Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը
Կիրանցի բնակիչները Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է գյուղի բնակիչներից մեկը։
«Մարզպետն ասեց` ոչ մի բան չի փոխվելու, սահմանազատվելու է,– ասաց հանդիպմանը մասնակցած կիրանցեցին և ավելացրեց,– այսինքն` ճանապարհը, 2 տունը, հողատարածքները, անցած տարի 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը անցնում են Ադրբեջանին»։
Նրա խոսքով` մարզպետը փորձել է գյուղացիներին հանգստացնել, ասել է` պատ կկառուցենք, փոխհատուցում կտանք։ Բայց կիրանցեցին հիշում է Սյունիքի Շուռնուխի պատմությունը, երբ արդեն 4 տարի է` մարդիկ դեռ տուն չունեն։
Գյուղացիները թևաթափ են եղել, հասկացել են, որ եթե ճանապարհը չբացեն, կարմիրբերետավորներ են բերելու։
Ոստիկաններն էլ բացել են դեպի գյուղ տանող ճանապարհը։