Արցախում տանել չեն կարողանում Լեւոնին ու իր «վկաներին»

Apr 12, 2017 Comments Off on Արցախում տանել չեն կարողանում Լեւոնին ու իր «վկաներին»

«Խոստացան, չտարան Ազգային ժողով, նեղացած, թշնամացած մարդու հոդված է», քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գնահատականն է ՀԱԿ- ՀԺԿ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին, որտեղ հիմնադիր նախագահը բավականին կոշտացրել է իշխանությունների նկատմամբ գնահատականը։ Տեր-Պետրոսյանը, որը շաբաթներ առաջ լիովին ողջունում էր Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավորման հարցի վերաբերյալ վարած քաղաքականությունը, իր նախկին հարցազրույցներում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են հարցի լուծման իրական հնարավորությունները և պատրաստ են եղել խելամիտ փոխզիջումների, այսօր կոշտ է արտահայտվում նաեւ Արցախի հարցի շուրջ։

Շիրինյանը, խոսելով ՀԱԿ-ՀԺԿ-ին խորհրդարան չտանելու պատճառների մասին, նկատեց, որ դա շատ բարդ էր․«Որպեսզի 20 տոկոս նկարեին, պետք է առնվազն 8 տոկոս ունենար․ բայց իրենց բարեկամներից բացի ոչ մեկ նրանց չի ընտրել»։ Այնպես որ,ՀԱԿ-ը որեւէ մեկին, առավել եւս ընդդիմադիր մյուս ուժերին մեղադրելուց առաջ, Շիրինյանը ՀԱԿ-ին խորհուրդ է տալիս արդարացի դիտարկել սեփական վարկանիշը․«Իշխանությունը լոյալ է եղել բոլորի նկատմամբ, բացի ՕՐՕ-ից եւ Սասնա ծռերի ապստամբությունից հետո մեծ կեղծումների չէր գնա, որովհետեւ ընդվզում կարող էր առաջանալ։ Ես ենթադրում եմ, որ ՀԱԿ-ՀԺԿ-ն անգամ 1 տոկոս չի ստացել, այդ թվերը իշխանության բարյացակամությամբ է իրենց օգտին գրվել»։

Նշենք, որ Տեր-Պետրոսյանը իր նոր հոդվածի առաջին կետում անդրադարձել է ընտրությունների արդյունքներին և դրանց վրա ընտրակաշառքի ազդեցությանը՝ արձանագրելով, որ Հայաստանում իսպառ ոչնչացված է միջին խավը, իսկ «հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը»: Ընտրակաշառքի համար առաջին նախագահը մեղադրում է ոչ թե ժողովրդին, այլ գտնում է, որ դրա միակ մեղավորը ժողովրդին թշվառության հասցրած իշխանությունն է. « Ապշելու բան է, թե Խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայն ու միայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը»,- գրում է առաջին նախագահը։

Առավել ուշագրավ է Տեր-Պետրոսյանի հոդվածի երրորդ կետը, որտեղ նա խոսում է արցախյան խնդրի և զոհերի «իմաստավորված լինել-չլինելու» մասին․« 1992–1994 թթ. արցախյան պատերազմում ունեցած զոհերը «իմաստավորված զոհեր էին՝ արժանի ողջ հայ ժողովրդի հավերժ երախտագիտությանը»։ «Իսկ ինչ վերաբերում է 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, ապա դրանք, նույնքան թանկ ու ցավալի, որքան Ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ որեւէ առումով արդարացված ու իմաստավորված չեն, որովհետեւ արդյունք են ստատուս-քվոյի պահպանման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած անհեռանկար ու հանցավոր քաղաքականության։ Անհեռանկար ու հանցավոր այն պատճառով, որ այդ քաղաքականությունը ոչ մի պարագայում Ղարաբաղի խնդրի ավելի լավ լուծման չի հանգեցնելու, քան մեզ առաջարկվում էր 1997 թվականին, կամ այդքան զուր ու անիմաստ կորուստներից հետո առաջարկվում է այսօր»,- հայտարարում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խոսելով առաջին նախագահի հոդվածի երկրորդ հատվածի մասին Շիրինյանը կրկնում է բազմիցս հնչեցրած միտքը․«Տեր-Պետրոսյանը մի նպատակ ունի, մինչեւ մեռնելը Արցախը վերադարձնի Ադրբեջանին»։

Զոհերի դասակարգման տերպետրոսյանական կարծիքը գնահատելիս քաղաքագետը այն որակեց իբրեւ դավաճանություն՝ հիշեցնելով, որ նույնն ասում է Ալիեւան․․«Ինչպե՞ս կարող է սահմանին զոհվածը, հայրենիք պաշտպանության ժամանակ նահատակվածը անիմաստ զոհ համարվել։ Աստված չանի, ես լինեի այդ զոհերի հարազատների տեղում, դրա հարցերը կլուծեի։ Ինքը Ալիեւայի մասշտաբով գործ է անում»։ Շիրինյանը տեղեկացրեց, որ օրերս է վերադարձել Արցախում, որտեղ եղել է նաեւ սահմանային դիրքերում․«Ու, ինչպես ինքն ասաց, այնտեղ լսել չեն ուզում ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ էլ իր թիմի մասին․«Նրան համարում են քաղաքական աղանդ, իսկ իր թիմին՝ Լեւոնի վկաներ»։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով ՍԴ դիմելու ՀԱԿ որոշմանը արձագանքեց․«Սա նահանջ է երգով»։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: