Խորհրդարանը Սերժ Սարգսյանը ձեւավորեց առանց մեկ մանդատի բացառության

Apr 08, 2017 Comments Off on Խորհրդարանը Սերժ Սարգսյանը ձեւավորեց առանց մեկ մանդատի բացառության

Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները ծայրից ծայր կեղծիքներով են ընթացել: Մենք զրուցեցինք պարոն Գիմիշյանի հետ:

-Տեղի ունեցան հերթական ընտրությունները, իշխանությունն այն աննախադեպ արդար ու թափանցիկ է գնահատում, ընդդիմադիրները եւս չեն ընդվզում, հետընտրական զարգացումներ չկան: Համաձայն եք, որ արդար, թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել:

-Իհարկե ոչ, ընտրողների թվից սկսած, որ իբր 2 միլիոն 500 հազար է , արդեն կեղծվել է, առավել կեղծիք է, որ իբր մեկ ու կես միլիոն է մասնակցել: Իմ համոզմամբ ընտրողների իրական թիվը 1,5 միլիոնից ավել չի կազմի, իսկ եթե ընդունենք, որ ամենաակտիվ 60 տոկոս մասնակցություն է եղել, նշանակում է, որ ընտրության մասնակիցնեի թիվը 800 հազար է: Իսկ այս ամենը նշանակում է, որ Ազգային ժողովը ծայրից ծայր ձեւավորել է մեր երկրի նախագահը: Այս ԱԺ-ում, ինչպես նախորդում, որը նույնպես Սերժ Սարգսյանն էր ձեւավորել՝առանց մեկ մանդատի բացառության, որեւէ մեկն այնտեղ չի հայտնվել նախկինում եւ հիմա…

-Դուք եւս կարծում եք, որ Ելք դաշինքը իշխանական պրոյե՞կտ է, այս օրերին բոլոր կողմերից նման քննադատություններ են հնչում ընդդիմադիր այդ ուժի հասցեին:

-Բա, իհարկե, Սերժ Սարգսյանը կարծում եք չէր կարո՞ղ Ելքի 7,8 տոկոսը 6,8 դարձներ ու դուրս թողներ, եթե ցանկանար: Եթե ցանկանար կարող էր ՀԱԿ-ին անցկացներ, ինչպես ՀՅԴ-ին անցկացրեց, այ, եթե դաշնակցությանը դուրս թողներ, կասի՝ մալադեց Սերժ Սարգսյան: Այս պարագայում խոսել ընդդիմություն-դիմություն, այլեւս անիմաստ է, նախկինում էլ չկար ընդդիմություն, հիմա էլ չկա: Որակի հետ կապված ակնհատ է, որ այս ընտրական պրոցեսում որեւիցե ազգային, հայրենասիրական ուժ չի մասնակցել՝ ոչ դաշինք, ոչ կուսակցություն, բոլորը աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեին, մասնակից ուժերի մեծ մասը արեւմտամետ էին եւ կար մի մարդ, որը կողմնակից էր Ռուսաստանի հետ համագործակցությանը, դա վարչապետն էր, արդյունքում խորհրդարան անցած երեք ուժերը արտաքին քաղաքական ուղղվածություն չունեն, խոսքը ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու Ծառուկյան դաշինքի մասին է, որ կողմից իրենց լավ առաջարկ անեն, այն կողմ էլ կթեքվեն: Ասվածի ապացույց կարող եմ վկայակոչել, որ մինչեւ 2014-իսեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը Մաքսային միության համաձայնագիր ստորագրեց, այդ ուժերը միաբերան ասում էին, որ գնում ենք Եվրոպա, Ասոցացման համաձայնագիր, ամսի 3-ից հետո այդ նույն ուժերը, նույն եռանդով ասում էին՝ <<Կեցցե ԵՏՄ>>-ն: Միակ ուժը, որ մոտեցում ունի Ելք-ն է, թվում է, թե Արեւմուտքը պարտվել է, որովհետեւ արեւմտամետ ուժերից միայն Ելք-ը մտավ եւ այն էլ 8 տոկոսով, բայց մյուս կողմից ռուսամետ ուժ էլ չկա, միակն Կարեն Կարապետյանն էր, ինքն էլ ցուցակում ընդգրկված չէր: Սա Սերժ Սարգսյանի կոմպլեմենտար քաղաքականության դրսեւորում է, որը մեր երկրի համար շատ վտանգավոր է: Որեւէ արտաքին ուժ, որ լավ ցանկանա, որ կողմն ուզի կտանի այս ԱԺ-ն, մանավանդ խորհրդարանական համակարգի դեպքում, երբ նախագահ էլ չկա, սա առավել քան վտանգավոր է: Ղարաբաղյան խնդիր ունեցող երկրում անթույլատրելի էր անցում կատարելն այս համակարգին: Բայց սա հատուկ ծրագիր էր, Վենետիկն էլ գիտենք՝ ում գործիքն է, Հայաստանը բերվել է առանց նախագահի վիճակի ու ցանկացած պահի երկիրը կարելի է ոնց ասես խառնել: Թրամփը չգիտի՞, որ Հայաստանում 2,5 միլիոն ընտրող չկա, թե Պպուտինը կամ Ֆրանսիան, Վենետիկի հանձանաժողովը, շատ լավ էլ գիտեն: Նպատակը ժողովրդին իրար աչքից քցելն է, բոլորն ասում են, թե ժողովուրդը ծախվեց, բայց ժողովրդի տեսակարար կշիռը 20-30 տոկոս է այս ընտրություններում, այնպես որ ոչ մի կապ էլ չունի այս խարդախությունների հետ: Ժողովրդին ծայրահեղ վիճակի մեջ են դրել, չկար մի որեւիցե համբավ ունեցող, կամ ազգային ընդդիմադիր ուժ, հայաստանամետ ուժ, ժողովուրդն էլ մտածել է՝ ինչ տարբերություն, թե ով է անցնելու:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: