«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչո՞ւ են շտապում, որովհետև Հայաստանի գործող իշխանություններն ունեն բանավոր դավաճանական պարտավորություններ, որոնք փորձում են կյանքի կոչել»,- «Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով Տավուշում իրականացվող սահմանագծման և սահմանազատման գործընթացին:

«Սահմանագծման և սահմանազատան թիվ մեկ կատարողներից մեկը բոլոր պետություններում քարտեզագրողներն ու երկրաբաններն են: Նիկոլի իշխանության գալուց հետո ԳԱԱ-ի հովանու ներքո գործող «Գեոդեզիայի և քարտեզագրության» ինստիտուտը փակվեց: Պետությունների միջև սահմանազատումները կարող են շարունակվել շատ երկար ժամանակ: Աշխարհի կտրվածքով շատ քիչ ապացույցներ ունենք, որ համապատասխան պետությունների միջև տեղի ունեցել է հարյուր տոկոսանոց սահմանազատում հարևանների հետ: Երկրների մեծ մասի՝ իրենց հարևանի հետ սահմանազատումը վերջնական ավարտված չէ, չեն պատերազմում և վատթար հարաբերությունների մեջ չեն: Սահմանազատման համար պետք են մի քանի ինստիտուտներ՝ քարտեզագրության ինստիտուտը, բանակի գլխավոր շտաբը, պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության, շրջակա միջավայրի և այլ նախարարությունները և այլք: Եթե մեկ ձևակերպմամբ՝ սահմանագծումն ու սահմանազատումն ամբողջությամբ կապված են պետության հետ, գրեթե բոլոր գերատեսչությունները պետք է ներգրավված լինեն այս գործընթացի մեջ: Իսկ ի՞նչ ենք տեսնում:

Նիկոլ Փաշինյանն ապրիորի փաստի առաջ է կանգնեցնում Հայաստանի հասարակությանը, իսկ սրա թիվ մեկ մեղավորը հենց հասարակությունն է, որը Նիկոլին ներեց 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիան: Ներեց դրանից հետո ժողովրդի թիկունքում թուրքերի հետ բանավոր և գաղտնի գրավոր ձեռք բերված բոլոր համաձայնությունները: Հիմա Նիկոլն այն աստիճանի է լկտիացել, որ ընդհանրապես բան չունի ասելու այս մարդկանց: Ինչ ուզում, անում է, ինչ ցանկանում, այս ժողովրդի գլխին բերում է: Նիկոլի պարագայում բացարձակ զարմանալ պետք չէ, թե ինչ ավրալ տեմպերով է նա կազմակերպում սահմանազատումն ու սահմանագծումը»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այս ամենն ապացուցում է մեկ բան. «Նա իր տերերի և թուրքերի առաջ ունի վերցված պարտավորություններ: Շատ լավ հասկանալով, որ իր գործողությունների 95 տոկոսն ապօրինի է, փորձում է բազմաթիվ օրենքներ ու դրույթներ խախտելով՝ կազմակերպել այդ գործընթացը: Հարց՝ ինչո՞ւ Վրաստանի հետ այդպես ավրալ տեմպերով չեն անում սահմանագծումը և սահմանազատումը հիմա, ինչպես փորձում է Տավուշի պարագայում անել: Ընդ որում, այն դեպքում, երբ Տավուշի մարզում ունենք բազմաթիվ տարածքներ, որոնք 1990 թ.-ից օկուպացված են Ադրբեջանի կողմից, և կապիտուլ յանտ Նիկոլն իր միակողմանի զիջումները փորձում է հանրության անգրագետ, պատմություն չիմացող և սեփական անցյալը մոռացող մասսային ներկայացնել որպես փոխզիջումներ և որպես երաշխիք, որ գոնե այդ զիջումների գնով, որոնք նա փոխզիջում է ներկայացնում, կարելի է ապահովել երկրի անվտանգությունը, որն, իհարկե, սուտ է: Իրականում ինքն էլ շատ լավ գիտի, որ իր բոլոր փորձերը ձախողված են, ինչի ապացույցն է իր՝ առնվազն հետպատերազմյան երեքուկես տարվա գործունեությունը: Դա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլի նման մարդը, որը ծնկած է թուրքերի և հատկապես Իլհամ Ալիևի առաջ, չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել Հայաստանին և հայ ժողովրդին»,- ընդգծում է քաղաքագետը:

Տավուշյան պայքարում, որտեղ քաղաքական ուժերն ու քաղաքական դեմքերը կարծես երկրորդ պլանում լինեն, երկիրը թշնամուն չզիջելու գործին է լծվել հոգևոր դասը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ: Իշխանական քարոզչության թիրախում են հոգևորականներն ու եկեղեցին: Համբարյանն արձագանքում է խնդրին՝ նշելով. «2018 թ.-ից ի վեր Նիկոլին հաջողվում է ամեն տեսակ տգիտությունների, հիմարությունների, կեղծիքների ու մանիպուլ յացիաների միջոցով մոլորեցնել այս հասարակությանը, հիմա նույն կերպ շարունակում է վարվել Տավուշյան պայքարի հետ՝ իր կեղծիքներն ու մանիպուլ յացիաներն առաջ մղելով: Ասենք, Բագրատ Սրբազանին փորձում են ներկայացնել որպես ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ: Առանց ամոթի իրենց ԱԺ պատգամավոր համարող Լուլուն, Հովիկ Աղազարյանը, մյուս քայլիստները, հղում անելով ինչ-որ մի խեղկատակի, փորձում են ցեխ շպրտել Բագրատ Սրբազանի նման մարդու վրա: Երբ կարդում ես Բագրատ Սրբազանի կենսագրությունը, ամբողջը կապված է Արևմուտքի և Եվրոպայի հետ: Մարդը Լոնդոնում է սովորել, Անգլիայի թագուհուց պարգև է ստացել: Վեց տարվա ընթացքում հասարակությունը գոնե պարտադրեր Նիկոլին «որակյալ կեղծիք» ներկայացնել:

Նիկոլն այս հասարակությանն այնքան է արհամարհում, որ ինչ տեսակի աղբ ասես մատուցում է՝ համոզված լինելով, որ հասարակության մի ինչ-որ մասը դա որպես վերջին ճշմարտություն կընդունի: Նիկոլը փչացնում է նաև իր թիմակիցներին: Հովիկ Աղազարյանը, անուն չտալով, ցիտում է ինչ-որ տերտերի՝ նշելով, թե ասում են, որ Բագրատ Սրբազանը ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ է: Բայց նույն սկզբունքով համացանցում տարբեր լուրեր են տարածում այս մարդկանց մասին, ընդհուպ անձնական բնույթի: Մե՞նք էլ դրան հավատանք: Լավ, այս աստիճանի ամեն ինչ անլրջացնե՞լ: Ցավով պետք է արձանագրենք, որ Նիկոլի և նիկոլականների համար այն անձը, ով պայքարում է Հայաստանի տարածքային ամբողջականության և Հայաստանի տարածքների համար, ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչ է:Փաստացի այդպես է ստացվում: Իսկ այն անձինք, որ չեն էլ թաքցնում, որ սնվում են օտարերկրյա կազմակերպություններից, սորոսական հիմնադրամներից, բացահայտ ցույց են տալիս, որ արևմտյան գործակալական ցանցի ներկայացուցիչներ են և պայքարում են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ և Հայաստանի տարածքները Ադրբեջանին զիջելու կողմնակիցներ են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հանձին եկեղեցու, Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը տեսնո՞ւմ են քաղաքական մրցակցի, ուժի, որը կհամախմբի հանրությանը և կտանի իր հետևից: «Իհարկե, տեսնում են: Հետհայաց գցենք վեց տարի առաջ տեղի ունեցող իրադարձություններին. Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո հարձակումները եկեղեցու դեմ պատահականություն չէին: Նիկոլը և նրան իշխանության բերած ուժերը շատ լավ գիտակցում էին, որ միակ կազմակերպված ինստիտուտը, որ կարող է ապագայում պայքարել հակահայկական Նիկոլի կառավարության դեմ, եկեղեցին է լինելու: Այն մեր ամբողջ պատմության ընթացքում կատարել է պետական ֆունկցիաներ, երբ պետականություն չենք ունեցել: Հայոց առաքելական եկեղեցու հետ հաշվի են նստել և՛ Բյուզանդական, և՛ Օսմանյան, և՛ Ռուսական կայսրությունները, և՛ Պարսկաստանը: Երբ Հայաստանը բաժանված է եղել նրանց միջև, բոլորը հաշվի են առել մեր եկեղեցու և կաթողիկոսների դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ:

Պատահական չէ, որ 2018 թ.-ի հունիսից Նիկոլի առաջին թիրախում եկեղեցին էր: Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով: Չմոռանանք, որ Նիկոլը երբևիցե չի թաքցրել, որ աղանդավոր է: Մարդ է, որն իր սոցցանցի էջում, որն ունի մեկ միլիոն հետևորդ, տեղադրում է Վահե Պետրոսյան անուն-ազգանունով հայտնի աղանդավորականի ելույթները: Վերջինիս գործունեությունը շատ խիստ քննադատվում էր ԱԱԾ-ի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում: Նրա գործունեությունը չի կարող հավանության արժանանալ Հայաստանը ղեկավարող մարդու կողմից: Երկուստեք հետաքրքրություն ենք տեսնում Նիկոլի մոտ Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների պահով: Մեկն այն, որ նա աղանդավոր է, և երկրորդը՝ իր տերերն են այդ ամեն ինչի պատվիրատուն, և նա մեծ հաճույքով այդ հարձակումները գործում է եկեղեցու դեմ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Իր ասածը Նիկոլն արեց՝ կամուրջն էլ, տներն էլ տվեց․ կիրանցեցիներ (video) Ի վերջո՝ Փաշինյանն առողջ մա՞րդ է, թե՞՝ հիվանդ․ մեկնաբանում է հոգեբանը (video) Վախը, որ հենց այդ պահին Փաշինյանը զգում էր, մնալու է նրա մեջ․ Ռոբերտ Մարգարյան (video) Արամ Սարգսյան, դու չգիտե՞ս՝ դատախազն ինչ ասաց «ականջները կտրելու» մասին․ Սամվելյան (video) Սա իսկական վտանգ է․ կիրանցեցիները ոչնչի առաջ չե՛ն կանգնելու․ հոգևորական (video) Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Թուրքերն անգամ ամենալավ երազում չեն տեսել, որ այդ տները կարող են իրենցը լինել. Կիրանցի բնակիչ (video) Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրածը. ՀՊՄՀ պրոֆեսոր Կա՛մ Բագրատ Սրբազանը կլինի վարչապետ, կա՛մ մենք տապալված ենք․ Սարգիս Ավետիսյան (video) Պատրաստվեք, լավ պատրաստվեք մեր հաղթանակին․ Բագրատ Սրբազանը՝ ուսանողներին (video) Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը Նիկոլի թուրքական իշխանությունը հավատարիմ շան նման պահող հերթական կարմիր բերետավորը Ռաֆայել Բաղդասարյանն է Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7.000.000 ՀՀ դրամի չափով գրավի «Անվանացանկը թող հրապարակի ում հետ է ուզում հանդիպի». Գուրգեն Արսենյան «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ. ձեր «տժժացող» նկարները դրեք․ Բագրատ Սրբազան (video) Ժողովրդի մեջ պառակտում գցեց, գնաց, ամեն մեկին մի բան ասեց. Կիրանցի բնակիչները դժգոհ են Մոսկվայում հարձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանը Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության ՔՊ-ականը՝ իրենց «դուխով» չատում Բագրաստ Սրբազանի շարժումից անհանգստությունների մասին (video) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». Հայտարարություն Քննչական կոմիտեն գլուխը պատին է տվել, թող գտնեն փաստեր. Բագրատ Սրբազան Փաշինյանի ստախոսությունները ժապավենի վրա ապացուցված են, չի հերքել, էլ ու՞մ են մեղադրում․ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am