Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Մայր Աթոռ

Մայիսի 9-ին` Հաղթանակի ու խաղաղության տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որի ընթացքում հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սուրբ Պատարագի ընթացքում Հայոց Հովվապետի նախագահությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

Արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, ներկա հավատացյալ ժողովրդին ու համայն հայությանն ուղղեց իր պատգամը․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց,

Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի:

Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:

Ցավալի կորուստների և դառն պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը:

Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի։

Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն»։

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Եկեղեցականներն ու ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության ու հանգստության համար»:

դիտվել է 847 անգամ
Լրահոս
Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում «Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարևորը». Էդուարդ Շարմազանով Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին Ահազանգ Գեղարքունիքից. մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում․ Բագրատ Սրբազան Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին «Այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ տանելով իր բոլոր գոյանքները»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հեռացումը հրատապ խնդիր է ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am