Փաշինյանի «կարմիր գծերը»` Արցախի ոչնչացման գրավական

Փաշինյանի հին երգը` «բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է»

Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը Երևանի կարմիր գծերն են Բաքվի հետ բանակցություններում, «Ֆրանս-պրես» գործակալության հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Մեր դիրքորոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցող երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում, մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն», - նշել է նա՝ շարունակելով. - «Բայց հաշվի առնելով ուժերի անհամաչափությունը՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ-դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կամ մոռացության մատնել այդ օրակարգը, կամ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում, և սա պատճառը, որ մեր ընկալմամբ՝ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկան, ներկան կլինի միջազգային հանրությունը»։

Փաշինյանը կրկին ահազանգել է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, որն օրըստօրե խորանում է։ Լրագրողը հետաքրքրվել է՝ հավատո՞ւմ է Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը։ «Եթե չհավատայի, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա, բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում եմ, որ մենք արդյունքի կհասնենք, որովհետև հասկանալիորեն ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից», - պատասխանել է նա, նշելով, որ դեր են խաղում նաև միջազգային իրադրությունը, մարդկային գործոնները, հումանիտար իրադրությունը, քաղաքական իրավիճակը։

Ըստ նրա՝ բանակցությունների առաջընթացին խանգարում է Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը հայերի և ամեն հայկականի նկատմամբ, ատելության գործողությունները և վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության ու ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտումների քաղաքականությունը։ Միաժամանակ, Երևանում համոզված են, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է. - «Բայց եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, այդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն», - հավելեց նա։

«Քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, պատերազմն, իհարկե, շատ հավանական է»

Այս ամենով հանդերձ, Փաշինյանը «ոչինչ» չի երաշխավորում` նա կրկին նշել է, պատերազմը «շատ հավանական» է: Մնում է հասկանալ, եթե բանակցություններում առաջընթաց չկա` Բաքվի դիրքորոշման պատճառով, խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ` Փաշինյանը խաղաղություն ինչպե՞ս է երաշխավորելու:

«Ընդհանրապես քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից՝ պատերազմն, իհարկե, շատ հավանական է։ Եվ ընդհանրապես ցանկացած տեղում, երկրագնդի վրա, որտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, որը լուծված չէ պայմանագրով, այսինքն հասցեագրված չէ, ցանկացած տեղում, ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, սա պետք է արձանագրել», - ասել է վարչապետ Փաշինյանը։ Նրա փոխանցմամբ՝ ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։

«Ինչպես Արևմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ»

«Հասկանալի է, որ Ռուսաստանը չի բավարարել Հայաստանի սպասելիքները պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ինչպե՞ս եք Դուք արդարացնում Ռուսաստանի հետ սերտ կապերը կամ վստահությունը», հարցրել է լրագրողը Փաշինյանին։
Արձագանքելով նա հռետորական հարց է հնչեցրել, թե նույն հարցը կարելի է տալ ցանկացած երկրի մասին՝ ինչպե՞ս եք Դուք արդարացնում որևէ ուրիշ երկրի հետ լավ հարաբերություններն այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում խախտվում են մարդու իրավունքները, հումանիտար ճգնաժամ է, էթնիկ զտումներ են նախապատրաստվում, իսկ այդ երկրները պատշաճ ռեակցիա չեն տալիս։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ երկրները, որոնց հետ նույնիսկ լավ հարաբերություններ ունեն՝ մաքսիմալը չեն անում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հաղթահարվի՝ ամենատարբեր պատճառներով։ «Մեկը գազ է գնում, մյուսը նավթ է գնում, երրորդն իր բանկային համակարգի մասին է մտածում, չորրորդն այլ խնդիրներ ունի, բայց որ մյուս կողմից էլ ասես ոչինչ չեն անում՝ այդ էլ ճիշտ չէ», - հավելել է նա:

Այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում, ընդգծել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Ռուսաստանում էլ մեզ ասում են՝ ի՞նչով եք արդարացնում ձեր լավ հարաբերություններն Արևմուտքի հետ, ա՞յդ է ձեր ակնկալիքն իրենցից, որ մի կիսագոլ հայտարարություն անեն, թե Լաչինի միջանցքը պետք է բացվի։

Ռուսաստանը մեզ էլ ասում է՝ ա՞յդ է ձեր ակնկալիքն Արևմուտքից, որ այդքան սերտ հարաբերություններ եք հաստատում Եվրամիության հետ, մյուս գործընկերների հետ, ձեր ակնկալիքն ա՞յդ էր, որ ենթադրենք շաբաթը մի անգամ կասեն՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, շնորհակալություն, ցտեսություն: Ինչպես Արևմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ, ինչպես Արևմուտքի որոշ շրջանակների տրամաբանությամբ են մեր հարաբերությունները չարդարացված Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանն իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում և ոչ բոլոր ակնկալիքներն է մեր բավարարում, նույնն էլ Ռուսաստանը մեզ ասում է Արևմուտքի մասին»:

Ահա, այսպես Փաշինյանը նշեց Բաքվի հետ բանակցություններում Երևանի կարմիր գծերը, դա Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, ինքնիշխանությունն ու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը։ Փաշինյանը անորոշ նկարագրում, թե ինչ է պատկերացնում Երևանն արցախահայության իրավունքներ ու անվտանգություն ասելով։ Բայց այստեղ էլ ոչինչ պարզ չէ:

«Հիմա մնում է, որ Հայաստանն անի վերջին քայլը՝ ստորագրի այն, ինչ արդեն բանավոր է ասել»

Փաշինյանը ընդհանրական, անորոշ ձևակերպումներ է ինչ-որ իրավունքների ամրագրում է ակնկալում Արցախի համար, իսկ Ալիևը շարունակում է սպառնալ, Հայաստանից ստորագրություն պահանջել...

Շուշիում, ինչպես հայտնի է, օրերս գումարվել էր «Նոր մեդիան արդյունաբերական չորրորդ հեղափոխության դարաշրջանում» նշանաբանով միջազգային ֆորումը, որին մասնակցում էին 49 երկրներից ժամանած 150 ներկայացուցիչներ։ Նրանց թվում էին 34 երկրների պետական լրատվական գործակալություններ, 12 միջազգային կազմակերպությունների և մեդիաընկերությունների պատվիրակներ:

Իր խոսքում Ալիևն ասել է, թե այսօր առաջնայինը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է: Նա այդ գործում մեծ դեր է հատկացրել Թուրքիային, ապա խոսել է 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան զարգացումների մասին: Նրա խոսքով, համաժողովը Շուշիում է գումարվում այն պատճառով, որ «քաղաքը ոչ միայն Ադրբեջանի մեծ հաղթանակի, այլև վերականգնման և զարգացման խորհրդանիշ է»:

Ալիևի փոխանցմամբ, «հաղթանակից հետո Ադրբեջանը գիտակցել է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և արմատական բարեփոխումներ է կատարել բանակում, քանի որ այսօր ուժն է որոշում ամեն ինչ»: «Այսօր մեր բանակն ավելի հզոր է, քան 3 տարի առաջ»,- հավաստիացրել է նա՝ հավելելով, թե «այսօր էլ Հայաստանի հասարակության և իշխանության շրջանում կան ռևանշիստական երազանքներով ապրող մարդիկ»: Բայց, ըստ Ադրբեջանի ղեկավարի, աստիճանաբար խոսույթը փոխվում է: Միջազգային կառույցները, բանակցային գործընթացում ընդգրկված կողմերն, ինչպես նաև հենց Հայաստանն առերեսվում են իրականության հետ, ասել է նա. - «Հետզհետե ավելի հստակ է ասվում, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Եթե դա արվեր օկուպացիայի տարիներին, գուցեև երկրորդ ղարաբաղյան պատերազմը չլիներ»:

Նա վերստին քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, նշելով, որ 29 տարվա ընթացքում միջնորդները ոչ մի արդյունք չեն գրանցել:

Ալիևի խոսքով, Ադրբեջանին հորդորում էին մերվել, սկսել Հայաստանի հետ համագործակցությունը և լուծումը թողնել ապագա սերունդներին: Դա, ինչպես նա ասել է, «ըմբռնել են Բաքվում և մերժել»: «Մենք հասկացանք, որ նրանց նպատակն է սառեցնել կոնֆլիկտը և գրավումը դարձնել անվերջ», - ասել է Ալիևը: Նրա փոխանցմամբ, այս պահին բանակցային գործընթացը շարունակվում է երեք ուղղություններով՝ Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդությամբ: «Հիմա մնում է, որ Հայաստանն անի վերջին քայլը՝ ստորագրի այն, ինչ արդեն բանավոր է ասել: Եթե Հայաստանը դա ընդունի և ամբողջությամբ հրաժարվի Ադրբեջանի տարածքի հանդեպ որևէ տեսակի ոտնձգությունից, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կլինի մինչև այս տարեվերջ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Իսկ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե ստորագրումը ձախողվի: Ըստ Ալիևի, այդ դեպքում խաղաղություն չի լինի: «Դա տարածաշրջանի համար լավագույն սցենարը չէ, կայունություն և անվտանգություն չի տա և բարդություններ կառաջացնի ապագայում»,- ասել է նա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 848 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am