Դեմքեր կբացվեն… դիմակներ կպատռվեն…

May 12, 2017 Comments Off on Դեմքեր կբացվեն… դիմակներ կպատռվեն…

Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին: «Հուշագրի կնքման համար հիմք են հանդիսացել նոր Սահմանադրությունը, նախորդ կնքած կոալիցիոն հուշագիրը, մեր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև Ազգային ժողովի վերջին ընտրությունների արդյունքները։ Կոալիցիայի հիմնական ուղղություններն են լինելու՝ մարդը, հասարակությունը և պետությունը», – հուշագրի ստորագրմանը հաջորդած ճեպազրույցին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին զրուցեցինք քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, ինչու ՀՀԿ-ն խիստ անհրաժեշտություն համարեց ՀՅԴ-ի հետ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը, երբ ՀՅԴ-ն խորհրդարանում ընդամենը հինգ հոգանոց խմբակցություն է, իսկ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի

-Ոչ թե ՀՀԿ-ին է պետք այդ կոալիցիան, այլ անձամբ Սերժ Սարգսյանին:

-Ինչո՞ւ:

-Շատ պարզ, քիչ ժամանակ է մնում իշխանությոնը հանձնելուն, նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի եւ անձամբ Սերժ Սարգսյանը պետք է ունենա բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում: Եթե ՀՅԴ-ն լիներ անգամ մեկ հոգանոց խմբակցություն, միեւնույն է կոալիցիան կլիներ, որովհետեւ յուրաքանչյուր մարդու ձայնը կարեւոր է, քանզի անցնում ենք պառլամենտական կառավարման:

-Այսինքն այդ հուշագիրն ու դրանից բխող պորտֆելները ՀՅԴ-ն ստանում է ոչ թե Սերժ Սարգսյանի մեծահոգության արդյունքում, այլ որ լուրջ գործոն է դառնում ներքաղաքական կյանքում:

-Այո, լրջագույն գործոն: ՀՅԴ-ն միակ միակ գործող եւ լուրջ կուսակցությունն է, որ ցանկացած երկրում կառույց ունի ու ՀՀ-ից երբ դուրս ես գալիս կարող են ցանկացած երկրում դիմավորել կամ լավ, կամ վատ:

-Վերջին տարիների ՀՅԴ սփյուռքի կառույցները առանձնապես չեն ողջունում հայաստանյան ընկերների իշխանամետ գործողությունները:

-Կարծում եմ՝ այդպես չէ, եթե այդպես լիներ, կլսեինք:

-Կոալիցիոն հուշագրում վարչապետի թեկնածուի վերաբերյալ փոխպայմանավորվածության, համաձայնության որեւէ դրույթ չկա, ինչպես սա կմեկնաբանեք, հատկապես Կարեն Կարապետյանի վերջերս արած այն հայտարարության համատեքստում, ով ցանկություն է հայտնել վարչապետի պաշոնում մնալ նաեւ 2018-ից հետո:

-Ես այդ բացթողումը հուշագրում պատահական չեմ համարում, այսպես տեղ են թողնում վաղը կամ մյուս օրը ասենք հայտարարելու, որ մեր կոալիցիոն ընկերը համաձայն չէ, որ Կարն Կարապետյանը լինի մեր վարչապետը: Այսինքն մի պատուհան է բաց, որտեղից կարող են ցանկացած միտք հաղորդել ուրիշի շրթունքներով:

-Իշխանությունը մահակ է լինելու ներիշխանական հարաբերությունների վրա:

-Այո, որովհետեւ այստեղ զարգացումներն այլ են լինելու, հաստատ Կարեն Կարապետյանի հաջողությունները որոշ մարդկանց դուր չեն գալու, դրանք անկախության գրավական են:

-Կարծում եք կհաջողվի Կարապետյանին կյանքի կոչել իր ցանկությունը եւ 2018-ից հետո մնալ վարչապետ:

-Կարապետյանը խորհրդարանի ընտրությունների ժամանակ լրջագույն դերակատարություն ունեցավ:Տեսեք թե ինչպես լքված, սոված, 30 տոկոս աղքատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացին ընդունեց վարչապետին: Առանց նրա ՀՀԿ-ից ոչ մեկը չէր կարող կանգնել մարդկանց դիմաց ինչքան էլ, որ իրենց ուզած մարդկանցով այդ հրապարակը լցված լիներ: Իսկ իր քաղաքական ծրագրերը կյանքի կոչելը կախված է մեկ բանից, թե մենք ինչպիսի քաղաքական աշուն կմտնենք: Այն ժամանակ կերեւա, թե ով ինչի համար է եկել ԱԺ, հետաքրքիր փաստերի ականատեսը կլինենք՝ դեմքեր կբացվեն, դիմակներ կպատռվեն: Մի հարցում եմ հուսով, որ ամեն դեպքում ԲՀԿ-ն կլինի ՀՀ քաղաքացու հետ:

-Ինչու եք այդ կարծիքին:

-Գոնե նրա համար, որ գիտեմ ԲՀԿ առաջնորդը բավականին կարգին մարդ է: Իսկ Կարեն Կարապետյանը հուսով եմ չի արժանանա Հովիկ Աբրահամյանի բախտին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: