Ումի՞ց ենք խաղաղություն մուրում և ինչի՞ դիմաց

Apr 13, 2017 Comments Off on Ումի՞ց ենք խաղաղություն մուրում և ինչի՞ դիմաց

Լևոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանական ընտրություններում հասարակական արհամարհանքի արժանանալուց հետո որոշել է հիշեցնել իր մասին` անդրադառնալով «մտահոգիչ ու վտանգավոր ետընտրական տրամադրությունների…»

Քանի որ ՀԱԿ-ը ԱԺ-ում այս անգամ չի կարողացել 7 մանտատ ստանալ, հետևաբար, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն արդեն «բեմականացված խայտառակ միջոցառում» են, որին չգիտես, ինչու` նրանք որոշեցին, այնուամենայնիվ, մասնակցել, այն էլ` «ընտրական օրենսգրքի» ընձեռած հնարավորությունների մասին դրական ելույթներ ունենալով, հավանաբար` սպասելիքներ ունեին «լումպենացված» ու «հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտերից»: Բայց…

Ճիշտ է Տեր-Պետրոսյանը, երբ արձանագրում է, որ` «ընտրակաշառք վերցնելու այլանդակ երևույթի դրսևորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին»։

Բայց արդյոք միայն իշխանությո՞ւնն է մեղավոր: Իսկ ընդդիմադիրնե՞րը…

Քանի՞ տարի հասարակությունը քվեարկեց ընդդիմադիր առաջնորդների օգտին ու քանի՞ անգամ խաբվեց` երկար ու ձիգ ամիսներ, տարիներ փողոց դուրս գալով: Բայց բոլորը սեփական սխալները խոստովանելու փոխարեն գտել են ամենակարճ ճանապարհը` իշխանությանն ու ժողովրդին մեղադրելը:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան պատերազմում` 1992–1994 թթ. «իմաստավորված» զոհերին, և արդեն 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, որոնք ըստ Տեր-Պետրոսյանի «իմաստավորված չեն»: Սա իհարկե, լինելով խիստ ցավալի ու նուրբ թեմա, այնուամենայնիվ, դնում է վերջակետ մի հարցում, որի մասին վերջերս անընդհատ կրկնում է Տեր-Պետրոսյանը:

Ադրբեջանի ղեկավարի բռնած դիրքի պատճառով անհնար է այսօր փոխել ստատուս-քվոն: Ինչը՞ զիջենք, ինչի՞ դիմաց, եթե բոլորի համար պարզ է, որ Ալիևը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը:

Այս պայմաններո՞ւմ ինչ զիջենք… Մենք մուրա՞նք սանձարձակից խաղաղություն, եթե, նա համաձայն չի միջնորդների առաջարկներին: Մենք մեզ նվիրաբերե՞նք` հանուն ինչի՞:

Կամ մենք ե՞նք պատասխանատու սահմանային միջադեպերի ու դիվերսիոն գործողությունների համար, այսինքն` դա Ալիևն անում է, որովհետև մենք ե՞նք պատերազմ ուզում…

Մի՞թե այս ամենը հասկանալի չէ:

Ով-ով, բայց Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցում է ամեն ինչ, պարզապես մեկ բան կա, որից նա շեղվել չի կարող, նրա ասածը հետևյալն է` 1997թ. գրված հոդվածս միակ ճշմարտությունն էր, պետք է առաջնորդվել դրանով: Վե՛րջ:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: