Ապուշի տեղ դրած «քցեցին»

May 05, 2017 Comments Off on Ապուշի տեղ դրած «քցեցին»

Նախօրեին «Ծառուկյան» դաշինքի 23 պատգամավորի անունից մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել:

Երեկ արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները:

Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան և Վահան Կարապետյան:Այս թեմայով զրուցեցինք ՕՐՕ դաշինքի անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։

-Պարոն Արշակյան, գործընթացը ինչպես կմեկնաբանեք, հնարավո՞ր էր առանց որեւէ հովանավորչության այդ 12 հոգին վիճարկեին Ծառուկյանի որոշումը։

-Իհարկե, ոչ։Ես կարծում եմ նախնական պայմանավորվածություն է եղել Ծառուկյան Գագիկին «քցելու»։ Թեպետ ես նրանցից մի քանիսին ճանաչում եմ, նրանք «քցող» չեն, բայց քանի որ «քցեցին», դա նշանակում է, որ շատ ավելի լուրջ անհանգստացնող է եղել, քան Գագիկ Ծառուկյանի առյուծներն են։ Մի նրբություն կա, նրանք, իհարկե, ռեյտինգային թեկնածուներ են ու ձայն բերող, բայց Ծառուկյանն է նրանց իրականում ապաստան տվել, հովանավորել եւ շատ մեծ դեր է կատարել «Ծառուկյան» ազգանունը նրանց ձայների համար։ Ծառուկյանը անկասկած տուժած կողմ է։

-Բոլոր թելերը տանում են դեպի իշխանության կողմը, ըստ Ձեզ Սերժ Սարգսյանի ինչին էր պետք այդ ամենը, եթե առանց այն էլ խոսվում էր, որ համաձայնեցվելու է իր հետ դաշինքի խմբակցության կազմը։

-Բոլոր դեպքերում Հայաստանում անվստահության՝ բրուտոսյան մթնոլորտ է ու ցանկացած պահի, ցանկացած մեկը՝ այդ թվում Սերժ Սարգսյանը կարող է սպասել, որ որեւէ մեկը իրեն կարող է թիկունքից խփել։ Հարկավոր էր հենց հիմա ցույց տալ, թե ով է Հայաստանում միակ վճիռներ կայացնողը ու դա պետք է ցուցադրաբար լիներ, գաղտնի, սուսուփուս եթե արվեր այդ ամենը, ոմանք կարող էին անտեղյակ մնալ ու խաղեր տալ, դրա համար ինքը ցուցադրեց իր ուժը։ Սա նպատակ էր հետապնդում ուղերձ հղել, որ որեւէ մեկը մինչեւ 2018 թվականը եւ դրանից հետո պատրանքներ չունենա, որ վճիռներ կայացնելու հնարավորություն է ունենալու։ Եւ քաղաքական խամուտները իրենց ապուշի տեղ դրած հայտարարեցին, թե չգիտեն՝ ինչ են ստորագրել, նոտարին ինչ համաձայնություն են տվել։ Այդ բացատրությունները ապուշության կանխավարկած են ենթադրում, որովհետեւ հակառակ դեպքում պետք է ասեն, որ մեզ սպառնացել են ու լքում ենք մեզ ափ հասցրած նավը։ Երկրորդը, հնարավոր է, որ խախտում է տեղի ունեցել, որ Ծառուկյան դաշինքը այդքան ձայն չպետք է հավաքեր, այդքան կրիտիկական զանգված է, նույնիսկ պայմանական ընդդիմությունը պետք է այդքան ձայն չունենար։Եւ հիմա այդ «բրուտոս» ֆրակցիան խայտաբղետություն կմցնի ԱԺ-ում։

-Բայց ակնհայտ է, որ կգործի ՀՀԿ-ի ազդեցության տակ։

-Առանց ազդեցության այնտեղ ոչ ոք չկա։ Եթե նախորդում մի քանի հոգի կային, օրինակ Զարուհին եւ էլի մի քանի հոգի, հիմա այնտեղ 100 տոկոսանոց ազդեցության, եվրազիական ենթակայության ԱԺ է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: