Հայաստանը վերացել է աշխարհի երեսից, այն այլևս գոյություն չունի, սա փաստ է. «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ». «Ալիք»

Apr 13, 2017 Comments Off on Հայաստանը վերացել է աշխարհի երեսից, այն այլևս գոյություն չունի, սա փաստ է. «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ». «Ալիք»

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական` 8-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Ժողովրդական թերթիկ 1915/07/25 #341
Հայաստան

«Հորիզոն»-ին տեղեկացնում են. փախստականները գալիս են, 50 հազար կին և երեխա: Փախստականները Կ․ և Վ. լճի շրջաններից են: Գալիս են նաև Մ. շրջանից: Առաքելյանը «Մշակ»-ում գրում է. «Հայաստանը գոյություն չունի, աշխարհի երեսին այն այլևս չկա… Սարսափելի է նույնիսկ խոսել այդ մասին, սակայն այս ամենն արդեն տեղի է ունեցել… ռուսական աջակից ուժերը, Ռուսաստանի կառավարությունը, մեր անձնազոհ զինվորները օգտագործել են բոլոր հնարավորությունները, մեծ կորուստներ են ունեցել, որպեսզի կանխեն օսմանյան հայության ոչնչացումը, սակայն հնարավոր չէր անել անհնարինը:

Օսմանյան կայսրությունում համարում են, որ ի վերջո Օսմանյան Հայաստանը կանցնի Ռուսաստանի տիրապետության տակ, այդ պատճառով ցանկանում է Ռուսաստանին թողնել Հայաստան՝ առանց հայերի: Այդ ծրագիրը իրականացվել է, հայերին վերացրել են: Մինչ պատերազմի սկիզբը Ալաշկերտի ողջ հարթավայրը մաքրել են հայերից: Բայազետի, Դայդանի հարթավայրում, Աբագի շրջանում,  Բագրևանդում հայերին ոչնչացրել են: Նույնը տեղի է ունեցել Մուշում, Վանա լճի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում: Կիլիկիայից և Զեյթունից հայերը տեղափոխվել են Միջագետքի անապատներ: Բիթլիսը ծածկված է հայերի դիակներով, Հայաստանը դատարկվել է: Փրկվել է միայն 100 հազար հայ, որոնք  այստեղ են եկել և ապաստան են խնդրում:

Վրաստան 1915/07/26 #54
Հայերի կյանքը

Համբարձում Առաքելյանը «Մշակ»-ում գրում է. Հայաստանը վերացել է աշխարհի երեսից, այն այլևս գոյություն չունի, սա փաստ է: Ռուսաստանի փառապանծ բանակը, Ռուսաստանի կառավարությունը ու մեր հայ կամավորականների ինքնազոհության գնով փորձել են փրկել Օսմանյան Հայաստանը վերջնական ոչնչացումից, սակայն անհնարինն իրագործել չի կարելի:

Հասկանալով, որ Օսմանյան Հայաստանն ի վերջո տրվելու է Ռուսաստանին, Օսմանյան կայսրությունը որոշել է այն թողնել առանց հայերի ու ձեռնամուխ եղել այս ծրագրի իրականացմանը: Ալաշկերտի ողջ հարթավայրը մինչեւ պատերազմը մաքրվել է հայերից: Բայազետի, Դայդանի հարթավայրի, Աբագի դաշտավայրի, Բագրևանդի տղամարդիկ սպանվել են: Նույնը տեղի է ունեցել նաև Մուշում, Վանա լճի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում:

Կիլիկիայից և Զեյթունից հայերը տեղահանվել են Միջագետքի անապատներ: Բիթլիսում հայերի անհամար դիակները նեխում են… Հայաստանն ամբողջությամբ անապատացվել է: Մազապուրծ եղած 100 հազար հայ փախստական մեզ մոտ ապաստան է խնդրում: Հայկական բոլոր հաստատությունները, բանկերը, ունևորները, առանձին մարդիկ անհապաղ պետք է օգնություն ցուցաբերեն մեզ… Հայե՜ր, աջակցեք կորսված Հայաստանից փրկված ամենակարևոր գանձի պահպանմանը, օգնեք մեզ…

Հայրենիք 1915/07/29 #141
Հայերի վիճակը
Սոլուն. հուլիսի 25

Ստամբուլից ստացված տեղեկությունների համաձայն` Բիթլիսի վիլայեթում 5 օրվա ընթացքում 10 հազար հայ է սպանվել քրդերի կողմից, պատճառաբանելով` իբր նրանք փորձել են հեղափոխություն իրականացնել: Սպանվածների դիակները նետվել են Տիգրիս և Եփրատ գետերը: Ստամբուլում կախել են 7 հայի: Իտալիայի մի քանի հյուպատոս հեռացել է Օսմանյան կայսրությունից: Իտալիայի դեսպանը մոտ օրերս նույնպես կհեռանա:

Էսմա արքայադուստրը բաժանվել է ամուսնուց` Էնվեր փաշայից, կարծելով, որ վերջինս մեղավոր է Օսմանյան կայսրության դժբախտությունների մեջ: Արքայադուստրը վերադարձել է Սուլթանի նստավայր:

Վրաստան 1915/07/29 #56
Սոլուն. հուլիսի 25

Ստամբուլից տեղեկացնում են, որ Բիթլիսի վիլայեթում քրդերը 5 օրվա ընթացքում կոտորել են հայերին՝ պատճառաբանելով, թե հայերը հեղափոխություն են նախապատրաստել: Սպանված է 10 հազար հայ: Սպանվածներին նետել են Եփրատ և Տիգրիս գետեր: Մեկ շաբաթվա ընթացքում Ստամբուլում 7 հայ գործչի են կախաղան բարձրացրել:

Ժողովրդական թերթիկ 1915/07/29 #344

5 օր շարունակ քրդերը կոտորել են 10 հազար հայի՝ պատճառաբանելով, թե հայերն Օսմանյան կառավարության դեմ հեղափոխություն են նախապատրաստել: Սպանվածների դիակները նետել են Տիգրիս և Եփրատ գետերը: Մեկ շաբաթվա ընթացքում Ստամբուլում 7 հայ գործչի են կախել։

Ժողովրդական թերթիկ 1915/07/31 #346

«Հորիզոն» թերթի թղթակիցը Իգդիրից գրում է. Էջմիածնի կայարանից մինչև Իգդիր արտասվել եմ: Չգիտեմ, հնարավո՞ր է որեւէ այլ վայրում այսքան արհավիրք և վիշտ լինի, որքան այստեղ տեսա: Մարդիկ նահատակվում են սովից, ծարավից, հոգնածությունից: Որևէ մեկը չի ցանկանում լսել և օգնել նրանց: Նույնիսկ հաց չի վաճառվում: Փախստականները բաժանվել են երկու խմբի` 100 հազար դեպի Աբագ է գնացել, 50 հազար` Պարսկաստան: Այժմ մեզ անհանգստացնում է մնացածների ճակատագիրը, որոնց օսմանացիները և քրդերը հնարավոր է շրջապատեն:

Հայրենիք 1915/07/31 #143
Թբիլիսի

«Հորիզոն»-ին տեղեկացնում են, որ Երևանի նահանգի սահմաններին են 50 հազար փախստական հայեր: Նրանց գերակշռող մասը կանայք և երեխաներ են: “Р. С.”

Ժողովրդական թերթիկ 1915/08/1 #347

«Հորիզոն»-ին տեղեկացրել են, որ Իգդիրից անընդհատ փախստականներ են գալիս: Նույնիսկ քարե սիրտը չի դիմանա ճանապարհներին հանդիպող պատկերին: Դժբախտությունն աննկարագրելի է:

«Մշակ»-ում գրում են, որ փախստականներ են գալիս Էջմիածին: Նրանցից շատերը հիվանդ են, անգամ սնունդ չունեն:

Վրաստան 1915/08/1 #58

Հայկական «Հորիզոն» թերթին Իգդիրից տեղեկացնում են. Էջմիածնի կայարանից Իգդիր ընկած ողջ ճանապարհին լաց էի լինում: Չէի պատկերացնում, որ մարդն իմ տեսածի պես մեծագույն դժբախտության ականատես կարող է լինել: Մարդիկ զոհվում են սովից ու ծարավից: Նույնիսկ գումարով հաց չես կարող գտնել:

Ճանապարհին փախստականները բաժանվել են երկու խմբի: Նրանցից 100 հազարը ուղևորվել է դեպի Աբագ, եւս 50 հազարը` Զենիկից փոխել են ճանապարհը և Պարսկաստան գնացել: Այժմ հոգ են տանում մնացածների մասին, որոնց օսմանացիների և քրդերի  շրջափակումն է սպառնում:

Վրաստան 1915/08/2 #59
Սոլուն. հուլիսի 30

Գրասենյակի անդամների մեծամասնության որոշմամբ՝ լուծարվել է Կոնստանդնուպոլսի, Անտիոքի և Երուսաղեմի հունական պատրիարքարանը: Ժողովրդական կրթության նախարարը տիեզերական պատրիարքին տեղեկացրել է, որ այսօրվանից պատրիարքարանի դպրոցներն անցնում են կրթության նախարարության ենթակայության տակ: 

Հայերի կոտորածի վերաբերյալ իր բողոքն արտահայտելու նպատակով Պորտա ներկայացած Պոլսո հայոց պատրիարքին դուրս են արել ասելով` «Մի՜ խառնվիր ուրիշի գործերին»:

Հայրենիք 1915/08/2
Հայոց պատրիարքի վիրավորանքը
Սոլուն. հուլիսի 29

Պոլսո Հայոց պատրիարքը Պորտա է ներկայացել, որպեսզի կառավարությանն իր բողոքն արտահայտի հայերի կոտորածի վերաբերյալ: Պատրիարքին Պորտայից դուրս են արել և նկատողություն տվել, որ չխառնվի Օսմանյան կայսրության ներքին գործերին:

Հայրենիք 1915/08/8 #149
Սոֆիա. օգոստոսի 4.

Բուլղարիայում բնակվող հայերը կոչով դիմել են բուլղարացիներին՝ նշելով օսմանցիների կողմից հայերի խոշտանգումների մասին:

Օսմանցիները որոշել են ոչնչացնել հայերին իրենց իսկ հայրենիքում: Օսմանյան կառավարությունը մտադիր է Կոնստանդնուպոլսից 10 հազար հայի ուղարկել Փոքր Ասիա, ինչի պատճառով հայերն ընտանիքներով գալիս են Բուլղարիա: Կոչով խնդրում, աղաչում ենք Բուլղարիայի կառավարությանը ներգրավվել այս գործընթացում, քանի որ օսմանցիներն ամենից շատ վախենում են Բուլղարիայի քննադատությունից։ Միայն Բուլղարիայի բողոքը կարող է կանխել հայերի հետագա հետապնդումները: Այսօր` ի նշան սգո, հայերը փակել են Սոֆիայում իրենց պատկանող խանութները:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

aliq.ge

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: