Ի՞նչ կլինի, եթե Գագիկ Ծառուկյանը որոշի ըմբոստ պատգամավորներին հեռացնել խմբակցությունից

May 05, 2017 Comments Off on Ի՞նչ կլինի, եթե Գագիկ Ծառուկյանը որոշի ըմբոստ պատգամավորներին հեռացնել խմբակցությունից

 

«Ծառուկյան» դաշինիքի մի խումբ պատգամավորների՝ մանդատից հրաժարվելու, ապա նաև ԿԸՀ ներկայացված հրաժարականների դիմումները չեղյալ համարելու սկանդալը տրամաբանական հարց է առաջ բերում. եթե Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշմամբ այս մարդիկ հեռացվեն և՛ կուսակցությունից, և՛ խմբակցությունից, արդյոք նրանք մանդատները ստանալու իրավունք կունենա՞ն: «Այս մարդիկ իրավունք ունեն ստանալ մանդատները՝ անկախ նրանից կշարունակե՞ն մնալ խմբակցության կազմում, թե՞ ոչ: Խմբակցության կազմից հեռացվելու կամ սեփական նախաձեռնությամբ դուրս գալու դեպքում նրանք կարող են խորհրդարանում իրենց գործունեությունը շարունակել որպես անկախ պատգամավորներ, սակայն որևէ այլ խմբակցության անդամ դառնալ չեն կարող»,- պատասխանելով Hayeli.am-ի հիշյալ հարցին՝ նշեց իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ անկախ պատգամավորները չեն կարող օգտվել խմբակցության կազմում ներգրավված պատգամավորների կարգավիճակից և իրավասություններից. օրինակ՝ խմբակցության անդամ հանդիսացող պատգամավորները կարող են ընդգրկվել հանձնաժողովներում, ընդգրկվել խմբակցության անունից ներկայացվող օրենսդրական նախաձեռնություններում, հանդես գալ խմբակցության անունից: Անկախ պատգամավորները խմբակցություններում ընդգրկվել չեն կարող, սակայն նրանք՝ որպես պատգամավոր, սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքներն ունեն: Հարցին, թե այդ դեպքում որն է խորհրդարանական կառավարման համակարգի իմաստը, երբ տվյալ քաղաքական ուժի քվոտայով մանդատ ստացած պատգամավորը կարող է օգտվել պատգամավորական իրավասություններից՝ հրաժարվելով քաղաքական թիմից, հետևաբար նաև այն քաղաքական ծրագրից, որի համար ենթադրաբար ընտրողը նրան ձայն է տվել, Գևորգ Դանիելյանը նշեց. «Նրանք՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչներ, մասնակցել են ընտրությունների և ստացել են քվեներ: Մարդիկ իրենց քվեները տվել են՝ հաշվի առնելով քաղաքական ուժի ծրագիրը, և այդ ուժի կողմից ներկայացված անձանց, ովքեր պետք է իրագործեն այդ ծրագիրը: Քաղաքական դաշինքների և կուսակցությունների հնարավորություններն ու պատասխանատվության շրջանակները բավականին լայն են այն ժամանակ, երբ նրանք ներկայացնում են թեկնածուների վարկանիշային և համամասնական ցուցակները: Ի վերջո, եթե կուսակցությունը թեկնածուներ է ներկայացնում՝ հաշվի առնելով նրա հնարավորություններն ու ռեսուրսները, ասո՞ւմ է, որ որոշ ժամանակ անց կարող է նրան ետ կանչել: Մինչև ընտրությունների մեկնարկը իրավական առումով բավականին ժամանակ լայն հնարավորություններ են տրվում քաղաքական ուժերին՝ այդ խնդիրների քննարկման համար: Իրենք պետք է հաշվի առնեն, թե ում են ընտրում իրենց քաղաքական ծրագրի իրականացման համար»:
Վկայակոչելով միջազգային փորձը՝ Գևորգ Դանիելյանը նաև նշում է, որ եվրոպական առաջադեմ երկրներում քաղաքական ուժերը, բացի պատգամավորության թեկնածուների ցուցակից, հրապարակում են նաև սեփական վարչապետի և կառավարության կաբինետի կազմը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հասկանալ և մտորել, թե իրենք ինչպիսի քաղաքական թիմի են վստահություն կամ անվստահություն հայտնում: «Եվրոպական երկրներում շատ հազվադեպ են լինում անգամ այս կամ այն պատգամավորի՝ խմբակցությունից դուրս գալու դեպքեր: Շատ քիչ է պատահում նաև, երբ խմբակցությունն է որոշում պատգամավորին հեռացնել իր շարքերից՝ համարելով, որ նա հեռացել է իր քաղաքական գաղափարներից և սկզբունքներից, որովհետև նման երևույթները բացասաբար են անդրադառնում քաղաքական ուժի վարկանիշի վրա»,- նշեց Գևորգ Դանիելյանը՝ հավելելով, որ այդ կարգի երևութները որակազրկում են քաղաքական ուժին, և նա հաջորդ անգամ կարող է քվեների կորուստ ստանալ:
Իրավաբանի խոսքով՝ իր համար անհասկանալի են նաև հայտարարությունները, թե հրաժարականի դիմումները գրված են եղել մինչև ընտրությունները, կամ որ դրանք ԿԸՀ են ներկայացվել նոտարական վավերացմամբ: Գևորգ Դանիելյանի պարզաբանմամբ՝ մինչև ընտրությունները բոլոր ցուցակներում ընդգրկված մարդիկ եղել են թեկնածուներ, որոնք, սակայն, դեռևս չունեին մանդատ ստանալու իրավասություն. «Ինչպե՞ս կարող էր մարդը դիմում գրել և հրաժարվել մի իրավունքից, որը ինքը դեռևս չուներ,- ասում է իրավաբանը և շարունակում.- ընտրությունների ավարտից հետո ԿԸՀ-ն կատարում է մանդատների նախնական բաշխում և հայտարարում է, թե որ քաղաքական ուժին քանի մանդատ է վերապահվում: Հետո արդեն կոնկրետացվում է, թե, օրինակ, ընտրատարածքային 75 թեկնածուներից ո՞ր 15-ը կարող են դառնալ պատգամավոր՝ ելնելով հաշվարկի բանաձևից և ստացած քվեներից: Սրանից հետո միայն, երբ որ այս կամ այն թեկնածուն ձեռք է բերում մանդատ ստանալու իրավունք, կարող է հրաժարվել կամ չհրաժարվել մանդատից»: Ըստ Գևորգ Դանիելյանի՝ մինչև ընտրությունները որևէ մեկը չէր կարող մանդատից հրաժարվել, առավել ևս անհասկանալի է, թե ինչպես կարող էր նոտարը վավերացնել այդ հրաժարականի դիմումը:
Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածը մանդատից հրաժարվելու երկու նախադեպ է սահմանում՝ առաջին, երբ պատգամավորը, անձամբ չներկայանալով ԿԸՀ, նոտարի վավերացմամբ հրաժարականի դիմում է ուղարկում ԿԸՀ, երկրորդ, երբ պատգամավորն անձամբ ԿԸՀ է ներկայանում և նիստի ժամանակ տեղում ներկայացնում իր հրաժարականի դիմումը. «Ամեն պարագայում նոտարը չի կարող հաստատել գոյություն չունեցող իրավունքից հրաժարվելու դիմում: Դա մոտավորապես նույն բանն է, որ, օրինակ, ես հրաժարվեմ Ձեր բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից: Պարզ է, որ այդ դիմումը իրավական արժեք չի կարող ունենալ»,- նշեց Գ. Դանիելյանը՝ հավելելով, որ խնդիրը առանձին և մանրամասն ուսումնասիրության կարիք ունի, մասնավորապես պետք է պարզել, թե նոտարական վավերացմամբ ԿԸՀ ներկայացված դիմումները, եթե այդպիսիք եղել են, ե՞րբ են գրվել: Բացի այդ՝ իրավական առումով, քանի դեռ ԿԸՀ-ն մանդատի տրամադրման որոշում չի կայացրել, ցանկացած հրաժարականի դիմում կարելի է ետ վերցնել, ինչը և փաստացի որոշ պատգամավորներ արել են:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: