Մոսկվայի ու Բրյուսելի կռիվը ՀՀ տարածքում

Եվրամիության առաքելության գլխավոր նպատակը Հայաստանի սահմաններին գտնվելով համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Երևանում գտնվող Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։

«Այս առաքելությանը սկիզբ դրվեց Պրահայի գագաթնաժողովից հետո, երբ Ֆրանսիան, Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի առջև հանձն առան ԵՄ առաքելություն տեղակայել: Առաքելությունը հնարավորինս արագ՝ մի քանի օրից, մի քանի շաբաթից կհասնի 100 հոգու, այս պահին այստեղ են 50 դիտորդներ։

Սա քաղաքացիական առաքելություն է, ինչը նշանակում է, որ դիտորդները զինված չեն, նրանց նպատակը պարեկություն կատարելն է, համոզվելը, հաստատելը, որ չլինեն ներխուժումներ Հայաստանի տարածք, փոխհրաձգություն, բռնությունների վերսկսում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ սահմանի երկայնքով։ Այս պարտավորությունը, իմ կարծիքով, շատ կարևոր է, շատ գնահատելի է Եվրամիության կողմից, որի հիմնական նպատակն է վստահություն ներշնչել տեղի բնակչությանը», - ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Եվրամիության դիտորդները Հայաստան են ժամանել երեկ, նրանց օպերատիվ շտաբը գործելու է Եղեգնաձորում։

Առաքելության ժամանմանը բացասաբար է արձագանքել Մոսկվան՝ պնդելով, որ նրանց նպատակը միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է և ոչ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Անցյալ տարի Պրահայում եվրոպական նախորդ, կարճաժամկետ առաքելությանը հավանություն տված Բաքուն իր հերթին դեմ է արտահայտվել նոր դիտորդներին, անգամ պնդել է, թե «եվրոպացիներն իրենց խաբել են»:

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հիշեցրեց, որ խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը զեկույցով պահանջել է Ադրբեջանից դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից ու վերադառնալ նախկին դիրքեր։ «Հաճախ ենք լսել, որ Ադրբեջանը պահանջում էր հարգել իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը ևս տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունք ունի, և սա քննարկման ենթակա չէ», - հավելեց նա։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կարծիքով՝ սահմանների մշտադիտարկման համար խոչընդոտ չէ, որ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական դելիմիտացիա. «Մենք բոլորս գիտենք, որ կողմերի միջև վերջնական ու ճշգրիտ սահմանազատում չկա, ու դա խաղաղության հաստատման պայմաններից մեկն է»: «Ցանկալի է, որ այդ հանձնաժողովի աշխատանքը առաջընթաց ունենա, դրանով հանդերձ ոչ ոք չի կարող ժխտել, որ սեպտեմբերին կատարվածը ներխուժում էր և հարվածներ էին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Գյուղերը, որոնք թիրախավորվել են, հայաբնակ, Հայաստան պետության կողմից կառավարվող բնակավայրեր են, հետևաբար Հայաստանն է, որ թիրախավորվել է», - նկատեց պատգամավորը:

Նատալի Լուազոն Հայաստան է եկել Հավրի քաղաքապետ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի պատվիրակության կազմում։ Ֆրանսիական պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ «ի նշան հայ ժողովրդի հետ բարեկամության և համերաշխության», այցելել են Գորիս, հանդիպել նաև Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով տուժած բնակչությանը, նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը։

Երեկ Մոսկվան կրկին դժգոհեց ԵՄ դիտորդների տեղակայման փաստից...

Հայաստան Եվրամիության հարյուր դիտորդների տեղակայումից ժամեր անց պաշտոնական Մոսկվան կրկին հայտարարեց՝ քաղաքացիական առաքելության ներկայության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ և ոչ իրական հետաքրքրություն՝ կարգավորելու հարաբերությունները Հարավային Կովկասում։

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ձգտումը ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և թուլացնելու նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավոր: Բաքվի հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականները այս նախաձեռնության մասին անտարբերության են մատնվում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ համոզված են՝ տարածաշրջանում անվտանգության հիմանական գործոնները մնում են 3 երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Պաշտոնական Երևանն արձագանքեց Զախարովայի հայտարարությանը։
Հայաստանի ԱԳՆ խոսնակն «Ազատությանն» ասել է, որ Եվրամիության մշտադիտարկման առաքելության վերաբերյալ հայկական կողմը իր դիրքորոշումը հանրայնորեն արդեն արտահայտել է»։

Ի դեպ, երեկ ԵՄ կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ.Յու. Գալուզինի հեռախոսազրույցը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահ, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տ. Կլաարի հետ:

Այս մասին հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ-ն։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման քննարկելիս Միխայիլ Գալուզինը նշել է, որ Բրյուսելի որոշումը՝ Հայաստանում տեղակայել, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությունը, ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը»,- ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1801 անգամ
Լրահոս
Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան Լոռու մարզի բնակիչներն անհանգստացած են, անձրևները շարունակվում են, գետը կրկին բարձրանում է Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ․ առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է Գյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին 44-օրյային ԱԻՆ փոխնախարար ոմն Արմեն Փամբուխչյանը պատասխան կտա ԱԻՆ-ի քայլերի համար. Հոխիկյանը՝ փոխքաղաքապետին Ամեն օր սարսափում եմ, որ մեր կյանքը վստահված է այս մարդկանց. Բագրատ Սրբազան Վաղը` ժամը 15:00-ին, շատ մեծ թվերով պետք է հավաքվենք Բաղրամյան պողոտայում, անելիք ունենք. Բագրատ Սրբազան Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է․ Արսեն Բաբայան Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատմական հնարավորություն ունեն. Գերմանիայի ԱԳ նախարար Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «Այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Պետության կառավարման առաքելությունը լկտիnւթյան հետ խառնելը ձեզ չի ազատում քաղաքական, մարդկային ու հոգևոր պատասխանատվությունից. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին Ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը «Մեր պատասխանը Քերզոնին», քավոր մարզպետի «հզոր» աջակցությունը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Առևտրական, վարսավիր, փոքր բիզնես ունեցող սիրելի քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես. 168.am Արցախի դրոշը հեռացնողը վաղը Հայաստանի դրոշն էլ կհեռացնի ու տեղը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները կծածանի... Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները Ահազանգ․ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է Ավելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել 4 արևմտամետ կուսակցություն դիմել են Փաշինյանին՝ ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն, ինչ է ուզում ՀՀ կառավարությունը․ Արևմուտքի, ՌԴ-ի, Իրանի միջև կոշտ պայքար է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am