Վարչապետն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

May 05, 2017 Comments Off on Վարչապետն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երեւանում» ծրագրի շրջանակում:

Վարչապետը կարեւորել է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության հետեւողական զարգացումը եւ նշել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարբեր հարթակներ՝ նոր թափ հաղորդելու տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ առեւտրաշրջանառության ծավալների, զբոսաշրջային փոխայցելությունների ավելացմանը եւ այլն: Կառավարության ղեկավարը ողջունել է նաեւ Երեւանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երեւանի օրեր անցկացնելու գաղափարն ու ավելացրել, որ այն եւս լավ միջոց է կապերի ամրապնդման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գեորգի Պոլտավչենկոն ասել է, որ վերջին շրջանում Երեւանի հետ ակտիվ համագործակցության արդյունքում աճել են երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները, իսկ այդ ուղղությամբ հետագա քայլերն իրականացվում են ըստ սահմանված միջոցառումների ծրագրի: Նահանգապետն ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգում մեծ պահանջարկ են վայելում հայկական տարբեր մթերքներն ու ապրանքները եւ հավելել, որ դրանց ծավալներն էապես ավելացնելուն կնպաստի նաեւ քաղաքում կառուցվող «Երեւան» առեւտրի տունը: Ըստ Գեորգի Պոլտավչենկոյի, Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը հետեւողական քայլեր են իրականացնում նաեւ առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակութային եւ հումանիտար ոլորտներում կապերի զարգացման ուղղությամբ: Նահանգապետի խոսքով, Սանկտ Պետերբուրգի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում եւ նրանք պատրաստ են դիտարկել տարբեր նախագծեր ու առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը ողջունել է համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը եւ ավելացրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարբեր նախաձեռնությունների իրականացմանը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել նաեւ որպես իրանական շուկա մուտք գործելու հարթակ՝ ներգրավվելով Մեղրիի ազատ տնտեսական գոտու ծրագրում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: