ՀԴՄ սպասարկման ընթացակարգն ու գները

May 05, 2017 Comments Off on ՀԴՄ սպասարկման ընթացակարգն ու գները

 

2016 թվականի սեպտեմբերի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման, ինչպես նաև սպասարկման կազմակերպման գործառույթը վերապահվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և միաժամանակ սահմանվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գնացուցակ:

Սակայն առ այսօր հսկիչ-դրամարկղային մեքենաների սպասարկման կազմակերպման գործընթացը կարգավորող համապատասխան ընթացակարգ հաստատված չէ, և առկա են հսկիչ-դրամարկղային մեքենաների սպասարկման կազմակերպմանը վերաբերվող չկարգավորված դրույթներ:

Կառավարության մայիսի 4-ի  նիստի օրակարգում ներառված է հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպման ընթացակարգի նախագիծը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպումն իրականացնել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ գրասենյակ) հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց միջոցով: Նրանց ներկայացվող որակավորման չափանիշ է  դիտվում հանրապետության տարածքում առնվազն հինգ տարածքային ստորաբաժանում ունենալը:Նախագծով սահմանվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման համար իրավաբանական անձանց գրանցամատյանում գրանցման, գրանցումից հանման, ինչպես նաև այդ գրանցամատյանի վարման կարգը:

Ամրագրվում է նաև, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել ի սկզբանե կառավրության կողմից սահմանված չափերը: Ըստ այդմ՝ սահմանված են  սպասարկման տարբերակված գներ հարկ վճարողների տարբեր խմբերի համար: Մեկ ՀԴՄ-ի սպասարկման համար խոշոր տնտեսվարողներն ամսական կվճարեն 3000-3 600 դրամ , փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները՝ 1200 դրամ:

 

Գյուղական համայնքներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների համար ծառայության գինն ավելի ցածր է ՝ 900 դրամ, իսկ սահմանամերձ շրջաններում գործող տնտեսվարողների համար՝ սպասարկումը կիրականացվի անվճար:

Նշենք, որ խոշոր բիզնես  են դիտարկցում  նախորդ տարվա արդյունքներով 500 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները, որոնք ՀԴՄ-ի սպասարկման համար վճարելու են ամսական 3600 դրամ: Նախորդ տարվա արդյունքներով 115 մլն դրամից մինչև 500 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ սահմանցում է 1200- 3000 դրամ սպասարկման գին:

Նշենք, որ ՀԴՄ-ների սպասարկման գները նվազեցվեցին անցյալ տարվա ամռանը՝ հանրային դժգոհության ալիքի ներքո: Մինչ այդ բոլոր տնտեսվարողներն անխտիր մեկ ՀԴՄ-ի սպասարկման համար վճարում էին ամսական 3600 դրամ:

 

Արման Վարդանյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: