Ո՞ւմ են պատկանում «Իգլայի» խողովակի վրայի մատնահետքերը. Փորձաքննության արդյունքները հայտնի են

Apr 20, 2017 Comments Off on Ո՞ւմ են պատկանում «Իգլայի» խողովակի վրայի մատնահետքերը. Փորձաքննության արդյունքները հայտնի են

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություներով՝ ազգային անվտանգության ծառայությունը օրերս ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով:

Այս գործով կալանավորվել է 3 անձ, որոնց թվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Դատելով կատարվող քննչական գործողությունների ընթացքից՝ պարզապես անհրաժեշտ էր ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններից առաջ կալանավորել Սամվել Բաբայանին, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էին գործով կալանավորվածների պաշտպանները, մարտի 24-ից մինչ օրս այդ քրեական գործով քննչական գործողություններ որպես այդպիսին չեն իրականացվում:

Պարզվում է` քննչական մարմնի աշխատակիցները, չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, չեն կարողացել գործող անձանց եւ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի խողովակի հետ կապ գտնել: Դրա համար նշանակվել է փորձաքննություն, որպեսզի պարզեն` գոնե մատնահետքեր կա՞ն «Իգլայի» վրա: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այս գործով նշանակել է մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունն արդեն ներկայացվել է կալանավորված անձանց: Սակայն բոլոր 3-ն էլ ծանոթանալով եզրակացության հետ՝ որեւէ փաստ չեն տեսել, որը իրենց կարող է կապել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: