Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է. Էդվարդ Նալբանդյան

Apr 12, 2017 Comments Off on Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է. Էդվարդ Նալբանդյան

Ապրիլի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Նիստին ելույթ ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը մասնավորապես ասաց.

«Շնորհակալություն եմ հայտնում Վիշեգրադյան խմբի լեհական նախագահությանը՝ նախարարական այս հանդիպումը հյուրընկալելու համար:

Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթաժողովին շոշափելի ձեռքբերումներ արձանագրելը կարևոր կլինի Արևելյան գործընկերության հետագա կենսունակության համար: Այս առումով մենք արժևորում ենք ոլորտային համագործակցությանը քաղաքական լիցք հաղորդելու նախաձեռնությունը և ենթակառուցվածքային կապերի շուրջ քննարկումների վրա կենտրոնացումը, քանի որ սա Ռիգայի համատեղ հռչակագրում ամրագրված Արևելյան գործընկերության առաջնայնություններից մեկն է:

Մարտի 21-ին Հայաստանը և Եվրոպական միությունը նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կսահմանի ընդլայնված գործընկերության նոր ուղենիշներ:

Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը պատշաճ տեղ է զբաղեցնում ինչպես Շրջանակային համաձայնագրում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնություններում` ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ հարաբերությունների համար, այլ նաև տարածաշրջանային համագործակցության համատեքստում:

Հարգելի գործընկերներ,

Եվրոպական միության և այլ գործընկերների հետ միասին մենք ներգրավված ենք ենթակառուցվածքների փոխկապակցվածության տարաբնույթ ծրագրերում: Ողջունում ենք Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցը արևելյան գործընկերների համար ընդլայնելու որոշումը: Նախորդ տարի հայկական և վրացական կարևորագույն մայրուղիները որպես առանցքային կապուղիներ ներառվեցին այդ համապարփակ ցանցի քարտեզներում:

Մեկ այլ լավ օրինակ է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած Հայաստան-ԵՄ բանակցությունները:

Եվրոպական միությունը՝ Եվրոպական ներդրումային բանկի միջոցով, իր նպաստն է բերում Հայաստանի ռազմավարական ծրագրերից մեկի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը մեր երկրի ողջ երկայնքով անցնող 556 կիլոմետրանոց ժամանակակից մայրուղի է լինելու:

Վերջերս Եվրոպական միության աջակցությամբ իրականացված Հայաստան-Վրաստան անցակետերի արդիականացումը գործնական քայլ էր՝ միտված Արևելյան գործընկերության սահմանային համալիր կառավարման նախաձեռնության իրականացմանը: Այն առավել գործնական հնարավորություններ է ընձեռում տրանզիտի և առևտրի ծավալների աճի համար:

Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտային հաղորդակցությամբ: Եվրոպական միությունը Հարևանության ներդրումների ծրագրի միջոցով իր նպաստն է բերել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը:

Շարժունակությունը և մարդկանց միջև շփումները անհրաժեշտ են մեր հասարակությունների միջև կապերի ընդլայնման համար: Սա Արևելյան գործընկերության հիմքում դրված առանցքային սկզբունքներից մեկն է։ Այս հանձնառությունը կյանքի կոչելու և մեր հասարակություններն իրար առավել մոտեցնելու ուղիներից մեկը մուտքի արտոնագրի ազատականացումն է: Հայաստանը և Եվրոպական միությունը նախորդ երեք տարիների ընթացքում հաջողությամբ իրականացրել են մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է, ինչպես նախանշված է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում:

Ենթակառուցվածքային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության շնորհիվ մենք կարող ենք արդյունավետորեն խթանել տարածաշրջանային կայունությունը և զարգացումը։ Կարևոր է, որպեսզի փոխկապակցվածության գաղափարին անդրադառնանք ոչ միայն Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների, այլև ավելի լայն համատեքստում՝ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի միջև։

Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև կապերը պետք է իրատեսական և կոնկրետ արդյունքների միտված երկխոսության մաս հանդիսանան։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր և Արևելյան գործընկերության մասնակից, պատրաստ է այս առումով իր նպաստը բերել։

Ենթակառուցվածքային փոխկապակցվածության խթանումը և տնտեսական համագործակցության ամրապնդումը կարող են ի հայտ բերել ընդհանուր շահեր և համատեղ ծրագրեր, որոնք կհանգեցնեն փոխադարձ օգուտների։ Այս առումով դրանք պետք է նաև որպես վստահության ձևավորման արժեքավոր միջոցներ դիտարկվեն հակամարտությունների կարգավորման համաձայնեցված ձևաչափերի ջանքերի շրջանակներում։

Հարգելի գործընկերներ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ Հայաստանում ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ուղղությամբ տրամադրված զգալի տեխնիկական ու ֆինանսական աջակցության համար։

Գնահատելով ապրիլի սկզբին անցկացված ընտրությունները՝ Եվրոպական միությունը հայտարարեց, որ դրանք լավ կազմակերպված էին, հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, իսկ արդյունքներն արտահայտում են Հայաստանի քաղաքացիների կամքը։ ԵՄ նաև պատրաստակամություն հայտնեց՝ աշխատելու ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի և կառավարության հետ։ Իր հերթին Հայաստանը ևս հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: