Պետք է հարյուր երեխան գերեզման մտնեին, նոր հասկանայի՞ք, որ պետք է աշխատել

Apr 24, 2017 Comments Off on Պետք է հարյուր երեխան գերեզման մտնեին, նոր հասկանայի՞ք, որ պետք է աշխատել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովը կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովի մեկնարկին ելույթ ունեցան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Վերջինս համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ ընդգծել է, որ հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար քաղաքացու մեջ առաջին հերթին պետք է ամրապնդել երկրի տիրոջ զգացումը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ազգ-բանակ կոնցեպտին կարեւորեց այն․ «Պիտի ամեն ինչ անել, որպեսզի երկրի զինվորը, պաշտպանը խրախուսված լինի, պետությունը ինչ հնարավորություն ունի, պիտի օգտագործի»։

Ազգ-բանակ կոնցեպտի իրագործման միջոցները դեռեւս մշուշոտ են, հայտնի է միայն քաղաքացիներից գանձվող «1000 դրամների» անվանումը ստացած նախագծի կիրառումը, մեր զրուցակցին հարցրեցինք՝ այդ ճանապարհով հնարավո՞ր է կյանքի կոչել կարեւոր ծրագիրը, Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը դեմ չէ այդ նախագծին եւ պատրաստ է ավելին վճարելու, միայն թե այդ գումարները նպատակային ծախսվեն, խնդիրն այն է, որ հանրության շրջանում խորը կասկածներ կան՝«այդ գումարների ո՞ր մասն է հասնում բանակին»։

Ավելին, նա կարծում է, որ եթե պաշտպանության նախարարությանը հատկացվող միջոցները չփոշիացվեն, ապա հնարավոր կլինի առանց որեւէ նախագծի ու հանգանակության էլ կյանքի կոչել ազգ-բանակ կոնցեպտը։ «Եթե պաշտպանության նախարարությունը նպատակային օգտագործեր ունեցած միջոցները, խոսքն անցյալի մասին է, որովհետեւ նախարար է փոխվել, որոշակի բան է փոխվում եւ այսօրվա համար վաղ է ասելը՝ չեղավ կամ եղավ։ Անցյալի հետ կապված մենք տեսել ենք պաշտոնը չարաշահած, պաշտպանության նախարարության բյուջեն յուրացրած բարձր կոչումով զինվորականներ, որոնց պատժվելն այդպես էլ չտեսանք։ Այս պարագայում ինձ մտահոգում է, որովհետեւ եթե բանակի բյուջեն ինչ-որ գեներալ յուրացրել է, իմիջիայլոց, հենց այդ պատճառով էլ մեր բանակը այն տեխնիկան, սարքավորումները չուներ, հենց այդ պատճառով 100 երեխա գերեզման դրվեց, այս երեւույթները շղթակայան են»։

Նման իրավիճակում Սամվել Կարապետյանն ասում է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայտը զարմանալի էր ու անամոթություն:

«Ես զարմանում էի պաշտպանության նախկին նախարարի երեսի վրա, գետինը մտնելու փոխարեն երես ուներ մարդամեջ դուրս գալու, նույնիսկ ընտրություններին մասնակցելու։ Եւ մեր հասարակության վրա էլ եմ զարմանում, լսում էին, ծափ էին տալիս, պետք է անձամբ ամեն մեկի երեխան գերեզման մտներ, որ հասկանային ի՞նչ է կատարվում» ,- վրդովմունքը չի թաքցնում Կարապետյանը։

Նա հիշում է Սեյրան Օհանյանի հայտարարությունը ապրիլյան պատերազմից երեք ամիս անց այն մասին, որ այդ երեք ամիսներին ինժեներական ավելի շատ աշխատանքներ են արվել, քան անցած 10 տասը տարիների ընթացքում․«Ախր, եթե մի քիչ անհարմար զգար, կթաքցներ գոնե դա, որովհետեւ սա խայտառակություն է, պիտի այդ հարյուր երեխան գերեզման մտնեին, նոր հասկանայիք, որ երկրի պաշտպանության համար պետք է աշխատել»։

Կարապետյանին հարցրեցինք, թե նախարարի փոփոխությունը բավարար է հանրության վստաությունը բարձրացնելու համար, կամ բանակում ապօրինություններ թույլ չտալու համար․«Նոր նախարարից եւ նոր վարչապետից, անկեղծ ասած հույսեր ունեմ, բայց հիմա շուտ է գնահատականներ տալ, ժամանակ է պետք»։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: