Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել
Ոստիկանական ուժերը Կիրանցը շրջափակման մեջ են վերցրել ու արգելում ՀՀ քաղաքացիների մուտքը, քաննի որ գյուղի կեսը, այդ թվում միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է Ադրբեջանին ու հիմա արագացված ձեւով փորձում են շրջանցիկ կամուրջ կառուցել միջպետական ճանապարհի համար։
Փակ են Կիրանց մտնող բոլոր ճանապարհները, այդ թվում՝ Սարիգյուղից եւ Ոսկեպարից։
Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ եւս երեք սյուն է տեղադրվել։
«Այնտեղ մի տեղ կա՝ գյուղ մտնելու շրջանցիկ հատվածից հետո, մեկի հողամասի մեջ բերել սյուն են դրել։ Մեկն էլ կամրջի վերևից են դրել, մեկն էլ ֆերմայի ուղղությամբ։Այդ հողամասի մեջ դրած սյան տեղանքի մասին վարչապետը Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանն ասել էր, որ մի քիչ շեղումներ կարող են լինել, արբանյակային քարտեզի վրա էր ցույց տվել , հիմա արդեն հասկացանք, որ ինչ շեղում էլ լինում է՝ ի վնաս մեզ է լինում։
Այդ մարդու ասած շեղումները միայն ի վնաս Հայաստանի են լինում»,- ասել է Նազարյանն ու ավելացրել, որ ի սկզբանե ցույց էր դրվել, որ սյունը լինելու է ճանապարհի բերանին , հիմա դրել են հողամասի մեջ, որը հսկում են 7-8 հոգով, կարծես այն գողանանալու են։
Բաղանիս համայնքի բնակիչ, Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում, նոր շրջանցիկ կամուրջ են կառուցում՝ միջպետական ճանապարհին միանելու համար։ Պարզվում է՝ Ադրբեջանին հանձնվող կամուրջը միջպետական ճանապարհի մաս է կազմում։
«Մեր գյուղացի մի տղա էլ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ գիշերը խարույկի մոտ է եղել , ինձ պատմեց, որ Կիրանցի բնակչները իջել են խարույկի մոտ ետ գնացել, բայց անօգնական վիճակում են, ի՞նչ անեն, հեռտևում են, թե ինչպես են հանձնում իրենց գյուղի մի մեծ հատված», ասաց Նարեկ Սահակյանը։