Ճոյտը ֆիլմ կնկարի՞ ընտրությունների մասին

Apr 13, 2017 Comments Off on Ճոյտը ֆիլմ կնկարի՞ ընտրությունների մասին

Ծառուկյան դաշինքով Արմավիրի մարզում ռեյտինգային թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը չի անցել խորհրդարան, նա երրորդն է, դաշինքից ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Արայիկ Աղաբաբյանն է, նրան հաջորդում է Հրանտ Դավթյանը։

Հակոբ Հակոբյանը կարծում է, որ չի փակվել խորհրդարան գնալու հարցը։ Ապրիլի 2-ի ընտրությունները նա նորմալ է գնահատում, չնայած չի թաքցնում, որ իշխանության թեկնածուները օգտվել են վարչական ռեսուրսից։

-Դուք, երրորդ տեղն եք զբաղեցնում, ինչու զիջեցիք դաշինքի մյուս թեկնածուներին։

-Բայց ես ամբողջ հանրապետությունում Ծառուկյան դաշինքի ռեյտինգային թեկնածուներից 13-րդն եմ։

-Չեք փոշմանել, որ Ծառուկյան դաշինքից առաջադրվեցիք ու չեք անցնելու խորհրդարան։

-Ոչ, իհարկե, ճիշտ էր այդ դաշինքից առաջադրվելը, բայց վարչական լծակները դեր են խաղացել իշխանական թեկնածուների համար, իսկ մեր թիմակից երկու թեկնածուի համար իրենց կուսակիցներն են աշխատել, ես կուսակցական չեմ ու միայն իմ ուժերով եմ պայքարել։

-Տեղեկությունների համաձայն Գագիկ Ծառուկյանն է որոշում ում տանել խորհրդարան, դուք ինչով եք տարբերվում մյուս թեկնածուներից, որի համար կարելի է ձեզ տանել։

-Չեմ կարող ասել, բայց եթե նման որոշում կայացնեն, կգնամ։ Ընդհանրապես եթե դուք հետեւել եք իմ եւ դաշինքի մնացյալ թեկնածուների գործընթացներին, կտեսնեք, որ նրանք որեւէ բան չեն արել ու չեն էլ կարող անել։

-Հրանտ Դավթյանն ու Արայիկ Աղաբաբյանը ԲՀԿ-ական պատգամավորներ են եղել, նրանք չեն կարողացե՞լ մարզի խնդիրները բարձրաձայնել։

-Ընդհանրապես չեն բարձրաձայնվել մեր մարզի խնդիրները ոչ միայն ԲՀԿ-ի կողմից, այլ որեւիցե մի պատգամավոր չի բարձրաձայնել։ Այն, ինչ ինձ հանձնարարում է ժողովուրդը, ես վստահ եմ, որ կարող եմ անել Ազգային ժողովում։

-Եթե որոշեն, որ չեք անցնելու խորհրդարան, դուրս կգաք քաղաքականությունից։

-Ոչ, դուրս չեմ գալու, կտեսնենք , թե ինչպիսի ակտիվություն կունենամ։

-Չեք պատրաստվո՞ւմ ընտրական գործընթացները ֆիլմի տեսք տալ, ֆիլմ նկարել։

-Ոչ, որովհետեւ չեմ կարծում, որ դա հետաքրքրություն կառաջացնի ժողովրդի մեջ, որովհետեւ ժողովուրդը ինքը դերակատար է եղել այդ գործընթացում ու ինքն արդեն հանդիսատես չի, բոլորը դեր են խաղացել այս ընտրություններում։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: