«Հակառակորդի մասշտաբային զորավարժությունները յուրահատուկ հաղորդագրություն են». Սեյրան Օհանյան

May 01, 2017 Comments Off on «Հակառակորդի մասշտաբային զորավարժությունները յուրահատուկ հաղորդագրություն են». Սեյրան Օհանյան

Մայիսի 1-ին աշխարհի 142 երկրներում նշում են Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնը:

Դարերի ընթացքում աշխարհը ընդունել է հայ մարդուն՝ որպես հյուրընկալության, աշխատասիրության խորհրդանիշ, որը չէր կարող զատված լինել իր ժողովրդի պատմությունից և անհերքելիորեն կրելու էր բոլոր արհավիրքների, պատերազմների կնիքները:

Այսօր չի ավարտվել մեր գոյության պայքարը, չեն լռել մահաբեր զենքերը, և հայ մարտիկը, վայր չդնելով իր զենքը, շարունակում է քարը քարին դնել՝ ջրելով հողը իր քրտինքով, երբեմն նաև սեփական արյամբ: Սահմանապահ զինվորի ծառայությունը, սահմանամերձ գյուղերի բնակիչների ամենօրյա քրտնաջան աշխատանքը կարծես սրբազան ծես են դառնում, դառնում են հայ մարդու ստեղծագործ մտքի, երկաթե կամքի և ամենօրյա համառ արարումների մի ապրեցնող ու հերոսական պատմություն:

Այսօր յուրաքանչյուրս պարտք ունենք մեր հայրենիքի, հերոսացած մարտիկների շիրիմների, նրանց սևազգեստ մայրերի, սահմանը պահող զինվորների, հողի անխոնջ մշակների առջև:

Թող մեր պետության մեջ գոյություն ունեցող անարդարություններն ու բացթողումները ոչ թե հիասթափեցնեն մեզ, այլ բազմապատկեն մեր տոկունությունը, իմաստությունն ու արիությունը ՝ դառնալով պայքարի պատրաստ լինելու նոր կոչ, որովհետև այսօր էլ սահմանին ընդհատվող երիտասարդ կյանքերը, հակառակորդի մասշտաբային զորավարժությունները յուրահատուկ հաղորդագրություն են ապագա մարտահրավերների և սպառնալիքների մասին, որոնց լրջորեն չնախապատրաստվելը կբերի անդառնալի հետևանքների:

Սիրելի´ հայրենակիցներ, սահմանն անառիկ պահող զինվորներ և հրամանատարներ, սահմանամերձ գյուղերում ապրող մշակներ և հողագործներ, քաղաքացիական կյանքում ամեն օր հերոսացող ուսուցիչներ, բժիշկներ, մտավորականներ, այսօր բոլորի´ս տոնն է, որովհետև մեզանո´վ՝ մեր անմնացորդ նվիրումով ու տքնաջան աշխատանքով է կանգուն Հայաստանը, մեզանո´վ է անառիկ Արցախը:

Թող գալիքը հայ ժողովրդի համար նշանավոր դառնա նորանոր հաղթանակներով և ազգային երազանքների իրականացմամբ: Բոլորին խաղաղ արարումի բերկրանք եմ մաղթում:

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: