«Եկեք դադարենք հայ լինել»... օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին․ Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան հարցազրուցավարի դերն էլ փորձել, նա, որքան ուժ ուներ, դիմադրում էր։ Իսկ ես, ընդհակառակը՝ վստահ էի, որ կբացվի ու պնդում էի, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը հենց ինքը վարի։

Վարչապետի մասնակցությամբ՝ թիվ 22 թողարկման մասին Բարեղամի հետ երկար ենք խոսել ու եկել ենք այն եզրակացության, որ առաջիկայում նա կկենտրոնանա լուրերում իր աշխատանքի վրա, կանի այն, ինչն իսկապես գերազանց է անում, իսկ հարցազրույցների ժանրին կվերադառնանք, երբ զգանք, որ պատրաստ է։

Հազիվ եմ համոզել, որ աշխատանքից ազատվելու դիմումը հետ վերցնի։

«Անվտանգային միջավայր» հաղորդումը հետայսու այլ մարդ կվարի։ Դեռ չգիտեմ՝ ով։

Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։

Հիմա բուն տեղի ունեցածի մասին։

Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։

Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։

Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը:

Տրամաբանական մտավարժանքի տեսանկյունից երկու եզրահանգումներն էլ անխոցելի են ու հավասարապես ճիշտ։ Բայց սա շտեմարանային խնդիր չէ։

Թուրքերը կոտորում են հայերին։ Եկեք դադարենք լինել հայ, որ էլ չկոտորեն։

Առնվազն մեզ առաջարկվել է խորհել այդ մասին, որովհետև Հռչակագիրը, օրհներգը, զինանշանը և հաղորդման ընթացքում կասկածի տակ առնված մնացած բաները քաղաքական մեր ինքնության հիմքն են։

Նույն հաջողությամբ, օրինակ, սովի պայմաններում կարելի է մարդկանց առաջարկել դադարել լինել մարդ։ Առնվազն խորհել սովի պայմաններում մարդակերության նպատակահարմարության շուրջ։

Ուղղակի երջանիկ կլինեի, եթե իմանայի, որ սա էլ խաղ է՝ մանևր ժամանակ շահելու և ուժեղանալու համար։ Բայց ինչպե՞ս ենք մենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման,

2021-ին Իշխանասարում,

2022-ին Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում,

2023-ին Արցախում

զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան և հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները։

Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան:

Հնդկական ու ֆրանսիական զենքի մատակարարումները, զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ատեստացիան, «Պաշտպան հայրենյացը», վարժական հավաքները որպես այդպիսին, իրենք իրենցով, կոնտեքստից ու ժամկետներից դուրս բացարձակապես գերազանց են ու անվերապահորեն շլացուցիչ։

Իսկ կոնտեքստի ու ժամկետների մե՞ջ։

Որքանո՞վ է այդ ամենը լուծում վաղը կամ գուցե կես ժամից երկու ճակատով ներխուժման խնդիրը։

Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր հնարավոր 92-94 թվականներին երկու տարվա մեջ պատերազմին զուգահեռ ոչ մի բանից բանակ ստանալ։

Ինչո՞ւ սա հնարավոր չէր հիմա՝ վերջին երեք տարիներին։ Մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ լավ ծեծ կերած էինք, բայց այնպես էլ չէր, որ բացարձակ 0 էինք, ինչպես 91-92-ին։

Վերացականանք աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Խոսքը զուտ բանակաշինության ու ավելի լայն իմաստով պետականաշինության տեմպերի ու, որ ամենակարևորն է, փիլիսոփայության մասին է։

Հռչակագիրը, 3-րդ հանրապետությունը, օրհներգը, պատմական արդարությունը, զինանշանը ու մեր հաղորդման ժամանակ կասկածի տակ առնված այլ բաները մեղավոր չեն, որ մենք չենք կարող լինել սովորական երկիր, իսկ մեր իշխանությունը սովորական երկրի իշխանություն է, ու գուցե նույնիսկ հաջողեր Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայի երկրներից որևէ մեկում, որի գոյության իրավունքը որևէ մեկի կողմից երբեք չի վիճարկվել ու հիմա էլ չի վիճարկվում։

Մեր դեպքն այլ է, ու մեր զինանշանը, օրհներգը, հռչակագիրը․․․ մեր ինքնությունը կրում են այդ այլությունը և ձևակերպում այլևս երբեք ցեղասպանված չլինելու մեր միակ պետական նպատակը։ Մնացածն ածանցյալ է, ու պետք չէ պատճառներն ու հետևանքները տեղերով փոխել։

Հայաստանը չի կարող լինել սովորական երկիր, որի հերոսը լինելու համար հերիք է բարեխիղճ հարկատու լինել։

Դանիել Լեմկինը՝ «ցեղասպանություն» բառի հեղինակը, իր առաջարկած եզրույթը հետևյալ կերպ է սահմանում․ «Ցեղասպանությունը տարաբնույթ գործողությունների ներդաշնակված ծրագիր է՝ ուղղված ազգային խմբերի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքերի ոչնչացմանը և այդ խմբերի ոչնչացմանը որպես այդպիսին»։

Արդյո՞ք հայ անունը կրող ազգային խմբի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքեր չեն Հռչակագրի, Զինանշանի, Օրհներգի խորհուրդներն ու պատմական արդարության զգացողությունը։

Բայց այդ հիմքերով, թե առանց դրանց, մեր հետևից, միևնույն է, գալու են։ Ինչպես նացիստները եկան անգամ հավատափոխ հրեաների հետևից։ Այնպես որ, բնավ ավելորդ չէր լինի վերջին երեք տարում գոնե վառոդ արտադրել սովորել։

Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հաղորդման համար, որն անկասկած պիտի ավելի որակյալ լիներ։ Կջանանք դառնալ ավելի լավը։

Հարգանքով՝
Գարեգին Խումարյան
Գործադիր տնօրեն
Հայաստանի հանրային ռադիո

դիտվել է 688 անգամ
Լրահոս
Այո, նման հնարավորություն կա. սահմանադրագետը` Բագրատ Սրբազանի վարչապետի թեկնածու լինելու մասին Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է Ողբերգության մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի փայ․ Գառնիկ Դանիելյան (video) Սրբազանի շախն ու Նիկոլի ցայտնոտը․ Սուրեն Սուրենյանց (video) Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան Հայկ Մարությանը շարունակում է Նիկոլի թիմակից մնալ Հայտնի փաստաբանները միացել են փաստաբանների գործադուլին Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան Անձրև, ամպրոպ ու կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից «Ճանաչում եմ քեզ՝ անդրանիկ որդի սատանայի»․ Բագրատ Սրբազանը հատուկ խոսքերով դիմեց իշխանությանը (video) Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 3 ՇՏԱՊ․ Կիրանցը կիսում են․ մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի․ ընդդիմադիր (video) Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 2 Time «Список потенциальных подозреваемых в загадочной смерти президента Ирана Раиси». Часть 1 Bloomberg анализирует возможные последствия гибели президента Ирана Բագրատ սրբազանի շունը՝ Ոսկին՝ Կիրանցի ճանապարհին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am