ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 26-ին Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու, նրան ապօրինի կերպով բերման ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել անձեռնմխելիություն ունեցող պատգամավորին՝ բռնություն գործադրելով նրա նկատմամբ։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել։
« Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր և չէր ներկայացել։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես ․․․․ բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Խաչատրյանը։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակառուպցիոն կոմիտե։ Այս կառույցից էլ նշեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Թե ինչ հատկանիշներով է վարույթը նախաձեռնվել՝ կառույցից չմանրամասնեցին։