերսոնը հայտարարել է, որ ամերիկացի ժողովրդի և այլ երկրների համար «օգտակար չէ», որպեսզի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները մնան ցածր մակարդակի վրա։

Եթե ուշադրություն դարձնենք, ապա պաշտոնական Վաշինգտոնը, փաստորեն, մի կողմից արձանագրել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է վերադարձնել մակարդակ, սակայն նաև ընդգծել է, որ «մաքուր էջից սկսելը չի թվում հնարավոր»:

Սա ինքնին կարևոր հայտարարություն է, որը ամբողջությամբ հուսախաբ է անում Մոսկվային, որը մեծ հույսեր էր կապում հարաբերությունները բերել բնականոն հուն: Վաշինգտոնը հասկացնել է տալիս, որ Մոսկվան իր քայլերի համար պատասխանատվություն է կրելու, այսինքն` «զիջումները» Վաշինգտոնից են ակնկալվելու` Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Եթե այս ամենին էլ գումարում ենք օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը պետք է վերադառնա Հարավային Կովկաս, կարող ենք ամբողջացնել հետևյալը` չնայած Ռուսաստանում առկա լուրջ սպասելիքներին` Թրամփի ընտրությամբ, ԱՄՆ-ը Ռուսաստանին չի ցանկանում զիջել աշխարհաքաղաքական լրջագույն հարցերում:

Ավելին, ԱՄՆ-ից չի լինելու ամենագլխավոր զիջումը` Ռուսաստանի ազդեցության հետ հաշտվելու և հարաբերություններ կարգավորելու հարցում:

Ռուսաստանին այնքան էլ հեշտ ժամանակներ չեն սպասվում: Այլ իրավիճակ էր` Օբամայի հեռանալու օրերն ու ժամերը հաշվելու` հույսեր ունենալով Թրամփից, այլ է, երբ իրավիճակը մնում է նույնը Ռուսաստանի համար: Այս վիճակն ուղղակիորեն Ռուսաստանը տնտեսապես ծնկի բերելուն է հավասարազոր:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: