Նիկոլ Փաշինյանը նորօրյա «մեկնիչ»

2024թ. ապրիլի 10-ին՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «…Միջազգային հանրությունը ասել ա… Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը պետք ա պաշտպանվի և Լեռնային Ղարաբաղը պետք ա Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ: Հասկանո՞ւմ եք, էսա ամբողջ պրոբլեմը: …նրանք, ովքեր ստեղծել են «ինքնորոշում» բառը և եզրույթը, ասում են հարգելի հայաստանցիներ… այո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու հետ: Մենք սրա հետ չենք առերեսվել: …Եվ գիտե՞ք ինչի ա Լեռնային Ղարաբաղը հայաթափվել, որովհետև մենք բոլորս չենք առերեսվել էս պարզ իրողության հետ: …որովհետև դա նշանակում էր, որ Ադրբեջանի կազմում պետք ա լինի Լեռնային Ղարաբաղ ինքնավար կարգավիճակով, որտեղ կառավարումը պետք ա իրականացնեն երկու սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: …սա յա էղել էն բանակցային կետը, անշրջելի ժառանգությունը բանակցային, որը ես ստացել եմ ժառանգություն 2018 թվականին:»:
Մեջբերումից պարզվում է, որ՝ ըստ Նիկոլ Փաշինանի՝
• ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում միջազգային հանրությունը «ինքնորոշում» ասելով նկատի է ունեցել և նկատի ունի ինքնավար Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում:
• ինքը 2018 թվականին ստացել է ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ժառանգություն, որով բացառվել է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը:
Հիմնվելով հարցին վերաբերելի միջազգային իրավական ակտերի, ինչպես նաև ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթղթերի վրա՝ ներկայացնենք, թե միջազգային իրավունքում ի՞նչ է նշանակում «ինքնորոշում» հասկացությունը, ի՞նչ իմաստ և բովանդակություն ունի այն, ինչպես նաև փորձենք հասկանալ՝ արդյո՞ք ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող փաստաթղթերով բացառվում էր Ադրբեջանի կազմից դուրս Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման հնարավորությունը:
Համաձայն 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի 1-ին հոդվածների՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։»:
1970թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագիր, որտեղ նույնպես պարզաբանված է «ինքնորոշում» հասկացությունը:
Այսպես. «ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի ուժով բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ազատորեն, առանց արտաքին միջամտության, որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինելու իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը, և յուրաքանչյուր Պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը՝ (ՄԱԿ-ի – Ս. Հ.-Ջ.) Կանոնադրության դրույթներին համապատասխան:… Անկախ և ինքնիշխան Պետության ստեղծումը, անկախ Պետության հետ միացումը կամ միավորումը, կամ որևէ այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը, որը ազատորեն որոշվել է ժողովրդի կողմից, հանդիսանում են տվյալ ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ձևեր»:
«Ինքնորոշում» հասկացությունը պարզաբանված է նաև միջազգային իրավունքի սկզբունքներին վերաբերող միջազգային իրավական այնպիսի հիմնարար ակտերից մեկում, ինչպիսին Հելսինկյան եզրափակիչ ակտն է:
1975թ. օգոտոսի 1-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ստորագրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից ութերորդ սկզբունքի համաձայն՝ «Ժողովուրդների իրավահավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն, երբ և ինչպես ցանկանում են, լիակատար ազատության մեջ, առանց արտաքին միջամտության որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը, ինչպես իրենք ցանկանում են:»:
«Ինքնորոշում» հասկացության բովանդակությունը ներկայացված է նաև միջազգային իրավական ևս մեկ առանցքային ակտում: 2007թ. հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագիր: Ըստ այդ փաստաթղթի 3-րդ հոդվածի՝ «Բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն իրականացնում են իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը։»:
Այսպիսով, «ինքնորոշում» հասկացության պարզաբանմանը վերաբերող միջազգային իրավական բոլոր հիշատակված ակտերն անառարկելիորեն վկայում են այն մասին, որ ինքնորոշումն իր քաղաքական կարգավիճակն ինքնուրույն, առանց արտաքին միջամտության որոշելու և իր տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացմանը ազատորեն հետամուտ լինելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է: Եվ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը:
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում միջազգային հանրությունը «ինքնորոշում» ասելով նկատի է ունեցել և նկատի ունի ինքնավար Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, հակասում է «ինքնորոշում» հասկացությունը սահմանող, կամ պարզաբանող միջազգային իրավական ակտերի դրույթներին:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանն, ըստ որի՝ ինքը 2018 թվականին ստացել է ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ժառանգություն, որով բացառվել է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը, ապա այս առնչությամբ էլ հարկ է նշել հետևյալը:
2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին է հանձնվել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին փոխանցելու համար: Փաստաթուղթն առավել հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով:
Չհանդիսանալով «Մադրիդյան սկզբունքներ»-ի պաշտպանը՝ այդուհանդերձ անհրաժեշտ եմ համարում նշել, որ համաձայն հիշյալ փաստաթղթի առաջին սկզբունքի՝ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում,… ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:»:
Մեջբերումից պարզվում է, որ անորոշ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի ընթացքում քվեաթերթիկում կարող է ձևակերպված լինել նաև նախկին ԼՂԻՄ-ին անկախ կարգավիճակի հնարավորություն տվող հարցադրում: Եվ եթե 1988թ. ազգային համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը, այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը, մասնակցեին նշված հանրաքվեին և մեծամասնությունը կողմ քվեարկեր նախկին ԼՂԻՄ-ի տարածքին անկախ կարգավիճակի հնարավորություն տվող հարցադրմանը, ապա նախկին ԼՂԻՄ-ի տարածքը ձեռք կբերեր անկախություն: Այսինքն՝ ինքնորոշվելով՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը կարող էր ունենալ անկախ պետության կարգավիճակ:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ համաձայն ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի տվյալների՝ 1989թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂԻՄ-ի բնակչության թիվը կազմել է 189.100 մարդ, որից 145.500-ը, կամ ընդհանուր բնակչության 76.9%-ը եղել են հայեր, 40.700-ը, կամ ընդհանուր բնակչության 21.5%-ը՝ ադրբեջանցիներ, 1900-ը, կամ ընդհանուր բնակչության 1%-ը՝ ռուսներ և 1000 հոգի՝ այլ ազգի ներկայացուցիչներ, որը կազմել է ընդհանուր բնակչության 0.5%-ը:
«Մադրիդյան սկզբունքներ»-ը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության կողմերին ներկայացված առաջին առաջարկությունն է, որտեղ «ինքնորոշում» ասելով նկատի էր առնվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքի ինքնորոշում նաև Ադրբեջանի կազմից դուրս: Նախորդ բոլոր առաջարկությունների դեպքում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը համարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս:
Ամենևին էլ պատահական չէ միջնորդների մոտեցման մեջ նման արմատական փոփոխության ի հայտ գալը: Բանն այն է, որ դեռևս 2005թ. հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովն ընդունել է բանաձև ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ անուղղակիորեն խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին:
Փաստաթղթի 2-րդ կետում, մանավորապես, արձանագրված է հետևյալը. «Վեհաժողովը վերահաստատում է, որ տարածաշրջանային տարածքի անկախությունը և պետությունից անջատումը կարող է ձեռք բերվել միայն օրինական և խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա, այլ ոչ թե զինված հակամարտության հետևանքով, որը տանում է դեպի էթնիկ վտարման և նման տարածքի դե ֆակտո միացման մեկ այլ պետության։»:
Մեջբերված հատվածում առկա «…տարածքի անկախությունը և պետությունից անջատումը կարող է ձեռք բերվել միայն օրինական և խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա…» ձևակերպումն անուղղակիորեն վկայում է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության մասին:
2005թ. սեպտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած փաստաթղթում, արդեն, ուղղակիորեն վկայակոչվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փաստաթղթի 2-րդ կետում, մասնավորապես, արձանագրված է հետևյալը. «Այն գոհունակությամբ նշում է Պրահայի գործընթացի շրջանակներում այս հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ուղիղ երկխոսության շարունակությունը և միջազգային իրավունքի լիակատար հարգանքը (մասնավորապես «Հելսինկյան եզրափակիչ ակտի» (1975թ.) 4-րդ և 8-րդ սկզբունքները. պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը): Այն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը այս երկխոսության հաջողությանը և, այս առումով, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին։»:
Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին մինչ օրս հաջորդած բոլոր փաստաթղթերում, բացի 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին» հայտարարության, ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապես նշվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների համաձայն: Խոսքն, անշուշտ, վերաբերում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե ինքը 2018 թվականին ստացել է ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ժառանգություն, որով բացառվել է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը, մոլորություն է և չի համապատասխանում իրականությանը:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում քաղաքացին մնացել էր փլատակների տակ Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար. ՌԴ փոխվարչապետի խոսնակ Ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am