Պատժամիջոցներ` ընդդեմ Բաքվի, Պուտինը ԱԽ մշտական անդամներին է կանչել, Հունգարիան արգելափակել է ԵՄ 27 երկրների հայտարարությունը

ՌԴ նախագահ ՎՊուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամներին հավաքել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է անցկացրել անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Օրակարգում հարևանների և գործընկերների հետ հարաբերությունների, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության խնդիրներն են: «Մենք այսօր ձեզ հետ կխոսենք մեր ամենամոտ հարևանների և գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հետ կապված իրավիճակի մասին։ Ունենք մեծ ծավալի աշխատանք, կան բազմաթիվ բաղադրիչներ՝ տնտեսություն, հումանիտար համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն»,- ըստ «Ազատության», ասել է նախագահը, բացելով հանդիպումը:

«Սկսենք անվտանգության հարցերից»,- հավելել է Պուտինը և խոսքը փոխանցել է անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին։ Քննարկումներին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի և պաշտպանության նախարարներ Վլադիմիր Կոլոկոլցևը և Սերգեյ Շոյգուն, արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և բնապահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկեցին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը: Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Էկվադորի, Ալբանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներն, ինչպես նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչը:

Գրեթե բոլոր բանախոսները դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը և կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը: Նրանք ի գիտություն ընդունեցին հրադադարի մասին հաղորդագրությունը և ընդհանուր առմամբ ողջունեցին Եվլախում Ադրբեջանի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների առաջին հանդիպման փաստը: Բոլոր բանախոսներն ընդգծեցին Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները՝ ներառյալ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի ներկայացուցիչ, ՄԱԿ-ում փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին պատմեց ռուս խաղաղապահների ծառայության մասին, նշելով, որ նրանց շարքերում կան զոհեր, իսկ խոսելով հարցի քաղաքական կողմի մասին, հիշեցրեց, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշեց, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելն է: Նա ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ կանանց և տղամարդկանց, տարեցների, կանանց և երեխաների ծանրագույն կացությունը: Նրա փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային համայնքը ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը սպառնացող ողբերգությունը կանխելու համար, թեպետ Հայաստանը բազմիցս ահազանգել է այդ մասին: Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումներ չի ունեցել:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերքեց հայ պաշտոնակցի և մյուս բանախոսների կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները և պնդեց, թե Հայաստանն է խոչընդոտում խաղաղության գործընթացը: Նա նաև հիշեցրեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարությունում նշվում է «Ադրբեջանից հայկական ստորաբաժանումները դուրս բերելու» դրույթը, ինչը և, ըստ Բայրամովի, ապացուցում է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում 44-օրյա պատերազմից հետո մնացել են հայ զինծառայողներ»:
Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարն անվերապահորեն սատարեց Բայրամովին, խոսեց «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհրաժեշտության մասին, ասաց, թե Ադրբեջանը պարտադրված էր «հակահաբեկչական օպերացիա» անցկացնել, և ավելացրեց, թե հիմա վերստին ստեղծվել է խաղաղություն հաստատելու հնարավորություն, որը Հայաստանը չպետք է բաց թողնի:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր համերաշխությունը հայտնեց արցախահայերին, կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, հարգել արցախահայության իրավունքները: Նա ասաց, որ անհրաժեշտ է վերականգնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ավարտին որևէ հայտարարություն կամ բանաձև չընդունվեց:

Խաղաղ բնակչության բռնի տեղահանումը խիստ արձագանքի կարժանանա ԵՄ կողմից

Ադրբեջանի պատասխանատվությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում առանց վախի և խտրականության ապրելու իրավունքը, խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ ճանապարհով խիստ արձագանքի կարժանանա Եվրամիության կողմից, հայտարարել է Միության արտգործնախարար Ժոզեպ Բորելը։ Տարածած հայտարարությունում բարձր ներկայացուցիչը շեշտում է, որ Եվրամիությունը պատրաստ է «համապատասխան գործողություններ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»։

Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և հրադադարի պահպանման հույս հայտնել, կոչ արել Բաքվին ու Ղարաբաղի հայերին անհապաղ ու թափանցիկ բանակցություններ սկսել: «Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին հումանիտար հասանելիություն տրամադրել, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումների։ Մարդասիրական կազմակերպությունները պետք է կարողանան ազատորեն գործել և Եվրամիությունն ու անդամ երկրները պատրաստ են հումանիտար աջակցություն տրամադրել», - նաև նշված է հայտարարությունում։

Հայտարարությունում նաև ասվում է, որ Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը և Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. - «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրված Հայաստանի իշխանություններին, կայունությանը, անվտանգությանը և ժողովրդավարական բարեփոխումներին»։
Աջակցություն հայտնելով Եվրոպական խորհրդի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ բարձր ներկայացուցիչը դրանք վերսկսելու կոչ է անում։

Հունգարիան արգելափակել է ԼՂ-ի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը

Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն: Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։ Նա նշել է, որ տեղեկությունը ստացել է եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից։

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, Հայաստանին և Արցախին օգնության օրինագիծ ԱՄՆ Սենատում

Ամերիկացի սենատորները օրինագիծ են ներկայացրել, որը պատժամիջոցներ է առաջարկում Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ինչպես նաև օգնություն Հայաստանին և Արցախին: Այս մասին հայտնում է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է տարածված փաստաթղթում, «Աջակցելով հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» վերնագրված օրինագծով «հումանիտար օգնություն կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի հայերին և թույլ չի տրվի անվտանգության ոլորտում լրացուցիչ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը»։

Ըստ «Ազատության», Նախաձեռնությունը Վաշինգտոնի վարչակազմին թույլ է տալիս Հայաստանին ներառել օտարերկրյա պետություններին ֆինանսական ռազմական օգնություն տրամադրելու ծրագրում, «մշակում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ծրագիր և պատժամիջոցներ է սահմանում» Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրանց գործողությունների համար։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5301 անգամ
Լրահոս
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրաստիճան սպայական կազմը հարցազրույցներ են տալիս աջ ու ձախ և պնդում, որ պատերազմի դեպքում հաշված րոպեներում կարող են կտրել ցամաքային կապը ՀՀ-ի և աշխարհի միջև․ Կարեն Հովհաննիսյան Պարո՛ն Ղազարյան, Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, ափսոս եք, հրաժարակա՛ն տվեք․ Աղվան Վարդանյանը՝ ՆԳ նախարարին Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ․ հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ Սրբազան Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և փորձել մտցնել ինքնաթիռ․ Լեո Նիկոլյան Այս պահին առանցքային հարցն այն է, թե ով կկարողանա հաջորդիվ ղեկավարել Հայաստանը և ինչ ծրագիր կիրականացնի. Սերգեյ Բելոկոնյով․Tert.am Աբովյան քաղաքում, բանկի մասնաճյուղում, ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49–ամյա տղամարդը կալանավորվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը Լոռու մարզպետարանը կեղծ է որակում իր իսկ տարածած հայտարարությունը՞ Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր Վեհափառը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասնակիցների հետ անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած խնդիրներին Շակալի պես պատգամավորի վրա հարձակվելու պարգևատրումը ինչքա՞ն է․ դրամո՞վ եք պարգևատրում, թե՞ մանաթով․ Թադևոս Ավետիսյան Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կմ ընդհանուր երկայնքով Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը մեկնել է Թուրքիա Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին Դուք էլ որպես ինչ եք բուտաֆորիայի պես ծանրացել մեր վզին՞ Նմաններին պաշտոն է տվել, որ տարածքները բանտիկով հանձնի Ադրբեջանին Էս թարգմանեք ադրբեջաներեն ու տարածեք նախկին հայկական պետական լրատվամիջոցներով Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին․ Հայտարարություն Սյունյաց թեմից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am