Ես չեմ զարմանա, եթե վաղը հարց դրվի փակել  Հայաստանում գործող դեսպանատները. Անուշ Սեդրակյան

May 12, 2017 Comments Off on Ես չեմ զարմանա, եթե վաղը հարց դրվի փակել  Հայաստանում գործող դեսպանատները. Անուշ Սեդրակյան

Ռուսաստանը շահագրգռված էր, որ որ Հայաստանում չգործի ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, իսկ Հայաստանի իշխանությունները իրականացնում են հերթական ծածկադմփոցը: Hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Անուշ Սեդրակյանը՝ գնահատելով գրասենյակի փակման որոշումը: «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման համար հայկական կողմն անընդհատ շեշտում է Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականությունը: Բաքուն ադրբեջանական գրասենյակը սեփական նախաձեռնությամբ փակել էր և բնականաբար պնդում էր, որ փակվի նաև Հայաստանի գրասենյակը, սակայն ոչ ոք չի խոսում այն մասին, որ Ռուսաստանն էր շահագրգռված, որ Հայաստանում չգործի եվրոպական անվտանգության և համագործակցության որևէ գրասենյակ, որպեսզի Հայաստանն ամբողջությամբ ՀԱՊԿ-ի ենթակայության ներքո գտնվի»,- նշեց Ա. Սեդրակյանը՝ ավելացնելով, թե մենք բազմիցս ունեցել ենք առիթներ՝ համոզվելու, թե ՀԱՊԿ-ը ինչպես է կարգավորում անվտանգության ծրագրերը: «Արդյունքում մենք կանգնած ենք այն իրողության առջև, որ Ռուսաստանն անարգել զենք է վաճառում մեր հակառակորդին՝ Ադրեբջանին, հայ-ադրբեջանական որևէ ռազմական կոնֆլիկտի Ռուսաստանը չի միջամտում, դեռ հակառակը՝ կոնֆլիկտների ժամանակ փորձում է սահմանափակել մեր մասնակցությունը: ԵԱՀԿ գրասենյակի փակումը նույն տրամաբանությամբ արված քայլ է. ես չեմ զարմանա, եթե վաղը հարց դրվի փակել Հայաստանում գործող դեսպանատները և դրանց փոխարեն բացել ռուսական ներկայացուցչություններ, չեմ զարմանա եթե խոսք գնա USAD-ի գրասենյակի փակման մասին: Սա հատուկ մշակված քաղաքակնություն է»,- հայտարարեց վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը լուրջ դերակատարում ուներ Հայաստանի համար, քանի որ նրա գործունեությունը առնչվում էր արցախյան հիմնահարցին: Թեպետ գրասենյակը բանակցային գործընթացին չէր մասնակցում, սակայն ֆորս-մաժորային դեպքերում այն միջազգային անվտանգության վերահսկողության մեխանիզմներից մեկն էր, որը ծառայում էր որպես արագ արձագանքման գործիք, որը մենք կորցրինք: Անուշ Սեդրակյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները կոծկում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման իրական պատճառները. «Հայաստանի մեդիա դաշտում ցանկացած մանրուք, Երևանի ավագանու ընտրությանը վերաբերող ցանկացած մանր դրվագ թմբկահարվում է ամենաբարձր ռեզոնանսով, իսկ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը անտեսված է կամ ծայրահեղ դեպքում ներկայացվում է որպես Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունք»,- կարծում է Ա. Սեդրակյանը:

Հարցին, թե ՀՀ իշխանությունները կարող էին որևէ կերպ թույլ չտալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը և ինչ քայլեր պիտի ձեռնարկեին, որ չեն արել, Ա. Սեդրակյանը նշեց. «Եթե ռուսական քաղաքականության վեկտորով կաղապարված Հայաստանի իշխանությունները ունենային պետականության տեսլական, կարող էին ընդդիմանալ դրան: Հայաստանը կարող էր հայտարարել, որ դա միջազգային նորմերի խախտում է, և ընդհանրապես ՀՀ դիվանագիտական չգործող կորպուսի գործառույթն է՝ նման դեպքերում գտնել ելքեր և լուծումներ: Ես դիվանագիտական իրավաբանության նրբություններին չեմ տիրապետում, բայց վստահ եմ, որ եթե երևանյան գրասենյակի փակման մեխանիզմը իրավական առումով պետք է աշխատեր, անպայման կարելի էր գտնել դրա դեմն առնելու քայլեր, հնարավոր չի, որ այդպիսիք չլինեին: Քաղաքական, իրավական, քաղաքական և դիվանագիտական գործընթացը պարտադիր ունի նաև իր հակափաստարկները և հակագործոնները, որրոնք այս դեպքում չեն աշխատել՝ սա փաստ է»,- իր խոսքը եզրափակեց Ա. Սեդրակյանը:

Հիշեցեննք, որ 2016 թվականի դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստում Ադրբեջանը դեմ արտահայտվեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը, և արդյունքում կայացվեց երևանյան գրասենյակի փակման որոշումը: 1999 թվականից գործող երևանյան գրասենյակն աջակցել է իրագործել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները 3 ուղղություններով՝ աջակցություն համայնքային ոստիկանության գործունեությանը, աջակցություն հարկային ու կարգավորիչ բարեփոխումներին և աջակցություն իրավապաշտպաններին, կանանց հավասարությանը և մամուլի ազատությանը: Ամենալուրջ ծրագրերից մեկը, որ իրագործում էր գրասենյակը, ականազերծման ծրագիրն էր, որն այս տարվա սկզբից չի գործում:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: