Պուտինը, Բատկան ու Ալիևը` Բիշքեկում. Հայաստանին լավ «գործընկեր» չեն համարում

Պուտինը` հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման մասին

Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև նախևառաջ նախարարական մակարդակով, հետագայում խաղաղության պայմանագրի մշակման համար, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Սկզբի համար, եթե պետք լինի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և փորձագետների ձևաչափով, և, իհարկե, մենք կնպաստենք որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները»,- ընդգծել է Պուտինը՝ միաժամանակ հավելել, որ ընտրությունը միշտ համապատասխան երկրինն է, իսկ Մոսկվան իր կողմից պատրաստ է «անհրաժեշտ պայմաններ ստեղծել»։

Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում, հավելել է Պուտինը, միաժամանակ հույս հայտնել, որ հաջորդ տարի, ինչպես նախատեսված է, Հայաստանը կկարողանա Գյումրիում անցկացնել ԱՊՀ սպորտային խաղերը, չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնք այժմ տեղի են ունենում տարածաշրջանում:

Բիշքեկում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հանդիպումը նախ անցկացեց նեղ կազմով՝ միայն առաջնորդների մակարդակով, ապա նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցում են Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնի։ Երեկ Բիշքեկում հանդիպեցին ԵՊՀ երկրների արտգործնախարարները։

Բատկան դժգոհ է Հայաստանից

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում, հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների հավաքի ժամանակ։ «Վրաստանն առաջինը լքեց մեր միավորումը, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը:

«ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում։ Բելառուսի առաջնորդը չի հստակեցրել, թե «հաջողությամբ լուծված» ո՞ր հակամարտությունները նկատի ունի։

Ալիևը` Բիշքեկում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը երեկ ժամանեց Ղրղըզստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում դիմավորեցին Ղրղըզստանի նախարարների կաբինետի նախագահ-նախագահի աշխատակազմի ղեկավար Աքըլբեկ Ջափարովը և պաշտոնատար այլ անձինք։

Մինչ ժամանելը Ադրբեջանի նախագահը քննադատեց Փաշինյանին, մասնավորապես շեշտելով՝ «Նիկոլ Փաշինյանը 6 ժամ անհասկանալի հանդիպման է մեկնել իսպանական Գրանադա, բայց մի քանի ժամ չի կարողացել թռչել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին»։ Ըստ Эхо Кавказа-ի՝ Իլհամ Ալիևն այս մասին ասել էր՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Ռուսական կողմը հաղորդել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Երևանը հաղորդեց, որ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող արտգործնախարարների նիստին Հայաստանը կներկայանա փոխարտգործնախարարի մակարդակով։

Ալիևը հատուկ ընդգծեց, որ ադրբեջանական կողմը «երախտագիտությամբ է ընդունում» Ռուսաստանի միջնորդությունը։ «Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից», - ասել է Ալիևը՝ շարունակելով․ - «Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանային, չէին հրաժարվի այս հնարավորությունից»։

Ալիևը նկատել է՝ «Հայաստանի վարչապետը վեց ժամ թռչել է Գրանադա, մասնակցել այնտեղ անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվել է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց 2-3 ժամ չի կարողացել թռչել Բիշքեկ, որովհետև կարևոր գործեր ունի»։ «Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք»,- ասել է Ալիևը։

Գրանադայում հոկտեմբերի 5-ին հիշեցնենք, որ տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպումն ի սկզբանե պետք է հնգակողմ լիներ՝ դրան պետք է մասնակցեր նաև Ադրբեջանի նախագահը, սակայն, Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվեց։ Բաքուն ավելի ուշ պարզաբանեց, թե այդ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությանը Ֆրանսիան և Գերմանիան դեմ էին արտահայտվել, Ալիևը նաև հայտարարել է, թե չի մասնակցել հանդիպմանը «Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշման պատճառով»։

Պուտին-Ալիև հանդիպման օրակարգում` ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի հարցը

Բիշքեկում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման առանցքում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի հարցն էր Արցախում։

«Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն մենք ունենք ևս մեկ օրակարգ, որը բավականին ընդարձակ է, առաջարկում եմ սկսենք երկրորդ մասից, ինչից հետո կմնանք դեմ առ դեմ և կխոսենք ամբողջ համալիրի մասին, ներառյալ, այսպես կոչված, զգայուն հարցերը», - ասել է Պուտինը: «Շատ ուրախալի է, որ Դուք Ղրղըզստան կատարած պետական այցի ընթացքում ժամանակ գտաք մեր այս հանդիպման համար։ Իրոք, հարցերը շատ են։ Կարծում եմ, Ձեր առաջարկը միանգամայն ողջամիտ է», - արձագանքել է Ադրբեջանի նախագահը։

Ալիև-Պուտին հանդիպումից առաջ այդ օրակարգը Ռուսաստանի նախագահի օգնականն է բացահայտել։ Երկու նախագահները կքննարկեն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ հարցեր, օրակարգում է Ղարաբաղի հայերի խաղաղ ինտեգրումը Ադրբեջանի իրավական դաշտ և միջազգայնորեն ընդունված իրավունքների ու ազատությունների պահպանումը։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը պատրաստ է դրան աջակցել։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահներն Արցախում պետք է մնան մինչև 2025 թվականը։ Մոսկվան վերջին օրերին շարունակ ընդգծում է, որ ԼՂ-ից իր բանակը հանելու մտադրություն չունի, թեև տեղում գրեթե հայ չի մնացել՝ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից հետո։ Բաքուն հրապարակավ որևէ դիրքորոշում դեռ չի հայտնել, թեև ավելի վաղ Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած աղբյուրները չէին բացառել, որ ռուսները կարող են դեռ որոշ ժամանակ մնալ Արցախում։

Բիշքեկում ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշյոտնիկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ադրբեջանի պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։

Պուտինը հույս է հայտնել ուժեղացնել ու ընդլայնել ռազմական համագործակցությունը Ղրղըզստանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում երկկողմ հանդիպումներ է անցկացնում, այդ թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ռուսաստանի նախագահը առաջինը հանդիպեց Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովին։ Նրանք միասին մասնակցել են Ղրղըզստանում ռուսական ավիաբազայի տեղակայման ու 20-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Հուսով եմ, որ Ռուսաստանի ու Ղրղըզստանի միջև ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցությունը, մեր դաշնակցային հարաբերությունները, որոնց խորհրդանիշը Կանտում ռուս զինվորականների ներկայությունն է, ապագայում ավելի կուժեղանա ու կընդլայնվի»,- ասել է Պուտինը։

Ղրղըզստանի նախագահը տեղեկացրել է, որ նախօրեին խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր Մոսկվայում։ «Համոզված եմ, որ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգը արդյունավետ գործիք է լինելու ապահովելու մեր ընդհանուր օդային տարածքը ցանկացած սպառնալիքից ու նպաստելու ռազմական համագործակցությանը»,- ասել է Ժապարովը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2870 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am