Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է վրեժ լուծել Սերժ Սարգսյանից

Apr 12, 2017 Comments Off on Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է վրեժ լուծել Սերժ Սարգսյանից

 

 

ՀԱԿ- ՀԺԿ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն  անդրադարձել է հետընտրական զարգացումներին և, իր խոսքով, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվող որոշ անզգույշ դատողություններին, «որոնցից մի քանիսն իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով արժանի են առանձնահատուկ ուշադրության»:  Տեր-Պետրոսյանը իր նոր հոդվածի առաջին կետում անդրադարձել է ընտրությունների արդյունքներին և դրանց վրա ընտրակաշառքի ազդեցությանը: Տեր-Պետրոսյանն իրավացիորեն արձանագրում է, որ Հայաստանում իսպառ ոչնչացված է միջին խավը, իսկ «հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը»: Ընտրակաշառքի համար առաջին նախագահը չի մեղադրում ժողովրդին, այլ գտնում է, որ դրա միակ մեղավորը ժողովրդին թշվառության հասցրած իշխանությունն է. « Ապշելու բան է, թե Խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայն ու միայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը»,- գրում է առաջին նախագահը։ Իհարկե վիճելի հարց է՝ թշվառությոն մատնելու գործընթացը սկսվեց 2000-ականների՞ց, թե՞ավելի վաղ: Բայց դա ամեն դեպքում խոսակցության առանձին թեմա է:

Առավել ուշագրավ է Տեր-Պետրոսյանի հոդվածի երրորդ կետը, որտեղ նա խոսում է   արցախյան խնդրի և զոհերի «իմաստավորված լինել-չլինելու» մասին : Այստեղ առաջին նախագահը զարգացնում է շատ վտանգավոր թեզ՝ արձանագրելով, որ 1992–1994 թթ. արցախյան պատերազմում ունեցած զոհերը «իմաստավորված զոհեր էին՝ արժանի ողջ հայ ժողովրդի հավերժ երախտագիտությանը»։ «Իսկ ինչ վերաբերում է 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, ապա դրանք, նույնքան թանկ ու ցավալի, որքան Ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ որեւէ առումով արդարացված ու իմաստավորված չեն, որովհետեւ արդյունք են ստատուս-քվոյի պահպանման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած անհեռանկար ու հանցավոր քաղաքականության։ Անհեռանկար ու հանցավոր այն պատճառով, որ այդ քաղաքականությունը ոչ մի պարագայում Ղարաբաղի խնդրի ավելի լավ լուծման չի հանգեցնելու, քան մեզ առաջարկվում էր 1997 թվականին, կամ այդքան զուր ու անիմաստ կորուստներից հետո առաջարկվում է այսօր»,- հայտարարում է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Սա իսկապես աննախադեպ վտանգավոր մոտեցում է, որովհետև մեր պետության հիմնադիր նախագահը, ում մենք << պարտական ենք>>  նաև այսօրվա ստատուս քվոյի համար, մեր քաղաքականությունը համարում է հանցավոր: Ակամայից ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը արդարացնում է Բաքվի ռազմական ագրեսիան և Ալիևի վարած սանձարձակ զավթողական քաղաքականությունը, որի պատճառով էլ մենք այս տարիներին բազմաթիվ զոհեր ենք տվել: Նախ փաստն ինքնին, որ որևէ մեկը փորձում է քննարկել առաջնագծում զոհված տղաների, նրանց թափած արյան իմսատավորության հարցը, խայտառակություն է: Իսկ երբ այսպիսի հարց բարձրացնողը պետության երբեմնի ղեկավարն է, դա արդեն դավաճանություն է: Ստացվում է, որ անցյալ տարվա ապրիլին զոհված տղաները անիմա՞ստ են իրենց կյանքը տվել: Գոնե հասկանո՞ւմ է առաջին նախագահը, թե այսպիսի խոսքերը լսելիս ինչ են զգում այս տղաների ծնողները: Ինչ են զգում այն զինվորները, որոնք այսօր կանգնած են առաջնագծում: Վերջապես ո՞ւմ է ձեռնտու այս պարտվողական   քարոզչությունը, որի ուղղությամբ այդքան հետևողականորեն ջանքեր է գործադրում Լևոն Տեր-Պետրոսյանը: Բացի այդ՝ չէ՞ որ ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր նախկին հարցազրույցներում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են հարցի լուծման իրական հնարավորությունները և պատրաստ են եղել խելամիտ փոխզիջումների: Ստատուս քվոյի պահպանումը, ինչպես և 92-94 թվականների պատերազմը մեզ պարտադրված էր, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերից հրաժարվել է Ադրբեջանը /օրինակ՝ Կազանում նման բան եղել է, և դա խոստովանել է ՀՀ բարձրագույն ղեկավարությունը/: Լևոն Տեր-Պետրոսյանը այս ամենը հրաշալի գիտի, բայց ամեն դեպքում նրան այս փուլում ձեռնտու է ստատուս քվոյի համար քարկոծել իշխանություններին: Թերևս նա որոշել է խորհրդարանում տեղեր չստանալու համար վրեժ լուծել Սերժ Սարգսյանից:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: