Դեպարտամենտից չեն հերքում. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք
ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է «168 Ժամ» լրատվականը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
«Փաստինֆո»-ն պաշտոնապես մեկնաբանություն ստանալու համար դիմել է ԲԴԽ մամուլի ծառայությանը, որտեղից, սակայն, տեղեկություն չհայտնեցին՝ խոստանալով հրապարակման ենթակա տվյալներ ունենալու դեպքում իրազեկել։ Կառույցից փաստացի չհերքեցին տեղեկությունը։
Նշենք, որ հրաժարականի դիմումի հարցը դեռևս չի քննարկվել ԲԴԽ նիստում, այն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի վաղը։ Թե ինչն է եղել դիմումի պատճառը՝ պաշտոնական պարզաբանում առ այս պահն առկա չէ, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաիրա Հովսեփյանը տարաձայնություններ է ունեցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ։
Հատկանշական է, որ Նաիրա Հովսեփյանը բավականին մոտ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, համենայն դեպս, հաճախ է նկատվում վերջինիս հետ թևանցուկ քայլելիս, թեև դատավորն ինքնին պարտավոր է քաղաքական զսպվածություն ունենալ։ Միևնույն ժամանակ թերևս դա էր, ի թիվս այլնի, նրան արտոնյալի կարգավիճակ ապահովում։ Վերջինիս քվեարկությամբ դադարեցվել են մի շարք դատավորների լիազորություններ, նրանց թվում՝ դատավոր Զարուհի Նախշքարյանինը։
Ն. Հովսեփյանի մասնակցությամբ կայացված ԲԴԽ-ի որոշումից հետո՝ Նախշքարյանը ասել էր. «Ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բոլոր ջանքերը՝ անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և, ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։
Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեքսների տակ մնացած ճղճիմ էակներ։
Կհամոզվեք նաև դուք, փոքրոգի, վախկոտ տառապյալներ։ Նստեք և սպասեք։ Ձեր հետևից կգան»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո