Տավուշի մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են ճանապարհը. բնակիչ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Ոստիկաններն էլ բացել են Սարիգյուղի հատվածում տեղադրված անցակետը: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը:
Նրա խոսքով, գյուղացիները մտադիր են կրկին փակել ճանապարհը, սակայն այս պահին ճանապարհը բաց է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կիրանցեցիների հետ փակ հանդիպման ժամանակ նրանց ասել է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կասեցնել հնարավոր չէ: Նա առաջարկել է գյուղացիներին՝ տալ իրենց համաձայնությունը ՝նոր ճանապարհի կառուցման համար:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ից կիրանցեցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում էին երկու օր առաջ հրապարակված սահմանազատման արդյունքներից:
Հիշեցնենք, որ Սարիգյուղի հատվածում անցակետ էր տեղադրվել. ոստիկանները Կիրանց մտնել թույլ էին տալիս միայն գյուղի բնակիչներին:
Նշենք, որ մամուլի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել էին գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։
Մայիսի 16-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։